…դյանը և ուրիշներ։

19-րդ դարի կեսերից հնդկահայ համայնքները թուլանում և կորցնում են իրենց երբեմնի նշանակությունը։

 

Եգիպտոսի հայկական գաղութները

Հայերը Եգիպտոսում հաստատվել են միջին դարերում։ Միջազգային առևտրի շնորհիվ հայ համայնքներն աշխուժություն ապրեցին 18-րդ դարում։ Սակայն Եգիպտոսը, որը գտնվում էր Թուրքիայի տիրապետության ներքո, 19-րդ դար թևակոխեց թուլացած ու քայքայված։ Նույն վիճակում էին նաև հայկական գաղութները։ Շուտով ամբողջ երկրի հետ վերելքի ուղի են բռնում նաև հայ համայնքները։ Պետությունը հովանավորում էր այլազգիների տնտեսական գործունեությունը։ Սկսվում է հայերի գաղթը դեպի Եգիպտոս, մասնավորապես՝ Կահիրե և Ալեքսանդրիա։

Այդուհանդերձ, Եգիպտոսի հայազգի բնակչության քանակը փոքր էր։ 19-րդ դարի առաջին կեսին այն հասնում էր 3 հազարի, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 15 հազարի։

Արհեստներից զատ հայերը կարևոր դեր էին կատարում արդյունաբերության մեջ։ 19-րդ դ. վերջերից Եգիպտոսում, գերազանցապես հայ և հույն մասնագետների նախաձեռնությամբ, զարգացավ ծխախոտագործությունը։ Եգիպտոսի ծխախոտի արտադրության կեսից ավելին բաժին էր ընկնում հայ ձեռնարկատերերին։

Եգիպտահայերը աչքի ընկան նաև երկրի քաղաքական կյանքում։ Մի շարք պետական բարձր պաշտոններ վարած Նուբար փաշայի անվան հետ են կապվում երկրի դատական բարեփոխումները։ Նրա որդի Պողոս Նուբարը գլխավորեց հայ ազգային պատվիրակությունը Փարիզում և եղավ «Հայ բարեգործական ընդհանուր միության» (ՀԲԸՄ) հիմնադիրը (1906թ.)։

Կահիրեում առաջին հայկական դպրոցը հիմնվել է 1828թ., իսկ Ալեքսանդրիայում` 1851 թվին։ 1917թ. հայկական դպրոցների թիվը հասավ 11-ի, որոնցում ուսանում էր շուրջ 1600 աշակերտ։ 19-րդ դարի կեսերից սկսած այնտեղ հրատարակվում էին պարբերականներ, հիմնվում տպարաններ։

 

Ռուսաստանի հայկական գաղութները

Հայաստանի ազատագրությունը Ռուսաստանի օգնության հետ կապելու ակտիվ հետաքրքրությունների շրջանում՝ 18-րդ դարում, ձևավորվեց ռուսահայ գաղութների մեծ մասը։ Ռուսաստանը իր հարավային սահմանները ընդարձակելու և Անդրկովկասում ամրանալու նպատակով հովանավորում էր աևդրկովկասյան ժողովուրդների ազատագրական ձգտումները։ Նա լայն հնարավորություններ էր ստեղծում Ռուսաստանի հարավում օտարերկրացիների, հատկապես հայերի բնակության համար։ Օգտվելով պետության այդ քաղաքականությունից՝ բազմաթիվ հայեր գաղթեցին Ռուսական կայսրության սահմանները և հիմնեցին իրենց համայնքները։

Պետությունից ստանալով մի շարք արտոնություններ՝ հայկական գաղթօջախները ստվարացան և բարգավաճեցին։

 

Ղրիմի հայկական գաղութը

Այստեղ նշանավոր էին հատկապես Թեոդոսիայի Հին Ղրիմի (Սուրխաթ), Եվպատորիայի, Ղարասուբազարի և այլ գաղթօջախները։

Հայերը ստացել էին դավանանքի ազատություն, թույլատրվում էր հիմնել հայկական դատարան (ռատուշա)։ Հայերի ինքնավարությունը խորհրդանշող ռատուշայում ազգային սովորությունների հիման վրա գործավարությունը տարվելու էր հայերեն լեզվով։

Ղրիմահայերը հիմնականում զբաղվում էին առևտրով, արհեստներով և գյուղատնտեսությամբ։ Հայ վաճառականները կապված էին ռուսական և արևելքի շուկաների հետ։ Նրանք իրենց գործունեությամբ նպաստում էին թերակղզու առևտրատնտեսական կյանքի բարգավաճմանը։

Խոշոր առևտրականներից շատերն ունեին ընդարձակ կալվածքներ։ Նրանցից էին Նալբանդովները, Սեֆերովները, Սպենդիարովները, Այվազովսկիները և այլ գերդաստաններ։ Նրանք զբաղվում էին այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, դաշտավարությամբ։ Հոգևոր իշխանությունը՝ հայ եկեղեցին, ևս տիրում էր ընդարձակ կալվածքների։ Սուրբ Խաչ վանքն ուներ ավելի քան 4000 դեսյատին տարածություն։

Ղրիմահայերը մշակութային աշխույժ կյանք ունեցան։ 1815թ. Ղարասուբազարում, ապա Հին Ղրիմում, Թեոդոսիայում, Եվպատորիայում բացվում են դպրոցներ։ 1858թ. հիմնվում է Խալիբյան ուսումնարանը։ 20-րդ դարի սկզբներին Ղրիմում կար 9 տարրական դպրոց՝ 250 աշակերտով։ 19-րդ դ. 60-70-ական թվականներին լույս տեսան «Մասյաց աղավնի», «Դաստիարակ» պարբերականները։

Ղրիմահայերը մեր ժողովրդին տվեցին մշակույթի այնպիսի մեծանուն գործիչներ, ինչպիսիք են ծովանկարիչ Հ. Այվազովսկին, երգահան Ալ. Սպենդիարյանը և ուրիշներ։

 

Աստրախանի հայկական գաղութը

Այստեղ հայկական գաղթօջախը ձևավորվում է 17-րդ դ. առաջին կեսին։ Հայերի առևտրական գործունեությունը մեծ թափ է ստանում 18-րդ դարում։ Մետաքսի ներմուծումը մնում էր որպես հումքի պահանջարկի բավարարման հիմնական միջոց։ Տնտեսության այդ ճյուղում գլխավոր դեր էին կատարում հայերը։ 18-րդ դ. վերջին Պարսկաստանից Աստրախանի վրայով ներմուծվող մետաքսի 70-80 տոկոսը գտնվում էր հայերի ձեռքին։

Այդ նույն ժամանակ հիմնվում է հայկական դատարանը կամ ռաթհաուզը։ Դա հայերի ներքին ինքնավարության մարմինն էր։ Դատավարությունը կատարվում էր ազգային իրավական նորմերի համաձայն։ Հայկական դատարանին անհրաժեշտ էր ունենալ դատաստանագիրք։ Տեղի հայ մտավորականները 1765թ. ստեղծեցին «Աստրախանի հայոց դատաստանագիրքը»։ Այն կազմված էր Մխիթար Գոշի (13-րդ դար) դատաստանագրքի, հայկական սովորութային իրավունքի հիման վրա՝ ռուսական օրենքների հաշվառումով։ Այդ դատաստանագիրքը գործածվում էր ինչպես Աստրախանում, այնպես էլ Ղզլարի, Մոզդոկի, Նոր Նախիջևանի հայկական գաղութներում։

1840թ. դադարեցվեց հայկական դատարանի գործունեությունը, իսկ 1870թ. բարեփոխումների ժամանակ լիովին վերացվեց համայնքի ինքնավարությունը։ Սակայն դրանից հետո հիմնվեցին ազգային բարեգործական հաստատություններ, որոնք ապահովում էին հայ համայնքի ինքնավար գոյությունը։

Աստրախանի հայ համայնքն ուներ իր ուրույն մշակութային կյանքը։

1810թ. վաճառական Նիկողայոս Աղաբաբյանը բացեց իր անունը կրող դպրոց, որը գործեց ավելի քան հարյուր տարի։ Այստեղ 1816 թվականին հրատարակվեց ռուսահայ առաջին պարբերականը՝ «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթը։ 20-րդ դարի սկզբներին հրատարակվում էին մի քանի թերթեր։

 

Մոսկվայի և Պետերբուրգի հայկական գաղութները

Մոսկվան հայերին ծանոթ էր տակավին 14-րդ դարից։ Սակայն ռուսական մայրաքաղաքում հայկական համայնքը ձևավորվում է 17-րդ դարի երկրորդ կեսին։ Դրան մեծապես նպաստեց 1667թ. Նոր Ջուղայի առևտրական ընկերության Մոսկվայի հետ կնքած պայմանագիրը։ Դրանով հնարավորություն էր ստեղծվում Վոլգայով մինչև Արխանգելսկ և ապա արտասահմանյան երկրների հետ առևտուր անել։ Մոսկվան դառնում է հայ վաճառականների, արհեստավորների, դիվանագիտական ծառայողների, արվեստագետների հանգրվան։

Այդ տարիներին Մոսկվայում հաստատվում է նկարիչ Բոգդան Սալթանովը։ Նա կարևոր դեր է կատարում ռուսական գեղանկարչության մեջ։ Ջուղայի վաճառական Խոջա Զաքարը Ալեքսեյ ցարին է նվիրում նշանավոր «Ալմաստե գահը», որն այժմ զարդարում է Կրեմլի Զինապալատը։

Հետագա դարերում շարունակվում է հայերի հոսքը Մոսկվա։ Բազմաթիվ հայ ընտանիքների շարքում Մոսկվա է տեղափոխվում նաև Լազարյանների գերդաստանը։ Նրանք Մոսկվայում, ապա Պետերբուրգում առևտրաարդյունաբերական լայն գործունեություն են ծավալում։ Լազարյաններն իրենց բարձր դիրքն օգտագործեցին և ավելի քան մեկ դար մեծապես նպաստեցին ռուսահայերի տնտեսական և մշակութային գործունեությանը։

Պետերբուրգի հիմնադրումից (1703թ.) մի քանի տարի անց հայերը հաստատվեցին այնտեղ։ Ռուսաստանի նոր մայրաքաղաք էին գալիս հայ վաճառականները։ Այստեղ են հաստատվում նաև Իսախանով եղբայրները։ Նրանք Պարսկաստանի հետ առևտուր անելու համար հիմնում են հատուկ ընկերություն։ Մետաքսագործական ֆաբրիկաներ են հիմնվում հայերի (Մանուիլով, Շիրվանով, Ախվերդով) կողմից։

Համայնքն այնքան է ստվարանում, որ 18-րդ դարի վերջերին կառուցում է հայկական երկու եկեղեցի։ 1781թ. Գր. Խալդարյանն այնտեղ հաստատեց Լոնդոնից տեղափոխած իր տպարանը։ Հետագայում տպարանը տեղափոխվեց Նոր Նախիջևան, ապա՝ Աստրախան և ունեցավ բեղուն գործունեություն։

Այս համայնքների ինքնավարությունը իրականացնում էր եկեղեցական խորհուրդը։

 

Հյուսիսային Կովկասի հայկական գաղութները

Օգտվելով հայերին շնորհված արտոնություններից՝ 1735թ. նրանցից մի խումբ հաստատվում է նորակառույց Ղզլար ամրոցում։ Հայկական մեկ այլ զանգված 1763թ. բնակություն է հաստատում նոր հիմնադրված Մոզդոկ բերդ-ամրոցում։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին կեսին ձևավորվեցին Եկատերինոդարի (Կրասնոդարի), Մայկոպի, Ստավրոպոլի և այլ քաղաքների հայկական համայնքները։ 1839թ. չերքեզահայերը հիմնեցին Արմավիրի հայկական գաղութը։

Այդ հայկական համայնքները, մանավանդ Ղզլարը և Մոզդոկը, ստացան մեծ արտոնություններ։ Նրանց թույլատրվում էր ազգային սովորույթներով դատավարություն վարել, ազատ առևտուր անել։ Ղզլարը և Մոզդոկն ունեին իրենց ռաթհաուզը, որը զբաղվում էր համայնքի դատական և վարչատնտեսական գործերով։ Այն հայերի ինքնավարությունը փաստող մարմին էր։

Նորաբնակները սկսեցին մշակել բրինձ, բամբակ, քունջութ, խաղող և այլ կուլտուրաներ։ Նրանք լայն չափերով զբաղվում էին հատկապես խաղողագործությամբ։ Ղզլարի և Մոզդոկի հայերը թթենու մեծատարած այգիներ էին պահում մետաքս ստանալու համար։

Արդյունաբերական ճյուղերից զարգացած էր հատկապես գինու և օղու արտադրությունը, որը շատ մեծ ծավալ էր ընդունել։ 1823թ. հայերին պատկանող ձեռնարկություններում արտադրվել է 96 հազար դույլ օղի։

Հյուսիսային Կովկասի հայերը ակտիվ մասնակցում էին երկրամասի ներքին և արտաքին առևտրին։

Այդ գաղթավայրերը աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ սերտորեն կապված էին մայր հայրենիքի հետ։ Մշտական շփումները նպաստում էին հայ համայնքներում ազգային լեզվի ու սովորությունների պահպանմանը։

Երկրամասի հայ համայնքներում մշակույթը արտահայտվում էր գերազանցապես դպրոցական-կրթական և թատերաերաժշտական ասպարեզում։ 1912թ. Հյուսիսային Կովկասի հայաբնակ վայրերում դպրոցների թիվը հասնում է 34-ի։ Նրանցում սովորում էր 2300 երեխա։ Այդ գաղթօջախները ունեին իրենց թատերական, երաժշտական խմբերը։

 

Նոր Նախիջևան (Դոնի Ռոստով)

Նշանավոր այս գաղութը հիմնադրվել է 1779թ. Ղրիմից 12600 հայեր գաղթեցնելու միջոցով։ Ռուսական կառավարությունը կազմակերպեց այդ գաղթը երկրի հարավային տափաստանները բնակեցնելու և տնտեսական կյանքը աշխուժացնելու համար։ Գաղթեցված ղրիմահայերը հանգրվան են գտնում Դոնի տափաստանում և Ա. Դմիտրի (հետագայում Դոնի Ռոստով քաղաք) ամրոցի մոտակայքում հիմնում Նոր Նախիջևան քաղաքը և 5 հայկական գյուղեր։ Եկատերինա II կայսրուհու հատուկ հրովարտակով (1779թ. Նոյեմբերի 14-ին) ղրիմահայերը մեծ արտոնություններ ստացան։ Նրանք հիմնեցին մագիստրատ, որը զբաղվում էր գաղութի դատական, ոստիկանական և գործադիր իշխանության հարցերով։ Այլ խոսքով, նույն դերն էր կատարում, ինչ որ ուրիշ գաղութներում ռաթհաուզը։

Ղրիմի հայերը, օգտվելով տեղի նպաստավոր պայմաններից և պետության ընձեռած հնարավորություններից, զարգացրեցին տնտեսության շատ ճյուղեր։

Գյուղատնտեսության մեջ առաջատար էր հացահատիկային կուլտուրաների, մասնավորապես ցորենի մշակումը։ Հայերը հաջողությամբ զբաղվում էին նաև այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Նրանք շերամապահության առաջին տարածողներն էին։ Լայն տարածում գտած անասնապահությամբ զբաղվում էին ինչպես գյուղերում, այնպես էլ քաղաքներում։

Նոր Նախիջևանը կարճ ժամանակում դառնում է Հարավային Ռուսաստանի բարեշեն ու նշանավոր քաղաքներից մեկը։

Նոր Նախիջևանում զգալի հաջողության հասան արհեստագործությունը և արդյունաբերությունը։ Արհեստավորներն այստեղ ևս ունեին իրենց համքարությունները, որոնք շատ նման էին Անդրկովկասի հայ համքարություններին։

Արդյունաբերությունից նշանավոր էին հատկապես ճարպահալ, բրդալվաց, ծխախոտի, աղյուսի և այլ ձեռնարկությունները։

Դոնի հայությունը հայտնի էր առևտրական մեծածավալ գործունեությամբ։

Նոր Նախիջևանի գաղութը կարևոր դեր կատարեց հայ մշակույթի ավանդները պահպանելու և զարգացնելու ասպարեզում։ Բազմաթիվ ծխական, իգական, 1880–ական թվականներին հիմնված ժառանգավորաց, արհեստավորական դպրոցների կողքին գործում էր թեմական ուսումնարան։ Հրատարակվում էին բազում թերթեր, լայն տարածում էր գտել թատերական արվեստը։ Դոնի հայության մշակութային կյանքում շատ էական էր իրենց հայրենակիցներ Մ. Նալբանդյանի և Ռ. Պատկանյանի դերը։

 

Գրիգորիոպոլ

Հայկական այս գաղութի հիմնադրումը կապվում է ռուս-թուրքական պատերազմի (1787-1791 թթ.) հետ։ Պատերազմի ավարտից հետո Մոլդովայից և Բեսարաբիայից գաղթած 4000 հայերի տարածք հատկացվեց Դնեստր գետի ավազանում։ Նրանք հիմնեցին Գրիգորիոպոլ քաղաքը և երկու հայկական գյուղ։

1794թ. Եկատերինա II թագուհու հրամանագրով արտոնություններ շնորհվեցին նորաբնակներին։ Հայ համայնքն ստացավ ինքնավարություն, որն իրականացնում էր մագիստրատը։

Գրիգորիոպոլը շուտով հայտնի դարձավ որպես առևտրական կենտրոն։ Խոշոր վաճառականները ստեղծեցին 95 հոգուց բաղկացած ընկերություն։ Այն զբաղվում էր գերազանցապես արևելյան առևտրով։

 

Բուլղարիայի հայկական գաղութները

Նոր շրջանում գոյատևում էին Սոֆիայի, Ռուսչուկի, Պլովդիվի և այլ վայրերի հայկական համայնքները։ Բուլղարիայի հայկական գաղութների կացությունը փոխվեց 19-րդ դարի կեսերից։ Ղրիմի պատերազմից հետո արևմտահայ ստվար զանգվածներ գաղթեցին Բուլղարիա։ Դրա շնորհիվ աշխուժացան գաղթօջախները։

Բուլղարահայերի զգալի մասը զբաղվում էր արհեստագործությամբ, մասնավորապես ոսկերչությամբ, պղնձագործությամբ, կաշեգործությամբ, մանածագործությամբ։ Նրանք մասնակցում էին Արևմտյան Եվրոպայի, Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի երկրների հետ կատարվող առևտրին։ 19-րդ դարի կեսին հայ բնակչությունը շատ ստվար էր, իսկ դարի վերջին հասնում էր 30 հազարի։

1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Բուլղարիան ազատագրվեց թուրքական լծից և ինքնուրույն զարգացման ուղի բռնեց։ Դա նպաստեց նաև հայ համայնքների բարգավաճմանը։ Նրանք օգտվում էին երկրում հաստատված օրենսդրական իրավունքներից ու ազատությունից։

1912թ. պատերազմին, որը բալկանյան ժողովուրդները մղում էին թուրքերի դեմ, մասնակցեցին նաև հայերը։ Բուլղարիայում գտնվող ժողովրդական հերոս Անդրանիկը կամավորական վաշտով մասնակցեց ռազմական գործողություններին։ Վաշտի կազմակերպման և մարտական գործողությունների ղեկավարներից էր Գարեգին Նժդեհը։

Բուլղարահայ համայնքը երկարակյաց հայ գաղութներից է։ Այն, թեկուզև հյուծված, բայց գոյատևում է մինչև այժմ։

 

Հունգարիայի հայկական գաղութները

18-րդ դարի սկզբներին Հունգարիայի Տրանսիլվանիա երկրամասում ցրված հայերը կենտրոնացան երկու քաղաքներում։ Դրանցից մեկը 1700թ. հիմնադրված Գեոլան՝ Արմենոպոլիսն էր, մյուսը՝ Եղիսաբեթպոլիսը։ Թագավորական հրամանով երկու քաղաքներն էլ համարվեցին զուտ հայկական կենտրոններ և ստացան արտոնություններ։

Հայ ազգաբնակչությունը Հունգարիայում մեծաքանակ չէր, հասնում էր 15-20 հազարի։ Տրանսիլվանիայի հայերը կապված էին մայր հայրենիքի հետ։ Նրանք արձագանքել և նյութական օժանդակություն են կազմակերպել սովյալներին, 1890–ական թվականների կոտորածներից փախածներին։

Նրանք ակտիվ մասնակցություն ունեցան 1848-1849 թթ. Հունգարիայի ազատագրական-հեղափոխական շարժումներին։ Մի քանի հայ գեներալներ (Վիլմոչ Լազարը, Ցեցյանը, Էռնե Կիշյանը) ազատագրական բանակի հրամանատարներ էին։

Հունգարահայերը ունեցել են ուրույն մշակութային կյանք։ 18-րդ դարից սկսած այնտեղ բացվել են հայկական դպրոցներ։ Ընդօրինակվել են հայկական ձեռագրեր, ստեղծվել՝ նորերը։ Նշանավոր էր հունգարերենով լույս տեսնող «Արմենիա» ամսագիրը (1887-1907 թթ.), որը հայագիտական բնույթ ուներ և օտարներին ծանոթացնում էր հայոց պատմությանն ու մշակույթին։

 

Ռումինիայի հայկական գաղութները

Ռումինիայի կազմում գտնվող Մոլդովայում, Վալաքիայում և ուրիշ երկրամասերում հնից եկող հայկական համայնքները թուլացել էին։ 18-րդ դարում հայերի թիվը հազիվ հասնում էր 7-8 հազարի։

Մոլդովայի գաղութն ուներ որոշ ինքնավարություն։ Այն ղեկավարվում էր 5 հոգուց բաղկացած թաղական խորհրդի կամ հոգաբարձության կողմից։

19-րդ դարի կեսերին Մոլդովան և Վալաքիան միավորվեցին ռումինական պետության մեջ։ Դա հայության գոյատևման համար նպաստավոր պայմաններ ստեղծեց։ Հայերին իրավունք վերապահվեց կալվածքներ ունենալ, ազնվականական տիտղոսներ ստանալ, մասնակցել քաղաքական կյանքին։ Այդ նույն դարի սկզբներին հայտնի էր ռուսական կողմնորոշման ջատագով, դիվանագետ Մանուկ բեյ Միրզայանի գործունեությունը։

Հայերը շարունակում էին բնակվել հիմնականում Բուխարեստում, Ֆոկշանում, Յաշում և այլ քաղաքներում։ Նրանց զգալի մասը արհեստավորներ և առևտրականներ էին։

Ռումինահայերը նույնպես կապված են եղել Հայաստանի հետ։ 1880թ. Հայաստանում սկսված սովի ժամանակ նրանք օգնություն կազմակերպեցին հայրենակիցներին։ Նույնպիսի վերաբերմունք ունեցան նաև 1895-1896 թթ. և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ փախստականների նկատմամբ։ Նրանք ծառայում էին ինչպես իրենց ապաստանած երկրին, այնպես էլ մայր հայրենիքին։ «Ռումինիայի հայերը, – գրում է ռումին գիտնական, ակադեմիկոս Նիկոլա Յորգան, – կարողացան մեծ հմտությամբ զուգակցել երկու դժվարին և նրբին պարտականություններ՝ մեկը՝ հավատարմությունը դեպի իրենց հայրենի ավանդույթներն ու իրենց ազգությունը, որը բնավ մոռացած չեն, և մյուսը՝ դեպի այն երկիրը, ուր իրենց նախնիները հաստատվել են շատ հին ժամանակներից ի վեր։ Մեզ համար նրանք եղբայրներ են, ազնիվ եղբայրներ, միաժամանակ մնալով իրենց հնագույն հայրենիքի ընտրյալ որդիները»։

Այս գնահատականը կարելի է տարածել նաև մյուս երկրներում ապաստան գտած հայության վրա։

Ռումինահայ շատ գործիչներ ակտիվ մասնակցել են նաև երկրի մշակութային ու գիտական կյանքին, դարձել երկրի նշանավոր գործիչներ։

19-րդ դարի սկզբներից բացվում են դպրոցներ, ապա տպարան, մշակութային կազմակերպություններ։ 20-րդ դարի սկզբներին հրատարակվում են թերթեր, ամսագրեր։

 

Ֆրանսիայի հայկական գաղութները

Դեռևս միջնադարում ձևավորված հայկական համայնքները և հայ-ֆրանսիական կապերը նոր շրջանում մտան լայն հունի մեջ։ Տնտեսական կյանքում առանձնանում էր առևտուրը։ Հայ վաճառականները Հարավային Ֆրանսիայում, մասնավորապես Մարսելում, կազմակերպում էին ընկերություններ։ Նրանք Միջերկրական և Սև ծովերում ունեին ազատ երթևեկող նավ։

Այնտեղի հայ բնակչությունը փոքրաթիվ էր, ուստի Փարիզում հայկական եկեղեցի կառուցվեց միայն 1902 թվականին։

Ֆրանսիան առավել նշանավոր է որպես հայերի մտավոր կենտրոն։ Տակավին 1811թ. Փարիզում բացվեց հայագիտական ամբիոն։ Կրթական-լուսավորական նկատելի գործունեություն ունեցավ 1846թ. Փարիզում հիմնադրված Մուրադյան վարժարանը։

1850-ական թվականներից հիմնադրվում են ֆրանսահայ առաջին պարբերականները («Արևելք», «Արևմուտք», «Փարիզ»)։ Հետագայում լույս տեսան «Արմենիա», «Հնչակ» և ուրիշ պարբերականներ։ Այդ հանդեսներից առավել նշանակալից է Մ. Փորթուգալյանի «Արմենիա» թերթի և Ա. Չոպանյանի «Անահիտ» ամսագրի դերը։

Ֆրանսահայերի մեջ զգալի տոկոս էին կազմում ուսանողները, որոնք եկել էին տարբեր երկրներից և սովորում էին Փարիզի, Մարսելի, Լիոնի ուսումնական հաստատություններում։ Փարիզի հայ ուսանողները հիմնում են «Արարատ» և այլ ընկերություններ։

Ֆրանսիայի հայությունն ավելի ստվարացավ և ծանրակշիռ դեր կատարեց հետագայում՝ նորագույն ժամանակաշրջանում։

 

Անգլիայի հայկական գաղութները

Հայերը Անգլիային ծանոթ էին միջնադարից, սակայն հայկական համայնքներ այստեղ ձևավորվել են միայն 19-րդ դարի 80-ական թվականներին։ Այդ ժամանակ Կ.Պոլսի հայ վաճառականները բնակություն են հաստատում և իրենց գրասենյակներն են հիմնում Լոնդոնում և Մանչեստրում։ 1870թ. հայերը Մանչեստրում կառուցում են առաջին եկեղեցին։ Մինչ այդ նրանք ընտրել էին հոգաբարձություն, որը փաստորեն վարում էր տեղի հայ համայնքի գործերը։

Հայ բնակչության քանակը ավելանում է 19-րդ դ. վերջերին Թուրքիայում սկսված կոտորածների և ծայր առած արտագաղթի հետևանքով։ Իսկ Մեծ եղեռնից հետո, փախստականների հոսքի հետևանքով, ավելի է ստվարանում հայ բնակչությունը։

Հայերի զգալի մասը մտավորականներ էին, վաճառականներ ու արհեստավորներ։ Հայ վաճառականները Մանչեստրում, Լիվերպուլում, Լոնդոնում իրենց խանութներն ու գրասենյակներն ունեին։ Նրանք կապված էին գերազանցապես արևելյան շուկաների հետ։

Սակավամարդ այդ համայնքները մշակութային ձեռնարկումներ էին կատարում։ 1736թ. Լոնդոնում թարգմանաբար հրատարակվել են Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» և Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը»։ Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ Մինաս Չերազը Լոնդոնում հրատարակում է «Արմենիա» ամսագիրը։ Դրանում նյութեր էին տպագրվում հայ ժողովրդի ներքին կյանքի, Անգլիայի և ուրիշ երկրների հայկական գաղութների մասին։ Անգլիայի հայկական գաղութները զորեղանում են 20-րդ դարում։

 

Ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում և հայերը

1914թ. օգոստոսի 1-ին բռնկվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Այն մղվում էր երկու խոշոր ռազմաքաղաքական խմբավորումների՝ Անտանտի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) և Եռյակ, իսկ 1915 թվականից՝ Քառյակ միության (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա և Բուլղարիա) միջև։ Ե՛վ Անտանտը, և՛ Եռյակ միությունն այս պատերազմում հետապնդում էին զավթողական նպատակներ։ Թուրքիան ձգտում էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանական Ատրպատականը և Միջին Ասիան։ Դրանով իրագործվելու էր երիտթուրքերի պանթուրքական ծրագիրը։ Իր հերթին ցարական Ռուսաստանը նպատակ ուներ գրավել Արևմտյան Հայաստանը, Կ. Պոլիսը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։

Կովկասյան ճակատում մարտական գործողությունները սկսվում են 1914թ. հոկտեմբերի 29-30-ին։ Թուրքերը կենտրոնացրել էին 300 հազար զինվոր։ Ռուսական զորքերի թիվը հասնում էր շուրջ 200 հազարի։ Մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ։

Առաջինը նախահարձակ են լինում թուրքերը։ Օգտագործելով ուժերի գերակշռությունը և այն հանգամանքը, որ ռուսները զորքերի մի մասը Կովկասից տեղափոխել էին Արևմտյան ճակատ, թուրքերին հաջողվում է գրավել ռուսական սահմանամերձ մի քանի շրջաններ։ Զավթված տարածքների բնակչությունը՝ հայեր, հույներ և ասորիներ, հալածանքների են ենթարկվում թուրք զինվորների կողմից։

1914թ. դեկտեմբեր–1915թ. հունվար ամիսներին թուրքական և ռուսական բանակների միջև, Սարիղամիշ քաղաքի շրջանում, տեղի են ունենում կատաղի մարտեր։

Թուրքերը, որոնք ողջ հույսը դրել էին իրենց թվական գերակշռության վրա, գլխովին ջախջախվում են։ Իննսունհազարանոց թուրքական բանակից հաջողվում է ճողոպրելով ազատվել միայն 12 հազարին։ Ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ է խուսափում գերի ընկնելուց։ Ռուսների 60 հազար զորքից զոհվում է 20 հազարը։

Զարգացնելով հարձակումը՝ ռուսական ուժերը գրավում են Թավրիզը և Դիլմանը, հետ մղում Պարսկաստան ներխուժած թուրքական զորքերին։ 1915թ. գարնանը Արևմտյան Հայաստանում ևս ռուսական Կովկասյան բանակը հաջող գործողություններ է ծավալում։ Թշնամուց գրավվում են Մանազկերտը, Բաշկալեն, Շատախը, Արճեշը և Վանը։ 1915թ. հուլիսին, սակայն, ռուսները անսպասելի նահանջում են Ալաշկերտի հովիտ։ Ռուսական հրամանատարությունը, լրացուցիչ ուժեր ստանալով, անցնում է հարձակման և վերագրավում կորցրած տարածքները։

1916թ. հունվարին ռուսական բանակներն անցնում են լայնածավալ հարձակման։ Կարճ ժամանակամիջոցում ջախջախվում է թուրքական երեք դիվիզիա։ Իսկ 1916թ. փետրվարին, հնգօրյա կատաղի մարտերից հետո, նրանք գրավում են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Էրզրումը։ Նույն թվականի ապրիլին ռուսական ցամաքային և ծովային ուժերի համատեղ ջանքերով գրավվում է Սև ծովի ափին գտնվող Տրապիզոն քաղաք-նավահանգիստը։

Երկարատև պատերազմը և Արևմտյան ճակատում ռուսական զորքերի պարտությունը հնարավորություն չտվեցին շարունակել ռազմական գործողությունները։ 1917թ. մայիսից սկսած՝ ռուս-թուրքական մարտադաշտում հարաբերական դադար է հաստատվում։ Իսկ 1917թ. հոկտեմբերյան հեղափոխությունը նոր իրադրություն է ստեղծում երկրում և ռազմաճակատում։ Դեկտեմբերին Երզնկայում ստորագրվում է զինադադար ռուսական և թուրքական կողմերի միջև։

 

Կամավորական շարժումը

Կամավորական շարժումը սկիզբ առավ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից։ Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակոչվում մոտ 200 հազար հոգի։ Իսկ Անտանտի բանակներում ծառայող հայերի թիվը 50 հազարի է հասնում։ Միաժամանակ հայ հասարակական-քաղաքական շրջանները ձեռնամուխ են լինում կամավորական ջոկատների ստեղծմանը։ Կամավորական ջոկատների կազմակերպումը նպատակ ուներ նպաստել ոչ թե ցարիզմի նվաճողական քաղաքականությանը, այլ օգտագործել նրա ռազմական ուժերը Արևմտյան Հայաստանն ազատագրելու համար։ Ռուսաստանի շահերը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Արևմտյան Հայաստանում համընկնում էին հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ Բացի հայերից, կամավորական ջոկատներ են կազմվում ասորիներից, հույներից, վրացիներից և կովկասյան այլ ժողովուրդներից։

Կամավորական ջոկատների կազմակերպման աշխատանքներն իր վրա է վերցնում Թիֆլիսում գործող Հայկական ազգային բյուրոն։ Նրա ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության անդամներն էին։ Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու կոչը լայն արձագանք գտավ ոչ միայն կայսրության հայաբնակ շրջաններում, այլև արտասահմանում։ Կամավորներ ժամանեցին շատ երկրներից, նույնիսկ Միացյալ Նահանգներից։ Միաժամանակ հայությունը բավականին դրամ հանգանակեց ջոկատների հանդերձավորման համար։

Սկզբնապես 1914թ. աշնանը կազմակերպվում են կամավորական չորս ջոկատներ։ Առաջինի հրամանատարն էր Անդրանիկը, երկրորդինը՝ Դրոն, երրորդինը՝ Համազասպը, չորրորդինը՝ Քեռին։

Հինգերորդ ջոկատի հրամանատարն էր Վարդանը (Սարգիս Մեհրաբյան)։ Ավելի ուշ կազմակերպվում են ևս երեք ջոկատներ։ Ընդհանուր առմամբ այս ջոկատներում ընդգրկված էին շուրջ 10 հազար հոգի։

1915թ. ապրիլին, Ազգային բյուրոյի որոշմամբ, 2-րդ, 3-րդ և 4-րդ ջոկատները միացվում են 5-րդին։ Այս զորամիավորումը ստանում է Արարատյան անվանումը։ Նրա հրամանատար է դառնում Վարդանը։

Հայ կամավորական ջոկատները կռվում էին խիզախությամբ։ Նրանցից առավել աչքի ընկավ առաջին ջոկատը՝ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Անդրանիկի հրամանատարությամբ։

1915-1916թթ. հայ կամավորները ռուսական բանակի կազմում մասնակցում են Արևմտյան Հայաստանի մեծ մասի ազատագրմանը։ Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը բազմիցս դրվատել է հայ կամավորներին։ Առանձնահատուկ ընդգծվում էին նրանց քաջությունն ու հերոսությունը։ Մարտական գործողությունների ընթացքում զոհվում են մոտ 800 կամավորականներ։ 500 կամավորականներ պարգևատրվեցին ռուսական Գեորգիևյան խաչերով և մեդալներով։ Ցարական իշխանությունը, երկյուղելով, որ հայ կամավորական ջոկատները կարող են դառնալ ազգային բանակի հիմք, վճռում է դրանք ցրել։ 1916թ. ամռանը այդ ջոկատներից կազմվում են վեց հրաձգային գումարտակներ, որոնք մտցվում են ռուսական զորքի կազմի մեջ։

Ռուսական հրամանատարությունը, սակայն, վերջնականապես չի հրաժարվում հայ կամավորներից։ Նրանց, իհարկե, ավելի փոքրաթիվ խմբերով, օգտագործում է ռազմաճակատի տարբեր հատվածներում։

 

Եղեռնը նախապատրաստելու թուրքական իշխանությունների քաղաքականությունը

Սկսված պատերազմը հնարավորություն էր ընձեռում թուրքական կառավարությանը հաշվեհարդար տեսնել կայսրության հայ հպատակների հետ։ Երիտթուրքերն իրականացնում էին 1910-1911 թթ. Սալոնիկ քաղաքում կայացած իրենց կուսակցության գաղտնի ժողովների որոշումները։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող և թուրք ազգությանը չպատկանող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ ոչնչացվեն։

Արևմտյան Հայաստանում և Փոքր Ասիայի հայաբնակ տարածքներում բնակվող հայ ժողովուրդը դարձավ այս հրեշավոր քաղաքականության առաջին զոհերից մեկը։ Այդ ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), Էնվեր փաշան (ռազմական նախարար), Ջեմալ փաշան (ծովային նախարար, Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաէդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։

Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ երիտթուրքերը ձգտում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում պանթուրքական ծրագրի իրականացման ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրանը» պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Երիտթուրքերը ցանկանում էին այդ ստեղծվելիք պետության մեջ ներգրավել բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բացի հայերի զանգվածային տեղահանությունից և կոտորածներից, օսմանյան իշխանություններն իրականացնում են կայսրության մի շարք այլ հպատակ ժողովուրդների՝ ասորիների, հույների և արաբների մասնակի ջարդեր։

Թուրքական իշխանությունների վայրագությունները հանկարծակիի բերեցին նաև այդ ժողովուրդներին։ Հարկ է նշել, որ հայ քաղաքական շրջանակների կողմից ևս իր ամբողջության մեջ չընկալվեց նախադեպը չունեցող արհավիրքը։

1914թ. հոկտեմբերին երիտթուրքերը կազմավորում են Երեքի գործադիր կոմիտե, որին հանձնարարվում է իրականացնել օսմանահպատակ հայերի զանգվածային բռնագաղթն ու կոտորածը։ Նախկին քրեական հանցագործներից կազմակերպվում է «Հատուկ կազմակերպություն»։ Նրանց էր հանձնարարված տեղերում հայերի ջարդը։ Այդ նպատակի համար կայսրությունը բաժանվում է երեք շրջանների. 1. Կիլիկիա և Սիրիա, 2. Արևելյան Անատոլիա (Արևմտյան Հայաստան), 3. Արևմտյան Անատոլիա։

Իրենց հրեշավոր քաղաքականությունն իրագործելու նպատակով թուրքական իշխանությունները հայերին զրկում են դիմադրելու հնարավորությունից։ Նրանք 1915թ. գարնանը առաջին հերթին սկսում են օսմանյան բանակ զորակոչված հայ տղամարդկանց զինաթափումն ու ոչնչացումը։ Նրանք ռազմաճակատից տեղափոխվում են թիկունք, ընդգրկվում բանվորական գումարտակներում։ Հայ զինվորների հետ զինաթափվում են օսմանյան բանակում ծառայող հույները։ Զինաթափված հայերին հանձնարարվում է ամենածանր աշխատանքը՝ ճանապարհների, ամրությունների կառուցումը և բեռների տեղափոխումը։ Ապա անասելի ծանր աշխատանքներից և թերսնվելուց հյուծված հայ զինվորներին 50-ական կամ 100-ական խմբերով զինվորական կամ ոստիկանական հսկողության ներքո դուրս էին բերում իրենց տեղակայված վայրից և ոչնչացնում։

Դրանից հետո երիտթուրքական իշխանությունները, զանազան միջոցներ բանեցնելով, բռնագրավում են հայ բնակչության ունեցած սակավ զենքն ու զինամթերքը։

Օսմանյան կառավարության հաջորդ քայլը կուսակցական, աշխարհիկ, հոգևոր ներկայացուցիչների և մասնավորապես հայ մտավորականության ձերբակալումն ու ոչնչացումն էր։ Այդ քայլով իշխանությունները ցանկանում էին զրկել հայությանը նրա ղեկավարող և կազմակերպող ուժերից։ Ամենածանր հարվածը հասցվում է Կ.Պոլսում։ 1915թ. ապրիլի 24-ին այստեղ ձերբակալվում և աքսորվում են 600-ից ավելի… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz