… հայ մտավորականներ՝ գրողներ, արվեստագետներ, բժիշկներ, մանկավարժներ, հասարակական գործիչներ։ Ձերբակալվածների թվում էին նշանավոր երգահան Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը և ուրիշներ։ Աքսորի ճանապարհին հայ մտավորականները ենթարկվում էին զանազան զրկանքների և նվաստացումների։ Կոմիտասը, չդիմանալով իր ժողովրդի դեմ կատարվող վայրագություններին, խելագարվում է։ Հայ մտավորականության մեծ մասը սպանվում է ջարդարարների կողմից։

Հունիսին Կ.Պոլսում կեղծ ամբաստանությունների հիման վրա ձերբակալվում և մահապատժի են ենթարկվում Հնչակյան կուսակցական նշանավոր գործիչ Փարամազը (Մաթևոս Սարգսյան) և իր 19 կուսակցական ընկերները։

Հիմնականում աքսորելով և ոչնչացնելով 18-45 տարեկան հայ տղամարդկանց՝ երիտթուրքական իշխանությունները ձեռնամուխ են լինում գրեթե անպաշտպան մնացած հայ կանանց, երեխաների ու ծերերի բռնագաղթին և կոտորածին։

 

Արևմտահայերի զանգվածային տեղահանությունը և ջարդերը

1914թ. աշնանից և հատկապես 1915թ. գարնանից սկսվում է արևմտահայ բնակչության բռնագաղթն ու կոտորածը։ Թուրքական իշխանությունները հայ բնակչությանը աքսորում են Միջագետքի անապատային շրջանները։ Աքսորից առաջ կամ դրա ընթացքում բռնագրավվում կամ թալանվում էր հայերի գույքը։ Գեղեցիկ կանայք և աղջիկները բռնի կերպով տարվում են մահմեդականների հարեմները։ Մինչև աքսորավայր հասնելը տարագիրները ենթարկվում էին զանազան քրդական և այլ մահմեդական ավազակախմբերի, այդ թվում՝ աքսորականներին հսկող ոստիկանների և զինվորների բռնություններին։ Ովքեր ի վիճակի չէին լինում շարունակել ճանապարհը, սպանվում էին տեղում։ Տարագրման վայր էր հասնում աքսորականների չնչին մասը։ Այսպես, Տրապիզոնից դուրս եկած 3 հազար աքսորականներից Հալեպ հասան միայն 35 հոգի։ Մնացածը կա՛մ սպանվեցին կա՛մ մահացան սովից, ծարավից ու զանազան հիվանդություններից։

Կայսրության մի շարք հարավային քաղաքներ, որոնք գտնվում էին հայերի տարագրման ճանապարհին, վեր էին ածվել ստրկավաճառության շուկաների։ Այնտեղ չնչին գներով վաճառվում էին աքսորական հայեր։

Մինչև 1915թ. վերջը Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի հայաբնակ տարածքներն ամբողջությամբ հայաթափ են լինում, շատ քչերին է հաջողվում փրկվել։

Հայերն ամբողջությամբ չեն աքսորվում միայն երկու քաղաքներից՝ Կ.Պոլսից և Զմյուռնիայից։

Զանգվածային կոտորածներից փրկվելու նպատակով մեծ թվով արևմտահայեր հարկադրված էին լքել իրենց հայրենի օջախները։ 1914թ. նոյեմբերից մինչև 1916թ. հարյուր հազարավոր հայեր, հիմնականում կանայք և երեխաներ, գաղթում են Ռուսաստան՝ Արևելյան Հայաստան և այլ վայրեր։

Մեծ թվով հայ գաղթականներ ապաստան են գտնում արաբ ժողովրդի մոտ։ Հայերի մի մասն էլ հյուրընկալվում է Պարսկաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։

Տեղահանված արևմտահայերը հայտնվում են նյութական ծանր պայմաններում։ Սովի և զանազան հիվանդությունների հետևանքով մահանում էին շատերը։ Գաղթականներին օգնելու և վերջնական կործանումից փրկելու համար Ռուսաստանի հայաբնակ վայրերում կազմակերպվում են հանգանակություններ։ Ռուսական իշխանությունները կազմակերպում են հատուկ կոմիտե՝ հայ գաղթականությանն օժանդակելու նպատակով։ Փախստականների օգնության հիմնական ծանրությունն ընկնում է հայ բարեգործական ընկերությունների և հայ եկեղեցու վրա։ Արևմտահայերին զգալի օժանդակություն են ցույց տալիս նաև զանազան միսիոներական կազմակերպություններ։

1915-1916թթ. ընթացքում հայության նկատմամբ իրականացված երիտթուրքերի քաղաքականությունը որակվում է որպես ցեղասպանություն, քանի որ այն նպատակ ուներ ամբողջությամբ բնաջնջել հայ ժողովրդին։ Եվ դա իրավամբ համարվում է 20-րդ դարի առաջին խոշոր ցեղասպանությունը։

Ընդհանուր հաշվով Օսմանյան Թուրքիայում բնակվող 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը զոհ գնաց թուրքական յաթաղանին։ Ավելին, արևմտահայությանը հասցվեց հսկայական նյութական վնաս, ավերվեցին հայկական եկեղեցիները, կրթության ու մշակույթի օջախները, յուրացվեցին հայերի կալվածքները, տները, նյութական միջոցները։

Տեղի ունեցածը, հիրավի, նախադեպը չունեցող մի ոճրագործություն էր, որը կազմակերպեցին և առավել դաժանորեն իրագործեցին երիտթուրքական ջարդարարները։

1915թ. իրադարձությունները հայոց պատմության ամենաողբերգական էջերից մեկն է։ Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը հարգանքի տուրք է մատուցում Հայոց եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

 

Վան քաղաքի ինքնապաշտպանական հերոսամարտը

Չնայած 1915թ. ստեղծված օրհասական դրությանը, Արևմտյան Հայաստանում և Փոքր Ասիայի մի շարք հայաբնակ վայրերում տեղի հայությունը դիմում է ինքնապաշտպանության։ Դա հնարավորություն է տալիս բնակչության մի մասին փրկվել, իսկ մնացածին՝ զենքը ձեռքին պատվավոր մահ ընդունել։

Ջարդարարներին առաջին դիմադրությունը ցույց տվեց Վանի վիլայեթի հայությունը։ Հայերը դիմագրավում են թուրք և քուրդ հրոսակներին Շատախում, Հայոց ձորում, Գավաշում, Թիմարում և այլ վայրերում։ Մոկսի հայությունը փրկվում է շնորհիվ տեղի ցեղապետ Մուրթուլլա բեյի։

Առավել կատաղի և անզիջում դիմադրություն է ցույց տրվում թուրք և քուրդ հրոսակներին Վան քաղաքում։ Հայ բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր Այգեստան՝ 20 հազար հոգի և 2000 հոգի էլ Քաղաքամեջ կոչվող թաղամասերում։

Ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Այգեստանում ստեղծվում է Զինվորական մարմին։ Նրա մեջ ընդգրկվում են տարբեր կուսակցությունների անդամներ և ոչ կուսակցականներ՝ Արմենակ Եկարյանը (ղեկավար), Արամ Մանուկյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Փանոս Թերլեմեզյանը և ուրիշներ։ Քաղաքամեջի Զինվորական մարմնի ղեկավար է ընտրվում Հայկակ Կոսոյանը։ Երկու թաղամասերն էլ բաժանվում են պաշտպանական շրջանների։ Փորվում են խրամատներ, կառուցվում են պաշտպանական ամրություններ։ Կանայք և աղջիկները զբաղված էին մարտիկների, հայ և ասորի գաղթականների համար հագուստ և պարեն հայթայթելով։ Երեխաները հանդես էին գալիս որպես կապավորներ Զինվորական մարմնի և դիրքերի միջև։ Նրանցից ոմանք մասնակցում էին մարտերին։ Կազմակերպվել էր զինագործական արհեստանոց, որտեղ վերանորոգում էին զենքը և լիցքավորում փամփուշտները։ Այգեստանում ներքին կարգ ու կանոնը վերահսկելու համար կազմակերպվել էր ոստիկանություն։ Վանի ողջ բնակչությունը մեկ մարդու նման դուրս էր եկել կենաց և մահու կռիվ մղելու թշնամու դեմ։

Վանի նահանգապետ Ջևդեթ բեյը քաղաքի հայության դեմ կենտրոնացրել էր հրետանիով և գնդացիրներով զինված 12-հազարանոց զորք։ Այգեստանի և Քաղաքամեջի հայությունն այս ահռելի ուժին կարող էր հակադրել միայն վատ սպառազինված և 10 անգամ ավելի քիչ մարտիկներ։

1915թ. ապրիլի 7-ին թուրքերի հարձակումով սկսվում են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Երկուստեք կատաղի հրաձգություն է սկսվում։ Վանեցիները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի գրոհները։ Հայերը կարողանում են ոչնչացնել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։ Թուրք-քրդական ուժերը ծանր պարտություններ են կրում և լուրջ կորուստներ ունենում։ Հայկական թաղամասերի պաշարմանը մասնակցած գերմանացի սպան վկայում է. «Հայերը հուսահատորեն պաշտպանվում էին բոցավառվող տների ավերակներում՝ մինչև վերջին շունչը կռվելով ազատ Հայաստանի և Սուրբ Խաչի հաղթանակի համար։

Ես հազվադեպ եմ հանդիպել կամ ենթադրել, թե երբևիցե կրկին կտեսնեմ այդպիսի կատաղի կռիվ, ինչպիսին ականատես եղա Վանի պաշարման ժամանակ»։

Ռուսական բանակի առաջխաղացումը և Վանի հայության դիմադրությունը հարկադրում են թշնամուն դադարեցնել քաղաքի պաշարումը։ Մայիսի սկզբներին քաղաք են մտնում հայ կամավորները և ռուսական բանակը։

1915թ. մայիսին կազմվում է Վանի և շրջանի ժամանակավոր վարչություն։ Ռուսական հրամանատարությունը Արամ Մանուկյանին նշանակում է Վասպուրականի նահանգապետ։

Աստիճանաբար քաղաքը և ազատագրված գավառները բնականոն հունի մեջ մտան։ Սակայն 1915թ. հուլիսի կեսերին ռուսական զորքն անակնկալ նահանջում է։ Վիլայեթի և քաղաքի հայությունը, չունենալով անհրաժեշտ միջոցներ հակառակորդին դիմագրավելու համար, ստիպված է լինում հետևել ռուսական բանակին։ Իրենց օջախներն են լքում մոտ 200 հազար վան-վասպուրականցիներ։ Նրանց պահպանությունն իրականացնում էին հայ կամավորները, ինչպես նաև ռուսական որոշ զորամասեր։

 

Ինքնապաշտպանական հերոսամարտերը հայկական այլ բնակավայրերում

Երիտթուրք ջարդարարներին կատաղի դիմադրություն է ցույց տալիս Շապին-Գարահիսար քաղաքի հայկական թաղամասի բնակչությունը։ Այստեղ ինքնապաշտպանական մարտերը սկսվում են 1915թ. հունիսին։ Կազմվում է Զինվորական խորհուրդ։ Այն գլխավորում է Ղուկաս Տեովլեթյանը։ 5000-ի հասնող հայ բնակչությունը ամրանում է քաղաքից ոչ հեռու գտնվող բերդում, որը շրջապատվում է թշնամու կողմից։

Ինքնապաշտպանական մարտերին մասնակցում էին նաև հայ պատանիները։ 14–ամյա Հայկ Թևեքելյանը կյանքի գնով կարողանում է ձախողել թուրքական գրոհը և փախուստի մատնել թշնամուն։ Զինամթերքի, պարենի և հատկապես ջրի սպառվելու վտանգը ստիպում է գարահիսարցիներին փորձել հանդուգն գրոհով դուրս գալ շրջապատումից։

1915թ. հունիսի 29-ի գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը, մի քանի ուղղություններով գրոհելով, ծանր մարտերից հետո ճեղքում է հակառակորդի օղակը։ Դրանից հետո թուրք զինվորները ներխուժում են բերդ և գազանաբար հաշվեհարդար տեսնում մնացած բնակչության հետ։

Ինքնապաշտպանական մարտեր տեղի ունեցան Մուշում և Սասունում, որտեղ բնակչությունը մի քանի ամիս շարունակ համառ դիմադրություն էր ցույց տալիս թշնամուն, ինչպես նաև հայաբնակ այլ վայրերում։

1915թ. ինքնապաշտպանական ինքնատիպ մարտերից էր Սուետիայի հայության նշանավոր գոյամարտը։ Սուետիան գտնվում էր Միջերկրական ծովի առափնյա շրջանում և ընդգրկում էր յոթ հայկական գյուղեր։

1915թ. հուլիսի վերջին, ստանալով գաղթի հրամանը, տեղի հայության մեծ մասը որոշում է չենթարկվել, այլ դիմել ինքնապաշտպանության։ Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվում է զինվորական խորհուրդ։ Նրա մեջ ընդգրկվում են Տիգրան Անդրեասյանը, Հաբեթ Իսկենտերյանը, Եսայի Յաղուբյանը և ուրիշներ։ Դիմադրության համար ընտրվում է մոտակա Մուսա լեռը։ Լեռ են բարձրանում ավելի քան 4 հազար մարդ։

Օգոստոսին տեղի է ունենում առաջին մարտը։ Հայերը հետ են շպրտում հակառակորդին։ Այդ պարտությունից հետո թուրքական հրամանատարությունն ավելի մեծ ուժեր է կենտրոնացնում։ Բերվում է հրետանի, որը սկսում է ռմբակոծել հայկական դիրքերը։

Թշնամին մեծ ուժերով, հրետանու աջակցությամբ, կատաղի մարտերից հետո կարողանում է մոտենալ հայկական դիրքերին և գրավել դրանցից մի քանիսը։ Հայ մարտիկները սակայն, հավաքելով իրենց ուժերը, անակնկալ հարձակում են ձեռնարկում և հետ շպրտում հակառակորդին։

Մի շարք անհաջողություններից հետո թուրքական հրամանատարությունն այլևս ակտիվ մարտական գործողությունների չի դիմում։ Նա ավելի ու ավելի է սեղմում պաշարման օղակը՝ սուետիահայերին դատապարտելով դանդաղ սովամահության։

Չնայած ծանր դրությանը՝ հայերը պահպանում էին ոգու արիությունը։ Լեռան բարձր գագաթների վրա նրանք երկու մեծ դրոշներ էին ամրացրել։ Մեկի վրա ասեղնագործված էր կարմիր խաչ, իսկ մյուսի վրա գրված էր. «Քրիստոնյաները վտանգի մեջ են»։

Սեպտեմբերի 5-ին հորիզոնում մի ռազմանավ է երևում։ Դիտորդները սկսում են ազդանշան տալ։ Պարզվում է, որ դա ֆրանսիական «Գիշեն» հածանավն էր, որ պարեկություն էր կատարում Միջերկրական ծովի այդ մասում։ Հայերը նավապետից օգնություն են խնդրում։

Սեպտեմբերի 10-ին սկսվում է սուետիահայության տեղափոխությունը։ Առաջին հերթին նավ են բարձրանում կանայք, երեխաները և ծերունիները։ Տղամարդիկ այդ ժամանակ շարունակում էին մնալ դիրքերում՝ ապահովելով յուրայինների անվտանգ տեղափոխումը։ Ֆրանսիական և անգլիական նավերով 4058 հայեր հասնում են Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ։

Սուետիայի ինքնապաշտպանությունն իր արտացոլումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում։

Թուրք ջարդարարների դեմ վերջին գոյամարտն է մղում Ուրֆա (Եդեսիա) քաղաքի հայկական թաղամասի բնակչությունը։ Ուրֆայի հայության ինքնապաշտպանությունը սկսվում է 1915թ. սեպտեմբերին։ Դիմադրությունը կազմակերպելու համար կազմվում է զինվորական խորհուրդ։ Ղեկավար է ընտրվում Մկրտիչ Յոթնեղբայրյանը։ Մարտերին մասնակցում էին նաև կանայք և աղջիկներ։

Չնայած հայերի հերոսական դիմադրությանը՝ հակառակորդն աստիճանաբար կարողանում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ Թուրքական հրետանին մեկը մյուսի հետևից քանդում է հայկական ամրությունները։ Մարտիկների մեծ մասը կամ վիրավորվում, կամ զոհվում է։ Դա հնարավորություն է տալիս թշնամուն ներխուժել հայկական թաղամաս, ավելի ճիշտ՝ նրա փլատակները։ 2300 տներից կանգուն էին մնացել միայն 50-ը։ Սակայն տների փլատակներում թաքնված հայ մարտիկները շարունակում են դիմադրել մինչև 1915թ. նոյեմբերի կեսերը։

15 հազար կանայք ու երեխաներ թուրքական իշխանությունների կողմից աքսորվում են Միջագետքի անապատային շրջանները։

 

Հայկական ցեղասպանությունը և առաջադեմ հասարակայնությունը

Արևմտահայերի զանգվածային բռնագաղթն ու կոտորածներն առաջացնում են համաշխարհային հասարակայնության և առաջադեմ գործիչների զայրույթն ու բողոքը։ Քաղաքական զանազան համոզմունքների և տարբեր ազգությունների մարդիկ իրենց ելույթներում դատապարտում են երիտթուրքերի ոճրագործությունները։ Արդեն 1915թ. կեսերին Արևմտյան Հայաստանից վերադարձած մի խումբ ամերիկյան միսիոներներ միջազգային հանրությանը պատմում են այն ահավոր չարագործությունների մասին, որոնց ենթարկվում էին հայերը։ Հրապարակվում են նաև կոտորածներին ականատես եղած գերմանացի, հույն, իտալացի, արաբ և այլ ազգությունների ներկայացուցիչների վկայությունները։

Հատկապես բուռն գործունեություն է ծավալում նշանավոր արևելագետ, գերմանա-հայկական ընկերության նախագահ, դոկտոր Յոհաննես Լեփսիուսը։ Իր հայանպաստ գործունեության համար նա ստիպված է լինում հեռանալ Գերմանիայից։ Իսկ 1916թ. անգլիական պետական գործիչ և պատմաբան լորդ Ջեյմս Բրայսը հրատարակում է փաստաթղթերի ժողովածու, ուր ամփոփված էին ջարդերի ականատես օտարերկրացիների և կոտորածներից փրկված հայերի վկայությունները։

Հայերի ցեղասպանության դեմ առաջին հերթին բողոքում են այն մարդիկ, որոնք արդեն ծանոթ էին հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին։ Նրանք իրենց ելույթներում ու հոդվածներում դատապարտում էին երիտթուրքերին, ինչպես նաև նրանց հովանավորող գերմանական և ավստրո-հունգարական իշխանություններին։

Հայերի զանգվածային կոտորածների դեմ բողոքի ձայն են բարձրացնում Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը (Ռուսաստան), Անատոլ Ֆրանսը, Անտուան Մեյեն, Ժակ դը Մորգանը (Ֆրանսիա), Արմին Վեգները, Յոզեֆ Մարկվարտը (Գերմանիա) և շատ ուրիշներ։

Նրանք իրենց հրապարակային ելույթներում հերքում էին օսմանյան իշխանությունների այն պնդումները, թե հայերը «տեղափոխվում» են անվտանգ վայրեր, որովհետև խռովություններ են բարձրացրել թուրքական բանակի թիկունքում, կոտորել մահմեդական բնակչությանը և այլն։ Առաջադեմ գործիչները ընդգծում էին, որ երիտթուրքական կառավարությունն ուներ վաղօրոք մշակված ծրագիր՝ բնաջնջել թուրքահպատակ հայերին։

Այդ տարիներին Օսմանյան Թուրքիայում ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն իր հուշերում վկայում է. «Անհեթեթ են թուրքական կառավարության այն հավաստիացումները, թե ինքը մտադիր էր հայերին վերաբնակեցնել նոր վայրերում, պահակազորով ուղեկցվող խմբերի նկատմամբ վերաբերմունքը պարզ ցույց է տալիս, որ Էնվերի և Թալեաթի իրական նպատակն էր բնաջնջել հայերին»։ Ապա դեսպանը հիշում է. «Համոզված եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ չկան այնքան զարհուրելի փաստեր, ինչքան այս կոտորածը։ Անցյալում նշված մեծ ջարդերն ու հալածանքները գրեթե աննշան են թվում 1915թ. հայ ազգի կրած տառապանքների համեմատ»։

Անտանտի տերությունները, հավաստի տեղեկություններ ստանալով հայերի նկատմամբ իրականացվող զանգվածային կոտորածների մասին, 1915թ. մայիսի 11-ին, Ռուսաստանի նախաձեռնությամբ, հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Նրանք կատարված հանցագործությունների համար պատասխանատու են համարում թուրքական կառավարությանը և մասնակից պաշտոնյաներին։

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան Թուրքիայի պարտությունից և երիտթուրքերի փախուստից հետո նոր կառավարության հրամանով Կ.Պոլսում ստեղծվեց ռազմական դատարան (տրիբունալ), որը հրապարակային դատ կազմակերպեց պատերազմի հանցագործ ու եղեռնագործ երիտթուրք պարագլուխների նկատմամբ։ 1919թ. հուլիսի 5-ին Կ.Պոլսի ռազմական դատարանը հեռակա կարգով մահապատժի դատապարտեց հայերի ցեղասպանությունը ծրագրած և իրականացրած Թալեաթին, Էնվերին, Ջեմալին և դոկտոր Նազըմին։

Սակայն հետագա իրադարձություններն այնպես են դասավորվում, որ հնարավոր չի լինում հասնել երիտթուրք ոճրագործների դատավճռի օրինական կատարմանը։ Այդ գործն իրենց վրա են վերցնում հայ վրիժառուները։

Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի կառավարությունները, քաջատեղյակ լինելով հայերի նկատմամբ իրականացվող բռնություններին, ոչ միայն չարգելեցին դաշնակցին՝ Թուրքիային, այլև հայերին մեղադրեցին խռովություններ բարձրացնելու մեջ։

Անտանտի տերությունների ղեկավարությունը, ենթարկվելով առաջադեմ գործիչների ճնշմանը, բազմիցս հայտարարում է, որ պատերազմի ավարտից հետո այդքան մարդկային զոհեր տված Հայաստանը կստանա բարոյական և նյութական հատուցում, ու նրա արդարացի պահանջները կկատարվեն։ Այդ ամենը, սակայն, մնացին լոկ խոստումներ։ Դաշնակից տերությունների ղեկավարներից միայն Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լլոյդ Ջորջը համարձակություն ունեցավ խոստովանելու. «Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հանգեցրեց 1895–1897 և 1909 թվականների ահավոր սպանդներին և 1915 թվականի զարհուրելի եղեռնին»։

Создать бесплатный сайт с uCoz