Արտաշիսյան Հայաստան


Արտաշես Ա-ի գահակալումը

Ք.ա. II դ. սկզբներին Մերձավոր Արևելքում միջազգային հարաբերությունները բավականին սրվել էին: Սելևկյանները լայն ծրագրեր էին մշակել Փոքր Ասիան ամբողջությամբ նվաճելու և ապա դեպի Եվրոպա արշավելու ուղղությամբ: Նվաճողական ծրագրեր ուներ նաև Հռոմեական հանրապետությունը: Այն իր հերթին ցանկանում էր նվաճել Փոքր Ասիան, ջախջախել Սելևկյաններին և իր տիրապետությունը հաստատել միջերկրածովյան ավազանում: Կողմերի միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 190 թ. Մագնեսիայի մոտ, որտեղ Սելևկյանները ծանր պարտություն կրեցին:

Մեծ Հայքի և Ծոփքի կառավարիչներ Արտաշեսն ու Զարեհը անմիջապես օգտվեցին Սելևկյանների պարտությունից և Ք.ա. 189 թ. իրենց անկախ թագավորներ հռչակեցին: Նրանց այդ գործողությունները խրախուսվել են Հռոմի կողմից, որն անմիջապես ճանաչել է նրանց անկախությունը: Նույն այդ ժամանակ իրենց անկախությունն են վերականգնել նաև Փոքր Հայքի և Կոմագենեի հայկական թագավորությունները:

Այսպիսով, ընդամենը մեկ տասնամյակ անց, Մեծ Հայքը և Ծոփքը վերականգնեցին իրենց անկախությունը: Մեծ Հայքում հաստատվեց արքայական մի նոր հարստություն, որի հիմնադիրը դարձավ Արտաշես Ա-ն:

Արտաշես Ա-ն (189-160 թթ.) հայոց պատմության ամենանշանավոր գործիչներից է: Նա անջնջելի հետք և հիշատակ է թողել մեր ժողովրդի պատմության մեջ: Իզուր չէ, որ նա կրել է «Մեծ», «Աշխարհակալ», «Բարի» պատվատիտղոսները, որոնք վկայում են արքայի նկատմամբ ժողովրդի տածած անսահման սիրո մասին: Միևնույն ժամանակ Արտաշեսը լայն ճանաչում է ունեցել Հին աշխարհում, հունա-հռոմեական բազմաթիվ հեղինակներ անդրադարձել են նրա գործունեությանը:

 

Արտաշես Ա-ն և հայկական հողերի մեծ մասի միավորումը

Մինչև Արտաշես Ա-ի գահակալությունը հարևան երկրները՝ օգտվելով Հայաստանի թուլացումից, զավթել էին նրա ծայրամասային երկրամասերը: Արտաշեսը և Զարեհը ձեռնամուխ եղան հայկական հողերի վերամիավորմանը: Հատկապես եռանդուն էր գործում Արտաշեսը: Նա ոչ միայն վերամիավորեց Մեծ Հայքից զավթված տարածքները, այլև քայլեր ձեռնարկեց իր թագավորությանը միացնելու նաև Ծոփքը, Կոմագենեն և Փոքր Հայքը:

Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի Արևելք և հասնում Կասպից ծովի ափերը: Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում Փայտակարանը և մինչև Ուրմիո լճի արևմտյան ափերն ընկած հողերը: Ապա արշավանք է ձեռնարկում դեպի հյուսիս՝ Վիրք, որը զավթել էր հայկական հինավուրց Գուգարք նահանգը: Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները: Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել: Արևմուտքում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց Կարնո երկրամասն ու Դերջան գավառը: Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված Տմորիք երկրամասը:

Ծոփքի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին: Այստեղ, սակայն, հանդիպեց Ծոփքի դաշնակից Կապադովկիայի համառ դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց Ծոփքի միացումը:

Արտաշեսի ձեռնարկումների շնորհիվ հայկական տարածքների մեծ մասը միավորվեց մեկ ընդհանուր պետության՝ Մեծ Հայքի թագավորության մեջ: Այդ պատճառով է, որ հույն պատմիչը նրան անվանում է «Հայաստանի մեծ մասի կառավարիչ», իսկ մի այլ պատմիչ՝ հույն աշխարհագետ Ստրաբոնը, գրում է, որ «Հայաստանը... աճել է Արտաշեսի ջանքերով... և այստեղ բոլորը միալեզու են», այսինքն՝ հայալեզու են:

 

Մեծ Հայքի թագավորության միջազգային հեղինակության աճը

Հայկական հողերի մեծ մասի միավորումով Մեծ Հայքի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայում պատկառելի ուժ ներկայացնող մի պետության:

Ք.ա. 183-179 թթ. Փոքր Ասիայում պատերազմ բռնկվեց մի կողմից՝ Պոնտոսի ու Փոքր Հայքի և մյուս կողմից՝ Կապադովկիայի, Բյութանիայի ու նրանց դաշնակիցների միջև: Մեծ Հայքը չեզոքություն պահպանեց, բայց ակտիվորեն ներազդեց կողմերի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Հաշտության պայմանագրի կնքմանը, որպես հեղինակավոր ու հարգված գահակալ, դատավորի կարգավիճակով հրավիրվեց նաև Արտաշես Ա-ն: Դիվանագիտական նուրբ ու ճշգրիտ քայլերով Արտաշեսը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին՝ հետագայում վերջինս իր թագավորությանը միացնելու հեռահար ծրագրով: Իսկ երբ Մարաստանի Սելևկյան սատրապն ապստամբեց և իրեն հայտարարեց անկախ թագավոր, Արտաշես Ա-ն Սելևկյաններին թուլացնելու նպատակով անմիջապես օգնության ձեռք մեկնեց նրան:

 

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը

Արտաշես Ա-ն մեծապես հայտնի է նաև իր բարենորոգչական և վերափոխիչ քաղաքականությամբ, որ նա իրականացրել է Մեծ Հայքի տնտեսական, վարչական, ռազմական և այլ բնագավառներում: Կարևոր նշանակություն ունեցավ հատկապես երկրի նոր մայրաքաղաք Արտաշատի հիմնադրումը: Քաղաքը կառուցվել է Այրարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում:

Արտաշատի հիմնադրման վերաբերյալ արժեքավոր վկայություն է թողել Պատմահայր Մովսես Խորենացին. «Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Երասխը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով, քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ»: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ, քաղաքի տեղանքն ընտրել է Կարթագենի վտարանդի զորավար Հաննիբալը, որն այդ ժամանակ ապաստան էր գտել Հայաստանում: Նա է նաև կազմել քաղաքի հատակագիծը և, թագավորի առաջարկությամբ, գլխավորել շինարարական աշխատանքները. «Կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ մի քաղաք, որին թագավորը տվեց իր անունը և այն հռչակեց Հայաստանի քաղաքամայր»: Հնագիտական պեղումները ցույց տվեցին, որ քաղաքը կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տեղում, առևտրական նշանավոր տարանցիկ մայրուղիների խաչմերուկում: Քաղաքը շրջափակված է եղել բարձր, հզոր պարիսպներով, խրամով և պատվարով: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հռոմեացիներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»:

Քաղաքը բնակեցնելու համար Արտաշեսը կարգադրում է այնտեղ տեղափոխել Երվանդաշատի բնակչության և ռազմական արշավանքների ժամանակ գերեվարվածների մի մասին: Շուտով Արտաշատը դարձավ Առաջավոր Ասիայի քաղաքական, տնտեսական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Արտաշես Ա-ի նախաձեռնությամբ թագավորությունում կառուցվեցին մի շարք այլ քաղաքներ, ինչպես օրինակ՝ Զարեհավանը, Զարիշատը և այլն: Այդ քաղաքներն անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:

 

Հողային հարաբերությունների կարգավորումը

Արտաշես Ա-ի բարենորոգումների շարքում կարևոր նշանակություն է ունեցել հողային հարաբերությունների կարգավորումը: Խնդիրն այն է, որ մեծապես սրվել էին հարաբերությունները գյուղական համայնքների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս տարբեր եղանակներով փորձում էին զավթել համայնական հողերը և գյուղացիներին զրկել իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից: Հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը և ի վիճակի չէր զինվորագրվել բանակին: Արտաշեսը՝ հասկանալով դրա ողջ վտանգավորությունը երկրի համար, կարգադրեց սահմանազատել համայնքի և մասնավոր տնտեսությունների հողերը Արտաշեսի հրամանով համայնքային և մասնատիրական հողերի միջև սահմանաքարեր կանգնեցվեցին, որով փորձ արվեց պաշտպանել համայնքի իրավունքները: Արտաշեսի թողած սահմանաքարերի մի մասը հայտնաբերվել է, իսկ մի քանիսը ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:

 

Այլ բարենորոգումներ

Արտաշես Ա-ն զգալի ջանքեր թափեց ռազմական գործի վերակառուցման ուղղությամբ: Նա ստեղծեց կանոնավոր ու լավ զինված բանակ:

Երկրի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա կազմեց չորս զորավարություններ: Մովսես Խորենացին այդ մասին վկայում է. «Զորքի իշխանությունն էլ (Արտաշեսը) չորս մասի է բաժանում արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը՝ (իր որդի) Զարեհին»:

Պետության կառավարումը բարելավելու նպատակով Արտաշես Ա-ն թագավորությունը բաժանեց 120 վարչական շրջանների կամ գավառների, որոնք հունա-հռոմեական հեղինակներն անվանում էին ստրատեգիաներ կամ պրեֆեկտուրաներ: Սրանց մի մասում հետագայում ձևավորվեցին նախարարական իշխանությունները: Արտաշեսը կարգավորեց արքունի գործակալությունները: Երկրի կառավարման կարևորագույն գործակալությունները՝ սպարապետությունը և հազարապետությունը, հանձնեց իր մերձավորներին:

Թագավորական իշխանության հեղինակությունը ժողովրդի աչքում բարձրացնելու նպատակով Արտաշես Ա-ն սահմանեց թագավորի նախնիների պաշտամունքի կարգը: Արտաշատում կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները, որոնց ժողովուրդը պետք է երկրպագեր: Տաճարներ կառուցվեցին նաև Հայաստանի մյուս քաղաքներում, ուր, բացի հայոց աստվածներից, դրվեցին նաև Զևսի, Հերակլեսի, Ապոլոնի, Աթենասի, Ափրոդիտեի և հունական այլ աստվածների արձանները:

Արտաշեսը ճշգրտել է տվել օրացույցը, հստակեցրել տոմարը և կատարել բազում այլ բարեփոխումներ:

Արտաշեսը հայտնի է «Բարի» և «Բարեպաշտ» տիտղոսներով: Կատարած բազում նշանավոր գործերի համար Արտաշես Ա-ի մասին ժողովուրդը ստեղծել է երգեր, վեպեր, ուր գովերգվել են նրա իմաստությունն ու քաջությունը, շինարարական գործունեությունը, շեշտվել է նրա սերը հայրենիքի նկատմամբ: Արտաշեսի նկատմամբ ժողովրդի սերը արտահայտվել է նաև նրանում, որ հայերն իրենց օտար ծագումով, բայց սիրելի թագավորներին անվանել են Արտաշես (Զենոն, Տրդատ Ա և այլն): Արտաշեսը մահացել է Ք.ա. շուրջ 160 թ.:

 

Տիգրան Բ-ի գահակալությունը. Ծոփքի միավորումը

Արտաշես Ա-ն իր հաջորդներին թողեց տնտեսապես հարուստ ու բարգավաճ և ռազմապես հզոր երկիր:

Արտաշես Ա-ին հաջորդեց նրա ավագ որդին՝ Արտավազդ Ա-ն, որը թագավորեց խաղաղությամբ: Միայն կառավարման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական մի կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտություն կրեց: Ք.ա. 115 թ. անժառանգ Արտավազդ Ա-ն ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել պարթևներին:

Արտավազդ Ա-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիրանը (Տիգրան Ա-ն, Ք.ա. 115-95): Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնացել է շուրջ 20 տարի և հայրենիք է վերադարձել հոր՝ Տիգրան Ա-ի մահից հետո: Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ Պարթևստանի Միհրդատ Բ թագավորին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող Յոթանասուն հովիտներ կոչված տարածքը:

Հայրենիք վերադառնալիս Տիգրան Բ-ն թագադրվեց Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, ուր հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը:

Տիգրան Բ-ն (Ք.ա. 95-55 թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր: Արտաշես Ա-ն հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների: Այժմ Տիգրան Բ-ն եռանդուն գործունեություն ծավալեց շարունակելու իր պապի միավորիչ քաղաքականությունը: 94 թ. Տիգրանի բանակները մտան Ծոփք և միացրեցին այն Մեծ Հայքի թագավորությանը: Ծոփքի թագավորն սպանվեց. Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափերը: Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան Բ-ի ուշադրության կենտրոնում:

 

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը 

Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը: Սակայն այն մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր, ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Պոնտոսի թագավորն էր եռանդուն զորավար Միհրդատ Զ Եվպատորը: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոմի դեմ հետևողական պայքար է մղել Փոքր Ասիայում մի մեծ հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով: Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել հայերի հետ: Այդ շրջանում թեև Տիգրան Բ-ն Հռոմի հետ որևէ վիճելի խնդիր չուներ, սակայն, աշխարհակալական ծրագրեր հետապնդելով, կողմնակից էր երկու երկրների մերձեցմանը: Ահա թե ինչու Տիգրան Բ-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ:

Ք.ա. 94 թ. Արտաշատ ժամանեցին պոնտական բանագնացները: Կնքվեց հայ-պոնտական պայմանագիր, որի համաձայն՝

  1. Հայաստանը գործողությունների ազատություն էր ստանում հյուսիսում, հարավում և արևելքում, իսկ Պոնտոսը՝արևմուտքում:

  2. Կողմերը միացյալ ուժերով հարձակվելու էին Կապադովկիայի վրա, որի տարածքը պետք է ստանար Պոնտոսը, իսկ շարժական գույքը և բնակչությունը՝ Հայաստանը:

  3. Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության տվեց Տիգրան Բ-ին:

Հավատարիմ հայ-պոնտական դաշինքին՝ 93 թ. հայկական զորքերը ներխուժեցին Կապադովկիա և ռազմակալեցին այն: Ճիշտ է, Հռոմի զինված միջամտությամբ հաջողվեց վերականգնել Կապադովկիայի թագավորությունը, սակայն վերջինս մեծապես թուլացավ, իսկ Հայոց թագավորությունը ձեռք բերեց հսկայական ավար և. մեծ թվով գերիներ:

 

Պարթևստանի ջախջախումը

Մեծ Հայքի թագավորության և Պոնտոսի մերձեցումը, հայերի ռազմատենչ գործողությունները Կապադովկիայում ստիպեցին Հռոմին մերձենալու Պարթևստանին: Նրանց միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Հայաստանի ու Պոնտոսի դեմ: Տիգրան Բ-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևստանը, որի թագավոր Միհրդատ Բ-ն կամենում էր գերիշխանություն հաստատել Հայկական թագավորության նկատմամբ: Սակայն Միհրդատ Բ-ի կյանքի վերջին տարիներին սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը Պարթևստանում զգալիորեն թուլացավ: Իսկ երբ մահացավ Միհրդատ Բ-ն, Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին հետ վերադարձրեց հայկական «Յոթանասուն հովիտներ»-ը: Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և առանց մեծ դժվարության գրավեցին այն: Շարժվելով հարավ-արևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը: Պարթևական թագավոր Գոդերձ Բ-ն ստիպված հաշտություն խնդրեց: Հաշտության պայմանագրի համաձայն, պարթևները հօգուտ Հայաստանի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն էկբատան մայրաքաղաքը: Շատ կարևոր է, որ պարթևաց արքան հրաժարվում էր նաև «արքայից արքա» տիտղոսից, որն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները: Դրանով պարթևները փաստորեն ճանաչում էին Հայոց թագավորության գերիշխանությունը:

Այնուհետև, հայկական բանակը մեկը մյուսի հետևից գրավեց Կորդուքը, Ադիաբենեն, ՄիգդոնիաՆ, Օսրոենեն:

 

Ասորիքի գրավումը

Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը: Նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ: Միմյանց հաջորդող ու անընդհատ կրկնվող ներքին պատերազմները ծայր աստիճան թուլացրել էին երկիրը, որտեղ հանդես էին եկել 3-4 գահակալներ: Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունը ընդունելու մեջ: Ի վերջո ընտրությունը կանգ առավ Հայոց թագավոր Տիգրան Բ-ի թեկնածության վրա, որի առավելությունը, պատմիչի խոսքերով՝ «ռազմական հզոր ուժ ունենալն էր»:

Ք.ա. 84 թ. հայկական բանակները առանց մի նետ արձակելու մտան Ասորիք: Տիգրանը Անտիոքում բազմեց Սելևկյանների գահին ու այստեղ խաղաղությամբ իշխեց 17 տարի:

Ասորիքի (Սիրիայի) միացումը հնարավորություն ստեղծեց գրավելու Կոմագենեն և Կիլիկիան, և ապա՝ նաև Փյունիկիան: Ի վիճակի չլինելով դիմադրելու Հայոց թագավորի բանակներին՝ Հայաստանի գերիշխանությունն ընդունեցին Հրեաստանը և մի քանի այլ երկրներ: Տիգրանին համառ դիմադրություն ցույց տվեցին միայն Միջերկրականի ծովափնյա քաղաքները, որոնցից վերջինը՝ Պտղոմայիսը, նա գրավեց միայն 71 թվականին: Այստեղ գերի վերցվեց Սելևկյան Սելենե թագուհին, որը հետագայում մահապատժի ենթարկվեց Տիգրանի կարգադրությամբ:

Հայկական տերության սահմանները հասան Եգիպտոս, որը հայտնվեց Հայոց տերության հետաքրքրությունների շրջանակում, իսկ Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ հայոց թագավորի օգնությամբ: Դժվար չէ տեսնել, որ Տիգրանն այդ երկրի նկատմամբ ուներ որոշակի ծրագրեր, որոնք սակայն չիրականացան քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության պատճառով:

 

Հայկական տերության տարածքը, բնույթը, բնակչությունը

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն: Այն տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը: Այդ տերության մեջ էին մտնում Աղվանքը, Վիրքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին մի շարք այլ թագավորություններ՝ Պարթևստանը, Հրեաստանը, Անդրկասպյան սկյութներն ու Պարսից ծոցի արաբական ցեղերը: Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան Բ-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր՝ հիշեցնելով Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերությունները: Հայկական տերությունը բազմազգ և զարգացման ամենատարբեր աստիճանների վրա գտնվող երկրների մի ամբողջություն էր: Բնականաբար, տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները:

Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները: Ասորիքի կառավարչապետ նշանակվեց Տիգրան Բ-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան Բ-ի կրտսեր եղբայր Գուրասը (իմացի՛ր Գոռ): Վերջինիս նստավայրն էր Մծբինը: Թվարկված երկրները Հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրավված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Սիրիայի թագավորությունը ևս չվերացվեց: Տիգրանը միաժամանակ իրեն հռչակեց Սիրիայի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի կողմից նշանակված փոխարքաները կամ կուսակալները:

Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող վասալ թագավորները և հպատակ ցեղերը:

Այսպիսով, Տիգրան Բ-ն դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող և նրա քաղաքական ազդեցության ու գերիշխանության ներքո գտնվող տարածքը կազմում էր շուրջ 3 մլն քառ. կմ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը տասն անգամ:

 

Տիգրանակերտ մայրաքաղաքի հիմնադրումը

Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի: Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն: Ահա թե ինչու նոր մայրաքաղաքի կառուցումը դարձավ օրակարգի հարց: Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին:

Մայրաքաղաքը կառուցվեց 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան: Հույն պատմիչ Ապիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից: Անշուշտ, Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում: Նրա մեծ մասը հաստատվել է Արտաշատ, Արմավիր, Երվանդաշատ, Վան և այլ քաղաքներում:

Հույն պատմիչ Պլուտարքոսի խոսքերով Տիգրանակերտը լի էր գանձերով և աստվածներին նվիրաբերված թանկարժեք ընծաներով, քանզի մասնավոր անձինք և մեծատոհմիկները, ցանկանալով հաճոյանալ թագավորին, միմյանց հետ մրցում էին քաղաքի շենության ու ընդարձակման համար: «...Նա այստեղ հրավիրում է հայերից լավագույններին և սպառնում էր բռնագրավել այն ամենը, ինչ իրենց հետ Տիգրանակերտ չէին տանելու»: Այսպիսով, կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք: Քաղաքը շրջապատված է եղել 25 մետր բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ: Հետաքրքիր է, որ թագավորական պալատը կառուցվել է քաղաքից դուրս, որը շրջապատված է եղել պարտեզներով, այգիներով և որսատեղիներով: Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն: Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել:

Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից, Տիգրանակերտ անվանումով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում:

 

Տիգրան Մեծը ժողովրդի հիշողության մեջ

Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում պահպանել է Տիգրան Մեծի կերպարը: Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ, գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները: Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց Մովսես Խորենացին գրի է առել ժողովրդական բանահյուսության այդ անգին գոհարները և փոխանցել սերունդներին:

Տիգրանին ժամանակակից հռոմեական պատմիչները նրան անվանել են «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»: Հայ նշանավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը դիպուկ է բնութագրել Տիգրան Բ-ին. «Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում: Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին՝ պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»:

 

Հռոմի արևելյան քաղաքականությունը, Լուկուլլոսի արշավանքը Հայաստան

Ք.ա. I դ. սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց: Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ: Տիգրան Բ-Ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները: Լրջորեն անհանգստացած դրանից՝ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ Հայոց տերության: Ռազմաքաղաքական իրադրությունը նպաստավոր էր. Ք.ա. 71 թ. հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան Բ-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին: Վերջինս մազապուրծ փախել էր Հայաստան և քաղաքական ապաստան ստացել: Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն: Հայոց արքան, բնականաբար, մերժեց հռոմեացիների պահանջը, ասելով՝ «Ես Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա ... հակահարված կտա նրանց»: Անշուշտ, միամիտ կլինի կարծել, որ եթե Տիգրանը հանձներ Միհրդատին, ապա կարելի էր խուսափել պատերազմից:

 

Պատերազմի սկիզբը, Տիգրանակերտի ճակատամարտը

Ք.ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը: Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ 69-67 թթ. և 66 թ.: Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով:

Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը: Սակայն այն իրագործվեց միայն մասամբ: Հռոմեական բանակի ներխուժումը Ք.ա. 69 թ. Հայաստան իրոք որ անսպասելի էր: Առանց որևէ դժվարության Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը: Անհրաժեշտ է նշել, որ այս ծրագիրը կազմված էր հայկական բանակի հնարավորությունները թերագնահատելու, իսկ հռոմեականինը՝ գերագնահատելու սխալ հաշվարկով: Տիգրանակերտն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց: Կայազորը, հայ տաղանդավոր զորավար Մանկայոսի (Մանուկ) հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ: Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն: Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել: Կայծակնային պատերազմի ծրագիրը տապալվեց:

Հռոմեական բանակի Հայաստան ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը: Տիգրանը թագավորական գնդով շտապ վերադարձավ Հայաստան, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային: Մինչև Հայաստան հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը: Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց:

Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին: Այստեղ էին գտնվում նրա ընտանիքը և գանձարանը: Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը: Այս իրադարձությունն, անշուշտ, բարձրացրեց պաշարվածների ոգին և հավատ ներշնչեց հաղթանակի նկատմամբ: ժամանեցին հայկական բանակի նորանոր զորամասեր: Ըստ Ապիանոսի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ Ատրպատականը (Մարաստանը), Աղվանքը, Վիրքը, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ Պարսից ծոցի արաբները: Հայկական բանակի թիվը, նույն պատմիչի վկայությամբ, 300 հազար զինվոր էր: Անշուշտ, սա իրականությանը չհամապատասխանող թվաքանակ է: Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին:

Հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան սկսվեց Տիգրանակերտի ճակատամարտը: Լուկուլլոսը հիանալի օգտագործեց հայկական հրամանատարության թույլ տված ռազմավարական սխալներն ու տեղանքի առանձնահատկությունները: Շրջանցելով Տիգրանի բանակը՝ նա հայոց զորքի թիկունքում կենտրոնացրեց նշանակալից ուժեր, որոնք էլ վճռեցին ճակատամարտի ելքը: Ենթարկվելով երկկողմանի հարձակման և տալով զգալի կորուստներ, հայկական բանակն ստիպված էր նահանջել երկրի խորքը:

Հռոմեացիների հաղթանակը որոշեց նաև Տիգրանակերտի ճակատագիրը: Կայազորի հույն վարձկանները՝ կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև: Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց: Միայն Լուկուլլոսը ձեռք գցեց ութ հազար տաղանդ արժողությամբ գանձեր:

 

Արածանիի ճակատամարտը և հռոմեական բանակների պարտությունը

Տիգրանակերտի ճակատամարտն ու մայրաքաղաքի անկումը չկոտրեցին հայոց թագավորի կորովը: Տիգրան Բ-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու: Նա չէր պատրաստվում ընկրկել հռոմեական բիրտ ուժի դիմաց: Լուկուլլոսը՝ ռազմական գործողությունները համարելով ավարտված, բանակը տարավ ձմեռելու Կորդուքի տաք շրջաններ: Օգտվելով դրանից՝ Տիգրան Մեծն անմիջապես օգտագործեց դադարը և սկսեց եռանդուն նախապատրաստվել ապագա ռազմական գործողություններին: Ձմեռվա ամիսներին նա վերակառուցեց բանակը, որի հարվածային գլխավոր ուժը դարձավ հեծելազորը: Հայաստանի տնտեսական կարողություններն ու մարդկային ռեսուրսները հնարավոր դարձրեցին ընդամենը կես տարվա ընթացքում միանգամայն նոր բանակի ստեղծումը, որն իր մարտարվեստով չէր զիջում հռոմեացիներին:

Այլևս հույսը կորցնելով, թե Տիգրանը հաշտություն կխնդրի իրենից, Ք. ա. 68 թ. գարնան վերջերին Լուկուլլոսը դուրս եկավ Կորդուքից և բռնեց Արտաշատ տանող ճանապարհը: Նա համոզված էր, որ Տիգրանին պարտադրելով նոր ճակատամարտ, ինքը գլխովին կոչնչացնի հայկական բանակը և հեշտությամբ կգրավի Արտաշատը: Հայկական բանակը, սակայն, խուսափում էր գլխավոր ճակատամարտից և դանդաղորեն նահանջում էր երկրի խորքերը: Միաժամանակ անսպասելի, այդ թվում գիշերային հանդուգն հարձակումներով հայերը ջլատում էին հռոմեացիների ուժերը՝ նրանց նշանակալից կորուստներ պատճառելով: Տիգրանի ընտրած այս մարտավարությունը լիովին արդարացրեց իրեն: Լուկուլլոսի հյուծված և մարտունակությունը կորցրած բանակը միայն սեպտեմբերի 22-ին հասավ Արածանիի գետանցին: Առջևում Հայկական Պար լեռնաշղթան էր, իսկ նրանից քիչ այն կողմ՝ Արտաշատն իր անբավ հարստություններով: Սակայն հռոմեական բանակն այնքան էր ջլատված և կորուստներն այնքան շատ էին, որ զինվորները հրաժարվում էին շարունակել ռազմերթը դեպի «Հայկական Կարթագեն»: Շուտով հռոմեական բանակը ենթարկվեց հայկական զինված ուժերի շեշտակի գրոհին, որը գլխավորում էր հայոց աննկուն ու եռանդով լի արքայից արքան: Հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց: Հույն պատմիչ Դիոն Կասիոսը վկայում է, որ «հայերը նետահարելով հռոմեացիներին՝շատերին սպանեցին, իսկ շատերին էլ վիրավորեցին, իսկ վերքերը ծանր էին և դժվար բուժելի, քանզի հայերը գործածում էին երկծայր նետեր»: Արածանիի ճակատամարտը ցույց տվեց Տիգրանի՝ որպես հիանալի ռազմագետի, կարողությունները: Անպարտելի համարվող հռոմեական բանակը ծանր պարտություն կրեց, դրան հետևեց նրա խայտառակ փախուստը: Լուկուլլոսն ստիպված էր թողնել Հայաստանի սահմանները: Շուտով հռոմեացիները դուրս քշվեցին նաև Հյուսիսային Միջագետքից և Կորդուքից: Տիգրան Մեծի հանձնարարությամբ Միհրդատ Եվպատորը հայկական մի զորամասով անցավ Պոնտոս և սկսեց երկրի ազատագրումը: Հռոմեացիների առաջին գրոհը դեպի Արևելք լիովին ձախողվեց:

 

Պատերազմի երկրորդ փուլը. իրադրությունը Արածանիի ճակատամարտից հետո

Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը: Ք.ա. 67 թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին: Լրջորեն խախտվեց Հռոմի հեղինակությունն Արևելքում: Հռոմեական սենատն արտակարգ միջոցներ ձեռք առավ: Լուկուլլոսը հեռացվեց գլխավոր հրամանատարի պաշտոնից: Նրա փոխարեն հրամանատար նշանակվեց հմուտ զորավար և քաղաքական գործիչ Գնեոս Պոմպեոսը:

Խելացի և հեռատես Պոմպեոսը, ժամանելով Արևելք, նախապես պարթևների հետ դաշինք կնքեց ընդդեմ Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի: Պարթևները սիրով համաձայնեցին, քանզի ցանկանում էին վրեժխնդիր լինել Տիգրանից իրենց ստորացման համար: Հռոմեա-պարթևական դաշինքը ուղղված էր Հայաստանի դեմ:

Նույն տարվա վերջերին Պոմպեոսը պարտության մատնեց Միհրդատ Եվպատորին և գրավեց Պոնտոսը, որով Հայաստանը զրկվեց իր միակ դաշնակցից: Հռոմեական բանակը պատրաստվում էր ներխուժել Հայաստան: Ստեղծված բարդ իրադրությունը Տիգրան Բ-ից պահանջում էր գործել չափազանց զգույշ և ճշգրիտ:

 

Տիգրան Կրտսերի խռովությունը

Հայաստանի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ: Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ: Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր հայոց թագավոր: Խռովությանն անմասն չէին նրա մայրը՝ Կլեոպատրան, և պապը՝ Միհրդատ Եվպատորը: Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Հայաստանը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին: Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Հայաստան: Հորից պարտված Տիգրան Կրտսերը փախավ Պարթևստան: Պարթևական թագավոր Հրահատ Գ-ն անմիջապես օգտագործեց պահը և որոշեց օգնել ապստամբ արքայազնին՝ նրան կնության տալով դստերը: Տիգրան Կրտսերը պարթևական բանակով ներխուժեց Հայաստան և պաշարեց Արտաշատը: Սակայն հայկական բանակը հակահարված տվեց պարթևներին, որոնք նահանջեցին իրենց երկիրը, իսկ Տիգրան Կրտսերը փախավ Պոնտոս: Կես ճանապարհին լուր ստանալով, որ պապը՝ Միհրդատ Եվպատորը, պարտություն է կրել Պոմպեոսից և փախել Բոսպորի թագավորություն, նա այս անգամ որոշեց դիմել Պոմպեոսի օգնությանը: Պոմպեոսն անմիջապես օգտագործեց բախտախնդիր արքայազնին՝ փորձելով ազ… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz