…դել Տիգրան Մեծի քաղաքականության վրա: 

Պոմպեոսի արշավանքը Հայաստան

Ք.ա. 66 թ. ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Հայաստան: Տիգրան Մեծի դիրքերը բավականին թուլացել էին՝ պարթևների թշնամական գործողությունների, որդու խռովության և հռոմեական բանակի Հայաստան ներխուժման պատճառով: Հաջողության հասնելու հույսերը փոքր էին, ուստի ավելի խոհեմ կլիներ Հայաստանին ձեռնտու զիջումների գնով հաշտվել նրա հետ և հենց Հռոմի օգնությամբ էլ պայքար մղել մյուս երկուսի դեմ: Հայաստանը կարող էր կորցնել իր անկախությունը, ուստի անհրաժեշտ էր գնալ զիջումների ոչ կենսական խնդիրներում, գլխավորը՝ անկախությունը, պահպանելու համար:

Պոմպեոսը Ք.ա. 66 թ. սեպտեմբերին մոտեցավ Արտաշատին և ճամբար դրեց քաղաքից ոչ հեռու: Անմիջապես սկսվեցին հայ-հռոմեական հաշտության բանակցությունները: Այն, ինչին ձգտում էր Հռոմը, ստանում էր առանց ռազմական գործողությունների և զոհերի: Տիգրան Կրտսերի փորձերը՝ խոչընդոտելու բանակցությունները, արդյունք չտվեցին: Ընդհակառակը, նա հայտնվեց «խաղից դուրս» վիճակում:

 

Արտաշատի պայմանագիրը

Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված: Ըստ պայմանագրի՝

Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի ափերից: Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը:

Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո:

Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին: Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից:

Հայաստանը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:

Վերջին կետը կարող է թողնել այն տպավորությունը, թե Հայաստանը կախյալ վիճակի մեջ էր դրվում Հռոմից: Սակայն հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէր: Հայաստանը պահպանեց իր լիակատար անկախությունը: Ընդհակառակը, Հռոմը արտաքին քաղաքականության բնագավառում խրախուսում էր Տիգրան Բ-ի հակապարթևական բոլոր ձեռնարկումները: Պարթևները դաշնակից Հռոմից ավելին էին սպասում, բայց Պոմպեոսը Տիգրանի հետ կնքած հաշտությունից հետո մտադիր չէր նպաստել Պարթևստանի ուժեղացմանը: Արևելքում ուժերի հավասարակշռությունը պահանջում էր պաշտպանել Տիգրան Բ-ին:

Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը: Տենչալով Հայաստանի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով: Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը: Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ:

Տիգրան Բ-ն՝ օգտագործելով հռոմեա-պարթևական հակամարտությունները, կարողացավ Պոմպեոսի միջամտությամբ 64 թ. Մեծ Հայքին վերադարձնել Կորդուքն ու Հյուսիսային Միջագետքը: Պոմպեոսն անգամ ճանաչեց Տիգրան Մեծի «արքայից արքա» տիտղոսը, որից խիստ դժգոհ մնաց պարթևական արքունիքը:

Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր: Նա կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությունը՝ հայոց հայրենիքը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Պահպանվեց Հայաստանի պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը: Ահա սա էր Արտաշատի պայմանագրի պատմական մեծ նշանակությունը:

Տիգրան Բ-ի կյանքի վերջին տասը տարիները Հայաստանի համար խաղաղության ու տնտեսական բարգավաճման տարիներ էին:

 

Արտավազդ Բ-ի գահակալությունը

Տիգրան Բ-ին հաջորդեց թագաժառանգ Արտավազդ Բ-ն (Ք.ա. 55-34 թթ.), որը բազմակողմանի զարգացած, օտար լեզուների գիտակ, մտավորական անձնավորություն էր: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ»: Նա նաև հմուտ դիվանագետ էր, իրատես քաղաքագետ և, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ռազմական գործիչ:

Արտավազդ Բ-ն գահ է բարձրացել Հայաստանի համար բարդ քաղաքական իրավիճակում: Արտաշատի պայմանագիրն արմատապես փոխեց ուժերի հարաբերակցությունն Առաջավոր Ասիայում: Հայոց թագավորությունը, որ երկար տարիներ հաջողությամբ պայքար էր մղում Հռոմի նվաճողական քաղաքականության դեմ, այժմ իր դիրքերը զիջեց Պարթևստանին: Հայաստանը հայտնվեց երկու հզոր տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը:

Հայաստանի դիրքորոշումը դառնում էր չափազանց կարևոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում էր տիրապետող դիրք ստանալ տարածաշրջանում և իշխել Արևելքում: Նման պայմաններում ի՞նչ դիրք էր գրավելու Մեծ Հայքի թագավորությունը: Հարցադրում, որ դրվեց Արտավազդի և նրա հաջորդների առջև մի քանի դար շարունակ:

Արտավազդ Բ-ն կողմնակից էր չեզոքության քաղաքականությանը: Նա փորձում էր երկու տերությունների հետ էլ բարիդրացիական հարաբերություններ պահպանել և թույլ չտալ, որ Հայաստանը ներքաշվի պատերազմների մեջ: Հակառակ դեպքում Արտավազդը հակված էր ընտրելու Հայաստանի համար առավել անվտանգ դաշնակցությունը: Դա երբեմն լինում էր Հռոմը, երբեմն՝ Պարթևստանը: Սակայն Հռոմը որպես առավել հզոր ուժ պակաս ցանկալի էր որպես դաշնակից, քանի որ բացահայտորեն սպառնում էր Հայաստանի անկախությանը: Ուստի Արտավազդ Բ-ն ավելի հաճախ հակվում էր դեպի Պարթևստանը:

Դիվանագիտական ճշգրիտ քայլերով Արտավազդը ձգտում էր պահպանել Հայաստանի՝ տարածաշրջանի երրորդ հզոր պետության տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

 

Կրասոսի արևելյան արշավանքը և Հայաստանը

Ք.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:

Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր (16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևազոր): Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:

Տուն վերադառնալու ճանապարհին Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Հայաստան և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին. նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսը կոպիտ ու անքաղաքավարի խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ և սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել հայոց արքային:

Արտավազդը՝ ցուցաբերելով ճկուն քաղաքական միտք և հեռատեսություն, փոխեց իր դիրքորոշումը և Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ: Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և 54 թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր, որն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևների թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:

Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, Ք.ա. 53 թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաքը: Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին: Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից: Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Հայաստան: Այդ ժամանակ հայ և պարթև արքաները, նրանց մերձավորները Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս», ինչը մեծ ցնծությամբ ընդունվեց հանդիսականների կողմից: Նույն պատմիչի խոսքերով՝ «այսպես ավարտվեց Կրասոսի արևելյան արշավանքը, որը վերջացավ ողբերգության նման»:

 

Անտոնիոսի պարթևական և հայկական արշավանքները

Կրասոսի պարտությունը ծանր տպավորություն թողեց Հռոմում, սակայն ներքաղաքական բարդ իրադարձությունները խանգարեցին նոր արշավանք կազմակերպել և վրեժխնդիր լինել պարթևներից: Ավելին, Հուլիոս Կեսարի սպանությունը (Ք.ա. 44 թ.) երկիրը ներքաշեց քաղաքացիական պատերազմների հորձանուտը: Օգտագործելով հարմար պահը՝ պարթևա-հայկական միացյալ բանակը Ք.ա. 40 թ., պարթև թագաժառանգ Բակուրի և հայ զորավար Վասակի գլխավորությամբ՝ անցնելով Եփրատը, ներխուժեց Ասորիք: Փյունիկիայի, Ասորիքի, Պաղեստինի և Միջերկրական ծովի ափին գտնվող քաղաքները, որոնք դժգոհ էին հռոմեական ծանր տիրապետությունից, հայերին և պարթևներին դիմավորում են ցնծությամբ՝ իրար հետևից իրենց դարպասները բացելով նրանց առջև:

Պարթևների և հայերի հայտնվելը Միջերկրական ծովի ափերին սթափեցրեց Հռոմին և ստիպեց դիմել կտրուկ միջոցների: Արևելք ուղարկվեց Բասոս զորավարը, որը վճռական ճակատամարտում պարտության մատնեց դաշնակիցներին: Կռիվների ժամանակ սպանվեց նաև թագաժառանգ Բակուրը: Անսպասելիորեն խզվեց հայ-պարթևական դաշինքը՝ Պարթևստանում սկսված գահակալական պայքարի պատճառով: Հռոմեացիներն անմիջապես օգտագործեցին այս հարմար պահը: Հռոմում իշխանության գլուխ եկած Երկրորդ եռապետության (Մարկոս Անտոնիոս, Մարկոս Լեպիդոս և Գայոս Օկտավիանոս) որոշմամբ Արևելք ուղարկվեց Մարկոս Անտոնիոսը: Ք.ա. 38-37 թթ. Անտոնիոսը դեպի Պարթևստան մեծ արշավանքի նախապատրաստություններ սկսեց: Այս անգամ արշավանքի երթուղին անցնելու էր Հայաստանով: Ուստի հռոմեացիներին անհրաժեշտ էր ձեռք բերել Հայաստանի դաշնակցությունը: Արտավազդը կանգնած էր երկընտրանքի առջև: Ստեղծված ծանր պայմաններում Արտավազդն ստիպված եղավ կրկին դաշնակցել հռոմեացիներին: Հայոց թագավորն Անտոնիոսին խոստացավ 11 -հազարանոց օգնական զորք տրամադրել և թույլատրել պարթևների դեմ ռազմարշավը Հայաստանի տարածքով:

Ք.ա. 36 թ. ամռանը Անտոնիոսը 100-հազարանոց բանակով և երեք հարյուր սայլերի վրա բարձած պաշարողական տեխնիկայով սկսեց իր արշավանքը: Հռոմեական բանակն անցավ Հայաստանի տարածքով, մտավ Տիգրան Մեծի օրոք Հայաստանին ենթակա, իսկ այժմ պարթևներին դաշնակից Ատրպատական: Անտոնիոսը շտապում էր օր առաջ գրավել Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպան, ուստի, պաշարողական մեքենաների համար առանձնացնելով երկու լեգեոն, ինքը հիմնական ուժերով շարժվեց երկրի խորքերը: Պարթևներն անմիջապես օգտագործեցին այդ պահը և, հարձակվելով, ոչնչացրին պաշարողական մեքենաները: Պարզ դարձավ, որ առանց այդ մեքենաների անհնարին էր գրավել պարթևական քաղաքները: Իր հերթին լավ հասկանալով արշավանքի հնարավոր ձախողումը՝ Արտավազդը որոշեց վերադառնալ Հայաստան և հրաժարվել ռազմական հետագա գործողություններին մասնակցելուց: Հետագայում իրեն արդարացնելու համար Անտոնիոսն օգտագործեց այդ հանգամանքը՝ Արտավազդին հռչակելով դասալիք և իր պարտության հիմնական մեղավոր: Այս մեղադրանքը կեղծ է, քանզի Անտոնիոսի պարտվելուց հետո էր, որ Արտավազդը հետ էր քաշել իր զորամասերը:

Ք.ա. 36 թ. աշնանը Անտոնիոսի բանակը ստիպված էր նահանջել: 27 օր տևած նահանջի ընթացքում հակառակորդն անընդհատ հարձակումներով ուժասպառ էր անում հռոմեացիներին: Նրանք կորցրին 32 հազար, իսկ դաշնակիցները՝ 12 հազար զինվոր: Հայկական կողմը թագավորի հեռատեսության շնորհիվ կորուստներ չունեցավ: Միայն Հայաստան հասնելուց հետո Անտոնիոսը կարողացավ հանգիստ շունչ առնել, բուժել զինվորների վերքերն ու կարգի բերել բարոյալքված բանակը: Այդուհանդերձ, Հայաստանում էլ նա զգալի կորուստներ ունեցավ հայկական սառնամանիքների պատճառով: Հայաստանից նա մեկնեց Ալեքսանդրիա:

Հռոմեական սենատին ուղարկված զեկուցագրում Անտոնիոսը, իր ապաշնորհությունն ու մեղքը քողարկելու նպատակով, ռազմական վիթխարի ծախսերն ու մարդկային ահռելի կորուստները բացատրում է իբրև թե հայոց թագավորի դավաճանությամբ: Իր վարկաբեկված հեղինակությունն ինչ-որ չափով վերականգնելու համար նա ծրագրում է գրավել ու կողոպտել Հայաստանը: Սկզբում նա փորձում է Արտավազդին ծուղակը գցել: Դիմելով խորամանկության՝ նրան հրավիրում է Ալեքսանդրիա՝ իբրև պարթևների դեմ նոր արշավանքի ծրագիրը քննարկելու: Կանխազգալով վտանգը՝ Արտավազդը հրավերը մերժեց: Ապա Անտոնիոսը խնամախոս ուղարկեց Արտաշատ՝ Արտավազդին հրավիրելու Ալեքսանդրիա՝ հայոց արքայադստեր և իր ու Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի որդի Ալեքսանդրի ամուսնության հարցը քննարկելու: Մերժում ստանալով՝ Անտոնիոսը Ք.ա. 34 թ. ամռանը անակնկալ արշավեց դեպի Հայոց թագավորություն: Հարձակումն այնքան անսպասելի էր, որ հռոմեական բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մոտեցավ Արտաշատին: Անըմբռնելի է, սակայն փաստ, որ Արտավազդն իր առնվազն 70 հազարանոց բանակը մարտի չհանեց հռոմեական 60 հազարանոց բանակի դեմ: Նա, թերևս, համոզված էր, որ վեճը կարելի է լուծել խաղաղությամբ: Նման դեպքում, թերևս, երկիրը կարող էր զերծ մնալ ավերածություններից, բայց անմիջականորեն վտանգվում էր թագավորի անձը: Բանակցություններ վարելու փոխարեն Անտոնիոսը ձերբակալեց հայոց թագավորին, նրա ընտանիքը և կողոպտեց արքունի գանձերը: Անտոնիոսի այս քայլը դատապարտել են անգամ իրենք՝ հռոմեացիները: Այսպես, Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսը Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»:

Այսուհանդերձ հռոմեացիներն իրենց նպատակին չհասան: Հռոմեական գերությունից խուսափած թագաժառանգ Արտաշեսը փորձեց հակահարված տալ հակառակորդին և ազատել կալանված արքային, սակայն հապշտապ և լավ չկազմակերպված գործողություններով որևէ արդյունքի չհասավ: Նա պարտություն կրեց և փախավ Պարթևստան: Հայաստանի քաղաքներում թողնելով հռոմեական կայազորներ, Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս՝ իր հետ տանելով Արտավազդ Բ-ին և նրա ընտանիքը: Նա Ալեքսանդրիայում հաղթահանդես կազմակերպեց, որի ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում ոսկե շղթաներով շղթայված հայոց թագավորն ու նրա ընտանիքն էր: Գերիներին հորդորել էին խոնարհվել Կլեոպատրային և նրան մեծարանքի խոսքեր շռայլել: Սակայն հայոց արքան և նրա հարազատներն անցան հպարտորեն ու արժանապատիվ: Ինչպես գրում է ժամանակակից հույն պատմիչը, «նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»: Հայերի նման կեցվածքը մեծ տպավորություն թողեց: Վիրավորված Կլեոպատրան չներեց Արտավազդին և կարգադրեց զնդան նետել նրան:

Անտոնիոսի ինքնագլուխ գործողությունները խիստ սրեցին նրա հարաբերությունները պաշտոնական Հռոմի հետ: Քաղաքացիական պատերազմը դարձավ անխուսափելի, որը և շուտով բռնկվեց:

Ք.ա. 31թ. սեպտեմբերի 2-ին Ակտիումի ճակատամարտում Անտոնիոսը լիակատար պարտություն կրեց եռապետ Գայոս Օկտավիանոսի բանակից և փախավ Ալեքսանդրիա: Նույն թվի հոկտեմբերին՝ Կլեոպատրայի կարգադրությամբ Արտավազդ Բ-ն մահապատժի ենթարկվեց Ալեքսանդրիայում: Շատ չանցած, Օկտավիանոսի կողմից գերի վերցվելու վտանգն ստիպեց Անտոնիոսին և Կլեոպատրային ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կյանքին:

 

Արտաշես Բ-ի գահակալությունը

Արտավազդ Բ-ի գերեվարությունից հետո հռոմեական բանակը ռազմակալեց Հայաստանը: Թալանվեցին քաղաքներն ու մեհյաններում կուտակված մեծ հարստությունները: Հռոմեական սկզբնաղբյուրներում մանրամասն նկարագրվում է Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու հռչակավոր մեհյանի կողոպուտը, և թե ինչպես են ընչաքաղց հռոմեացի զինվորներն առանձին կտորների վերածել աստվածուհու ոսկեձույլ արձանը:

Սակայն հռոմեացիների կողմից ռազմակալված Հայաստանը փոթորկվում էր: Գերեվարությունից խույս տված թագաժառանգ Արտաշեսը, հաջողության չհասնելով, իր զորքերով քաշվեց Պարթևստան: Քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունն ստիպեց Պարթևստանի Հրահատ Դ թագավորին ևս փոխել վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Նա ոչ միայն ապաստան տվեց փախստական թագաժառանգին և իր դստերը կնության տվեց նրան, այլև ռազմական մեծ օգնություն տրամադրեց հռոմեական նվաճողների դեմ պայքարը կազմակերպելու համար: Արտաշեսի գործողություններն ավելի նպատակասլաց դարձան հատկապես Ակտիումի ճակատամարտից հետո: Հայ-պարթևական զորքերի գլուխ անցած նա մտավ Հայաստան և, մի քանի վճռական ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին, նրանց դուրս շպրտեց երկրից:

Ք.ա. 30 թ. Արտաշեսը հանդիսավորությամբ հռչակվեց հայոց թագավոր: Արտաշես Բ-ն (Ք.ա. 30-20) ուժեղ անհատականություն էր, վճռական և անհաշտ թշնամու նկատմամբ: Նա Հռոմից պահանջեց հետ վերադարձնել իր կրտսեր եղբայրներին՝ Տիգրանին և Արտավազդին, սակայն մերժում ստացավ: Ի պատասխան հոր՝ Արտավազդ Բ-ի մահապատժի, նա կարգադրեց սրի քաշել Հայաստանում գտնվող հռոմեացիներին: Այնուհետև արշավեց Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ, գրավեց այն և միացրեց իր թագավորությանը: Մեծ Հայքի թագավորությունը նրա օրոք նշանակալից չափով ուժեղացավ: Ուստի պատահական չէ որ նրա հատած դրամները կրում էին «արքայից արքա» մակագրությունը: Երիտասարդ և եռանդուն թագավորը լի էր վճռականությամբ՝ վերականգնելու Հայոց թագավորության երբեմնի հզորությունը: Արտաշես Բ-ի շեշտված հակահռոմեական դիրքորոշումը և հատկապես դաշինքը Պարթևստանի հետ մեծապես հարվածում էին Հռոմի արևելյան քաղաքականությանը՝ խոչընդոտելով նրա զավթողական ծրագրերին: Ուստի Օգոստոս կայսրը, որ ուշի-ուշով հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, վճռում է տապալել անցանկալի Արտաշես Բ-ին և փոխարենը գահ բարձրացնել նրա կրտսեր եղբորը՝ արքայազն Տիգրանին: Վերջինս տասը տարուց ի վեր գտնվելով Հռոմում, ստացել էր հռոմեական դաստիարակություն: Ք.ա. 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Հայոց թագավորի սպանությունը: Արտաշիսյան Հայաստանը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը:

 

Հայոց թագավորությունը վերջին Արտաշիսյանների օրոք

Արտաշես Բ-ի սպանությունից անմիջապես հետո Օգոստոսի կարգադրությամբ թագաժառանգ, ապագա կայսր Տիբերիոսը Արտաշատում հանդիսավորությամբ գահ բարձրացրեց Տիգրան Գ-ին (Ք. ա. 20-8 թթ.): Այս իրադարձությունը Հռոմում դիտվել է որպես կարևոր հաղթանակ և նշվել շուքով: Հատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսն ու Հորացիոսն անգամ ձոնել են դրան հատուկ ներբողներ:

Հակառակ հռոմեացիների ակնկալիքների, Տիգրան Գ-ն չդարձավ Հռոմի հլու կամակատարը: Կյանքի վերջին տարիներին նա հրաժարվեց հռոմեական կողմնորոշումից և վարեց միանգամայն անկախ քաղաքականություն: Նրա քաղաքականությունը շարունակեց նաև նրա հաջորդն ու որդին՝ Տիգրան Դ-ն (Ք.ա. 8-5, 2-1): Դեպքերի նման զարգացումից անհանգստացած Օգոստոսը մեծ բանակով Հայաստան է ուղարկում իր որդեգիր Գայոս Կեսարին, որը գահընկեց է անում Տիգրան Դ-ին և թագավոր հռչակում նրա հորեղբայր Արտավազդ Գ-ին (Ք. ա. 5-2): 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից խորթացած այս թագավորը Հայաստանը կառավարում է հռոմեական օրենքներով և անզուսպ թալանում պետական գանձարանը: Չհանդուրժելով այս իրավիճակը՝ հայերն ապստամբում են նրա դեմ և սպանում: Վերստին գահ է բարձրանում Տիգրան Դ-ն, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ միասին (Ք.ա. 2-1): Հայոց թագավորը բանակցություններ վարեց Օգոստոսի հետ, որպեսզի վերջինս ճանաչի իր թագավորությունը: Այդ ուղղությամբ ձեռք բերվեց որոշակի պայմանավորվածություն: Բայց 1 թ. կովկասյան լեռնականների դեմ մղված պատերազմներից մեկի ժամանակ Տիգրան Դ-ն սպանվեց, իսկ Էրատոն էլ հրաժարվեց գահից:

Տիգրան Դ-ի անունով մեզ հասած դրամների վրա նա պատկերված է Արտաշիսյանների ավանդական թագով, իսկ դրամի հակառակ կողմում էրատոն է՝ վարսերը գլխի շուրջը հավաքած: Դրանք ունեն «Արքայից արքա Տիգրան» և «էրատո՝ Տիգրան արքայի քույրը» հունարեն մակագրությունները:

Տիգրան Դ-ի սպանությամբ սպառվեց Արտաշիսյան արքայատոհմի արական ճյուղը: Հայաստանի առջև ծառացավ նոր արքայատոհմ հաստատելու խնդիրը, որը հրատապ լուծում էր պահանջում: Այն առաջին հերթին ներքին խնդիր էր, սակայն անմիջապես ձեռք բերեց նաև միջազգային քաղաքական հնչեղություն՝ դառնալով Հռոմի և Պարթևստանի հակամարտության և մրցակցության գլխավոր առարկան:

Создать бесплатный сайт с uCoz