…tify;">Հողի մասին դեկրետն ընդունվեց 1920թ. դեկտեմբերի 28-ին։ Այդ դեկրետի, ապա 1923 թ. ընդունված հողային օրենսգրքի համաձայն բռնագրավվեցին կալվածատիրական հողերը, կատարվեց բոլոր հողերի ազգայնացում։ Այնուհետև դրանք բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև, որոնց ընդհանուր թիվը 1920-ական թվականների վերջին հասնում էր շուրջ 180 հազարի։

Հայաստանում կալվածատիրությունը տարածված չէր, ուստի խորհրդային իշխանության հողային բարենորոգումները քիչ չափով ավելացրին գյուղացու հողաբաժինը։

Հողային հարցի լուծման կարևոր խնդիրներից էր մեծաթիվ գաղթական բնակչության ապահովումը, որը լրացուցիչ դժվարություն էր ստեղծում առանց այն էլ հողասակավ երկրի համար։ Ստեղծված պայմաններում հողով բավարարվեցին ոչ բոլոր գյուղացիները։ 1929թ. ավելի քան 40 հազար գյուղաբնակներ շարունակում էին մնալ հողազուրկ։

Խորհրդային օրենքներով հողը գյուղացուն ամրագրվում էր ձրի և պարբերական վերաբաժանման սկզբունքով։ Խորհրդային իշխանությունն անհատական տնտեսությունը դիտում էր որպես ժամանակավոր երևույթ, քանի դեռ չէր նախապատրաստվել անցումը սոցիալիստական տնտեսություններին։

Հայաստանի տնտեսության վերականգնմանը նպաստում էր նաև Ռուսաստանի օգնությունը։ Առաջին օգնությունը ստացվեց 1921 թ. մարտին, երբ ինքնաթիռը Հայաստան փոխադրեց 47 կիլոգրամ ոսկի։ Այն օգտագործվեց Իրանից հաց գնելու համար։ Հայաստանի ստացած օգնության գումարը կազմեց 3,5 միլիոն ռուբլի ոսկով։ Ռուսաստանը օգնություն էր ցույց տալիս կադրերով և այլ միջոցներով։ Շարունակվում էր Մերձավոր Արևելքում Օգնության ամերիկյան կոմիտեի (Ամերկոմ) կողմից ցուցաբերվող բարեգործական օգնությունը։ Ամերկոմի մանկատներում սնվում և ուսում էին ստանում հազարավոր որբ երեխաներ՝ ցեղասպանության զոհերի վերապրողներ։ Ամերկոմի մարդասիրական գործունեությունը տևեց մինչև 1920-ական թվականների վերջը՝ երեխաների չափահաս դառնալը։

Նէպի և մյուս միջոցառումների շնորհիվ վերա¬կանգնվեցին գյուղատնտեսությունը և արդյունաբե¬րությունը։ 1928թ. Հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան՝ 1913թ. մակարդակին։

Ցավոք, հետագա տարիներին նոր տնտեսական քա¬ղաքականությունը չշարունակվեց, որի պատճառով գյու¬ղատնտեսության հետագա զարգացումը մեծապես խաթարվեց։

Հայաստանի տնտեսական շինարարության գործում մեծ աշխատանք կատարեց Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյան, 1881-1937), որը շնորհալի տնտեսական գործիչ էր։

 

Ինդուստրացման գործընթացը

Ժողովրդական տնտեսության վերականգնումն ավարտելուց հետո ԽՍՀՄ-ում առաջ քաշվեց երկրի ինդուստրացման խնդիրը։ Այս մասին համապատասխան որոշում ընդունեց ՀամԿ(բ)Կ 14-րդ համագումարը (1925թ.)։ Ինդուստրացումը նշանակում էր ստեղծել արդյունաբերական ճյուղեր, երկաթուղիներ, հասնել նրան, որ ԽՍՀՄ-ի տնտեսության մեջ իշխող դառնար արդյունաբերությունը։ Կուսակցության ղեկավարության մեջ իշխում էր այն տեսակետը, որ ԽՍՀՄ-ը կապիտալիստական շրջապատման մեջ միայնակ կարող է հասնել սոցիալիզմի հաղթանակին։ Դրա համար հարկավոր էր ինդուստրացնել երկիրը, կոլեկտիվացնել գյուղատնտեսությունը, կատարել կուլտուրական հեղափոխություն։

Ինդուստրացման քաղաքականության կենսագործումը, որն սկսվեց 1920-ական թվականների երկրորդ կեսին, ենթադրվում էր, որ կպահանջի տևական ժամանակաշրջան։ Այստեղից էլ ծագեց հնգամյակներով պլանավորումը, որը շարունակվեց նաև հետագայում, խորհրդային իշխանության գոյության ամբողջ ընթացքում։

Ինդուստրացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հնարավոր էր հայթայթել միայն երկրի ներսում։ Գյուղացիության վրա դրվեցին հարկեր, աշխատավորներին տրվում էր չնչին աշխատավարձ, բռնագրավվում էին վանքերի ու եկեղեցիների հարստությունները։ Արտահանվում և վաճառվում էին հացը, անտառանյութը և բնական այլ հարստություններ։

Ինդուստրացման համար վճռական նշանակություն ուներ էներգետիկայի հարցը։ 1920-30-ական թվականներին կառուցվեցին Երևանի ու Լենինականի (Գյումրի), Ձորագետի ու Քանաքեռի հէկերը։ Վերջինը Սևան-Հրազդան կասկադի առաջին կայանն էր, որը, ինչպես և հաջորդները, հետագայում աշխատելու էր Սևանից բաց թողնվող ջրի հաշվին։ Ժամանակի ընթացքում լճի մակարդակի իջեցումը ստեղծեց բնապահպանական լուրջ խնդիր, որը շարունակվում է մինչև այսօր։

Հանրապետությունում հիմք դրվեց քիմիական, լեռնահանքային (պղնձի) արդյունաբերությանը։ Ղափանում հիմնադրվեց պղնձի հանքահարստացնող ֆաբրիկա։ Ալավերդում կառուցվեցին պղնձաձուլական և քիմիական գործարաններ։ Ղարաքիլիսայում (Վանաձոր) հիմնադրվեցին քիմիական ձեռնարկություններ։ 1933թ. Երևանում դրվեց արհեստական կաուչուկի գործարանի հիմքը, որն առաջինն էր ԽՍՀՄ-ում։ Այն սկսեց արտադրանք տալ 1940թ.։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը բավարարում էր ԽՍՀՄ-ի կաուչուկի պահանջարկի զգալի մասը։

Միութենական նշանակություն ունեցող քիմիական արդյունաբերության զարգացումը հետագայում բնապահպանական ծանր խնդիրներ առաջ բերեցին։

Գյումրին դարձավ Հայաստանի տեքստիլ արդյունաբերության կենտրոնը։ Կազմակերպվեց շինանյութերի արդյունաբերություն՝ հումքի հարուստ պաշարների, մասնավորապես տուֆ քարի հիմքի վրա։ Դավալուում (Արարատ) հիմնադրվեց ցեմենտի խոշոր կոմբինատ։ Գործարկվեցին սննդի արդյունաբերության և այլ ձեռնարկություններ։

Առաջին հնգամյակի ընթացքում (1928-1932) Հայաստանում շահագործման հանձնվեց 18, իսկ երկրորդում (1933-1937)՝ 26 արդյունաբերական ձեռնարկություն։ Երրորդ հնգամյա պլանի (1938-1942) կատարումն ընդհատվեց Հայրենական պատերազմի պատճառով։

Ինդուստրացման շնորհիվ 1928-1940 թթ. բանվորների թիվն ավելացավ 4,5 անգամ՝ հասնելով 92,4 հազարի։ Մասնագիտացման նպատակով կազմակերպվեցին ֆաբրիկագործարանային ուսումնական հաստատություններ։

Նախապատերազմյան երեք հնգամյակների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ առաջատար էր դարձել արդյունաբերությունը։ Հայաստանի ինդուստրացման գործում մեծ է ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանի (1886-1937) ծառայությունը։

 

Գյուղատնտեսության կոլեկտիվացումը

1928-1929 թթ. դժվարություններ էին առաջ եկել հացամթերումների բնագավառում։ Հացի պակասը լրացնելու համար ՀամԿ(բ)Կ Կենտկոմի գլխավոր քարտուղար Ի. Ստալինի նախաձեռնությամբ հարձակում ծավալվեց կուլակ (ունևոր) գյուղացիների վրա՝ նրանց հացի պաշարները բռնագրավելու համար։ Նրանց համար սահմանվեցին նաև խիստ բարձր հարկեր։

Կուսակցությունը գյուղական մասնավոր տնտեսությունները կոլեկտիվացնելու ծրագիր էր մշակում։ 1927թ. ՀամԿ(բ)Կ 15-րդ համագումարը որոշում ընդունեց գյուղատնտեսության կոլեկտիվացումը նախապատրաստելու մասին։ Հացամթերման դժվարությունների առիթով կուսակցության ստալինյան ղեկավարությունը պահանջեց արագացնել կոլեկտիվացման տեմպերը։ Եվ դա այն դեպքում, երբ գյուղացին ցանկություն չուներ հրաժարվել անհատական տնտեսությունից և մտնել կոլտնտեսություն։ Սրանով կոպիտ կերպով խախտվում էր կոլեկտիվացման կամավորության սկզբունքը։

Բռնության և հարկադրանքի գործադրումը հանդիպեց գյուղացիության ուժեղ դիմադրությանը։ Գյուղացիների դժգոհության և հակակոլտնտեսային տրամադրության արտահայտություն էին լայն տարածում գտած անասունների մորթը՝ դրանք կոլտնտեսությանը չհանձնելու համար, և «բանդիտական շարժումը»։

Համատարած կոլեկտիվացման ժամանակ կուսակցությունն անցավ կուլակությանը որպես դասակարգ վերացնելու քաղաքականությանը։ Կուլակներին, նրանց ունեցվածքը բռնագրավելուց հետո, ընտանիքով արտաքսում էին գյուղից։

Հայաստանում, ի տարբերություն ԽՍՀՄ շատ շրջանների, կոլտնտեսային շարժման գործընթացը զգալիորեն դանդաղ էր առաջ գնում։ Նման ազգային շրջաններում կոլեկտիվացման հետ մնալու պատճառների հարցը քննարկվեց 1934թ. հուլիսին ՀամԿ(բ)Կ Կենտկոմում կայացած խորհրդակցությունում։ Նշվեց, որ այդ շրջաններում կոլեկտիվացման դանդաղ տեմպի պատճառը անհատական տնտեսությունների հարկային թեթև ծանրաբեռնվածությունն է՝ կոլտնտեսությունների համեմատությամբ։

Բնականաբար այդ խորհրդակցությանը հետևեց հարկային բեռի ծանրացումը, որից ելքը գյուղացին տեսնում էր կոլեկտիվ գրվելու մեջ։ Ընդ որում, թեթև չէր նաև կոլտնտեսությունների հարկային բեռը։ Նրանցից պետությունը կատարում էր մեծածավալ մթերումներ։ Այդ պատճառով սով առաջացավ ԽՍՀՄ մի շարք շրջաններում։ Հայաստանի Սևանի գոտու շրջանների հազարավոր գյուղացիներ (մենատնտես և կոլտընտեսական) հեռացան իրենց գյուղերից՝ հաց վաստակելու համար։

Հայաստանում գյուղացիների մեծ մասը հարկադրաբար կոլտնտեսությունների մեջ մտավ հատկապես 1935–1937թթ.։ 1940 թ. հանրապետությունում արդեն ավարտվել էր գյուղատնտեսության կոլեկտիվացումը։ Գոյություն ուներ շուրջ 1000 կոլտնտեսություն։

Գյուղատնտեսության հետ մնալու հիմնական պատճառը սոցիալիստական տնտեսաձևը և պետության հարկային քաղաքականությունն էին, որոնք մերժում էին նյութական շահագրգռվածության սկզբունքը, ապրանքադրամական-շուկայական հարաբերությունները։ Այսինքն՝ բացակայում էին զարգացման համար անհրաժեշտ տնտեսական խթանող պայմանները։

Գյուղատնտեսության կոլեկտիվացումով մենատնտես գյուղացիությունը վերափոխվեց կոլտնտեսային գյուղացիության։ Գյուղացիության մի մասն էլ համալրեց քաղաքային բնակչության, բանվոր դասակարգի շարքերը։ Ձևավորվեց նաև գյուղական մտավորականության խավ։

 

Կոմունիստական կուսակցության մենիշխանությունը

Կոմունիստական մենիշխանության հաստատման առաջին քայլը բոլշևիկների կողմից «ձախ» դաշնակցականներին իշխանության մեջ տեղ հատկացնելու մասին համաձայնության (2 դեկտեմբերի, 1920թ.) խախտումն էր։ Իսկ 1921թ. վերջին ՀԿ(բ)Կ Կենտկոմը կազմակերպեց ցուցադրական «դատավարություն»՝ մերկացնելու համար Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Ապա նախապատրաստվեց և իրականացվեց գաղտնի գոյատևող Դաշնակցության, որպես կուսակցության, վերացումը։

1923թ. Երևանում կայացավ ՀՅ Դաշնակցության, այսպես կոչված, ինքնավերացման համագումարը։ Համագումարը դատապարտեց կուսակցության անցյալ գործունեությունը և որոշում ընդունեց իր գոյությունը Խորհրդային Հայաստանում դադարեցնելու մասին։ Հիշյալ համագումարի առիթով Հայաստանի գավառներում ու քաղաքներում, վստահելով կոմունիստների խոսքին, ինքնաբացահայտվել և ցուցակագրվել էր ավելի քան 4000 դաշնակցական։ Մի քանի տարի անց այդ ցուցակներն օգնեցին Արտակարգ հանձնաժողովին հետապնդելու դաշնակցականներին։

Այդպիսով, Հայաստանում Դաշնակցությունը, որպես հնարավոր ընդդիմադիր կուսակցություն, գոյություն չուներ։ Դադարեցրին իրենց գործունեությունը նաև մենշևիկները, էսէռները, հնչակյանները, Հայ ժողովրդական կուսակցությունը։ Ընդ որում, ազգային և մյուս բոլոր կուսակցությունները վերացվեցին ամբողջ ԽԱՀՄ-ում։ ՀամԿ(բ)Կ–ն մնաց միակ և կառավարող կուսակցությունը խորհրդային երկրում։ Չէին ընդունվում այլախոհությունը, այլակարծությունը։ Շինծու մեղադրանքներով Ի. Ստալինը շարքից հանում էր իր կուսակցական հակառակորդներին։ Ստալինի պաշտամունքը նրա դերի խիստ գերագնահատումն էր, երբ նրան էին վերագրվում ամբողջ ժողովրդի ջանքերով նվաճված հաջողությունները, ԽԱՀՄ-ի առաջադիմությունը և հաղթանակները։

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, ըստ էության, զուրկ էր ինքնուրույն քաղաքականություն մշակելու և իրականացնելու հնարավորությունից, կախյալ վիճակում էր Մոսկվայից։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանի կուսակցական ղեկավարությունը իր ձեռքում էր կենտրոնացրել հանրապետության ղեկավարման ու կառավարման ամբողջ համակարգը։

 

Հասարակական կազմակերպությունները

Հանրապետության քաղաքական-հասարակական կյանքը կազմակերպվում էր կոմունիստական կուսակցության մենիշխանության պայմաններում, նրա ղեկավարությամբ։

Այդ տարիներին կուսակցության շարքերը դարձան բազմանդամ՝ 1941թ. հասնելով շուրջ 36 հազարի կամ 20 տարվա ընթացքում աճելով մոտ 7 անգամ։

Պետության բարձրագույն օրենքը՝ 1922թ. ընդունված սահմանադրությունը, ավելի ու ավելի էր դառնում ձևական։ Պետական կառույցների փոխարեն հարցերը լուծում էին կուսակցական մարմինները։ Իշխանության բարձրագույն մարմինը խորհուրդների համագումարն էր, որը նույնպես առաջնորդվում էր կուսակցության ցուցումներով։

Մինչև 1929թ. Հայաստանը բաժանվում էր վարչատարածքային շրջանների և գավառների։ 1930թ., գյուղատնտեսության կոլեկտիվացման կապակցությամբ, իշխանությունը տեղերին մոտեցնելու նպատակով, գավառները վերացվեցին և կազմավորվեցին 25 շրջաններ։ Շրջանային բաժանումը գոյատևեց մինչև 1996թ., երբ կազմավորվեցին մարզերը։

Կուսակցության ղեկավարության և ազդեցության տակ էին գործում հասարակական կազմակերպությունները՝ արհեստակցական միությունները, կոմերիտմիությունը, ստեղծագործական միությունները։

Հայաստանի երիտասարդական կազմակերպությունը Վ. Ի. Լենինի մահից հետո (1924թ.) կրում էր նրա անունը (Հայաստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միություն՝ ՀԼԿԵՄ)։ 1930-ական թվականների վերջում ՀԼԿԵՄ շարքերում հաշվվում էր 93 հազար մարդ։

1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում Կոմունիստական կուսակցության մենիշխանությունը վերաճեց ամբողջատիրության (տոտալիտարիզմ)։ Դա Կոմկուսի այնպիսի տիրապետությունն էր, երբ նրա ղեկավար դերն իշխող էր դարձել ու թափանցել էր երկրի տնտեսական, քաղաքական, հասարակական, մշակութային կյանքի բոլոր բնագավառները, նաև արտաքին քաղաքականություն։ Վերևից վերահսկվում էր այն ամենը, ինչ տեղի էր ունենում վիթխարի երկրի ամեն անկյունում։

Հայաստանում հասարակական և քաղաքական կյանքի ղեկավար ու կազմակերպիչ ուժը Հայաստանի կոմունիստական կուսակցությունն էր, նրա Կենտրոնական կոմիտեն։

1920–1930-ական թվականներին ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղարներ են եղել և գործել են համեմատաբար տևական Աշոտ Հովհաննիսյանը (1922–1927թ.) (հետագայում՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, անվանի պատմաբան) և Աղասի Խանջյանը (1930–1936թ.)։ Նշանակալի է նրանց վաստակը երկրի տնտեսական ու մշակութային վերելքի և ազգային կադրերի աճի ու դաստիարակության գործում։

 

Քաղաքական բռնությունները

Բոլշևիկների կուսակցության ղեկավարությունը իշխանությունը պահելու ելքը տեսնում էր ոչ թե ժողովրդավարության, այլ հարկադրանքի, բռնության մեջ։ Առաջին զանգվածային բռնաճնշումները գործադրվեցին հայ սպայության նկատմամբ։ 1920 թ. դեկտեմբերին և 1921թ. հունվարին Հայաստանից արտաքսվեցին շուրջ 1400 հայ սպաներ։ Աքսորյալների թվում էին գեներալներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ։

1923թ. Դաշնակցություն կուսակցության «ինքնավերացման» համագումարից հետո, երբ արդեն ինքնաբացահայտվել և ցուցակավորվել էին այդ կուսակցության մի քանի հազար անդամներ, պատժիչ մարմինների գործը բավական հեշտացել էր։ 1920-ական թվականների երկրորդ կեսին և հետագայում մի քանի շուրջկալներ կազմակերպվեցին, և հարյուրավոր դաշնակցականներ, որոնց մի մասը իսկապես հրաժարվել էր կուսակցությունից, մեկուսացվեցին։

1930 թվականից, երբ «համատարած կոլեկտիվացման» պատճառով խիստ սրվել էր տնտեսական ու քաղաքական իրադրությունը, բռնությունները նոր թափ առան։

Շատ գյուղացիներ, որոնց պիտակավորում էին իբրև «կուլակներ», և ովքեր դեմ էին հարկադրական կոլեկտիվացմանը, արտաքսվեցին հայրենի գյուղերից։ Միայն 1930թ. առաջին կեսին Հայաստանում ունեզրկվել և արտաքսման էր ենթարկվել շուրջ 1100 գյուղացիական տնտեսություն։

Բռնությունը և հալածանքը չշրջանցեցին նաև եկեղեցուն։ Հարձակում իրականացվեց եկեղեցու և վանքերի հարստությունների վրա։ Նրանց անշարժ գույքը (կալվածքները) բռնագրավելուց հետո կողոպտվեցին մյուս հարստությունները։ Փակվեցին շատ եկեղեցիներ։

1926թ. որոշում ընդունվեց նաև այն մասին, որ եկեղեցին հրաժարվի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ապրիլի 24-ը նշելուց։ Ընդ որում, խորհրդայնացումից ի վեր պետական կարգով այն չէր նշվում։

Մինչև 1937թ. վերջը Հայաստանում փակվել էր շուրջ 800 եկեղեցի։ Փաստորեն հատուկենտ եկեղեցիներ էին գործում։ Իսկ 1930–1938թթ. բռնություն էր գործադրվել 164 հոգևորականի նկատմամբ, նրանցից 91-ը գնդակահարվել էին։

ՀԿ(բ)Կ Կենտկոմը 1938թ. օգոստոսի 4-ին որոշում ընդունեց Էջմիածնի վանքը փակելու և հայ հոգևորականության համազգային կենտրոնը՝ Էջմիածնի կաթողիկոսությունը վերացնելու մասին։ Էջմիածինը փաստորեն զրկվել էր սփյուռքի հետ կապվելու, իր թեմերը ղեկավարելու հնարավորությունից։ Հայոց եկեղեցին ապրում էր ծանր օրեր։ Միայն վերահաս Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով փոփոխված իրադրությունը կանխեց այդ որոշման կենսագործումը։ Հայոց եկեղեցու գոյատևումը շարունակվեց, մեղմացավ ու փոխվեց քաղաքականությունը նրա նկատմամբ։

1930-ական թվականների կեսերին, երբ Ի. Ստալինի պաշտամունքը լիովին ձևավորվել էր, երկրում ծավալվեց կամայականությունների ու բռնությունների նոր ալիք։ 1936-1938 թվականները դարձան խորհրդային պատմության «սև տարիներ»։

Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) կուսմարզկոմի քարտուղար Ս. Կիրովի սպանությունն (1934թ.) օգտագործվեց բռնություններին նոր թափ հաղորդելու համար։ Բանտեր և աքսորավայրեր նետվեցին անմեղ մարդիկ։

ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, 35-ամյա Աղասի Խանջյանի սպանությունը, որը տեղի ունեցավ 1936թ. հուլիսին Թիֆլիսում, օգտագործվեց բռնությունները ծավալելու համար։ Նա ՀամԿ(բ)Կ Անդրկովկասի երկրային կոմիտեի քարտուղար, Ի. Ստալինի դրածո Լ. Բերիայի զոհն էր։ Վերջինս հետագայում մերկացվեց և գնդակահարվեց, բայց մինչ այդ ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմի պաշտոնում հասցրեց մեծ չարագործություններ կատարել։

1936թ. օգոստոս-սեպտեմբերին Հայաստանում տեղի ունեցան նոր զանգվածային ձերբակալություններ։ Դրանք սկսվեցին մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի տնօրեն Ներսես Ստեփանյանի նկատմամբ շինծու գործով ու ձերբակալությամբ։ Մի գործ, որն անձամբ ղեկավարում էր ներքին գործերի ժողկոմ Խաչիկ Մուղդուսին։ Նա հորինեց նաև մեկ այլ խմբի կեղծ գործ, որի մեջ էին գրողներ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Գուրգեն Մահարին և ուրիշներ։

1937թ. օգոստոսին հարցաքննության ժամանակ 3-րդ հարկի լուսամուտից իրեն դուրս նետեց (կամ դուրս նետեցին) Հայաստանի կառավարության նախկին նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը։ Այդ առիթով Ի. Ստալինը նամակով դիմեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյին՝ պահանջելով խստացնել պայքարը «հայ ժողովրդի թշնամիների» դեմ, որոնք իբրև թե ազատորեն թրև են գալիս և վնաս հասցնում ժողովրդական տնտեսությանը։ Դրա հետևանքով ուժեղացան բռնությունները։

Պատժիչ մարմինների, մատնիչների աչքից չվրիպեցին նաև գյուղատնտեսության, դպրոցի աշխատողները, ուսանողները։

Միայն 1937թ. Հայաստանում ձերբակալվել է 5000 մարդ։ Նրանց 67 տոկոսի համար ընդունվել է գնդակահարության որոշում։

Բռնաճնշումների ծավալումը չէր կարող դառնալ անվերջ, մանավանդ երկրի միջազգային դրության սրվելու պայմաններում։ Ուստի 1938թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հատուկ որոշումներով տեղի ունեցավ որոշ մեղմացում։

Դրա հետևանքով քաղաքական մեղադրանքներով խորհրդային անմեղ մարդկանց բռնությունները նվազեցին, բայց լիովին չդադարեցին, ինչպես Հայրենական պատերազմի տարիներին, այնպես էլ դրանից հետո։ Իսկ 1949 թ. մարդկանց մեծ խմբեր աքսորվեցին Ալթայի երկրամաս։

Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում անհիմն կերպով բռնաճնշման ենթարկվեց շուրջ 42 հազար մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց։

Այս ամենը հնարավոր դարձավ անսանձ բռնության ու ամբողջատիրության պատճառով, ժողովրդավարության բացակայության պայմաններում։ Ստալինյան ոճրագործություններին հնարավոր եղավ վերջ տալ միայն նրա մահից հետո (1953թ.)։

 

Հայկական ԽՍՀ նոր սահմանադրության ընդունումը

1930-ական թվականների կեսերին կոմունիստական կուսակցության ղեկավարությունը եկավ այն եզրակացության, որ երկրում տեղի են ունեցել այնպիսի արմատական տեղաշարժեր, որոնք պետք է իրենց արտահայտությունը գտնեն ԽՍՀՄ սահմանադրությունում։

Նոր սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման արդյունքներն ամփոփելու համար 1936թ. նոյեմբերին հրավիրվեց ԽՍՀՄ խորհուրդների 8-րդ արտահերթ համագումարը, որը դեկտեմբերի 5-ին ընդունեց այն։

ԽՍՀՄ նոր սահմանադրությունը հռչակեց «սոցիալիզմի հաղթանակը»՝ որպես երկրի կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխությունների հանրագումար։

ԽՍՀՄ հասարակարգի տնտեսական հիմքը արտադրության միջոցների համապետական սեփականությունն էր, որպես նախկին տնտեսության բազմակացութաձևության (կապիտալիստական, մասնավոր, փակ բնատնտեսային) վերացման արդյունք։

Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ իշխող էր մնում վարչահրամայական համակարգը։

ԽՍՀՄ նոր սահմանադրության համաձայն Անդրկովկասյան Դւսշնությունը, որը կատարել էր իր պատմական դերը, վերացվեց։ Հայկական, Վրացական ու Ադրբեջանական հանրապետությունները ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտան ուղղակիորեն։ ԽՍՀՄ սահմանադրության հիման վրա մշակվեցին և ընդունվեցին միութենական բոլոր 11 հանրապետությունների սահմանադրությունները։ Ստեղծվեց հանձնաժողով Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը մշակելու համար։ Այն, համաժողովրդական քննարկման դրվելուց հետո, ընդունվեց 1937թ. մարտին։ Սահմանադրությունն ամրագրեց «Հայաստանի սոցիալիստական պետության» կայացումը։ Բարձրագույն իշխանությունը կոչվեց Գերագույն խորհուրդ։ Սահմանվեց նոր ժողովրդավարական ընտրական համակարգ։ Ոչ հավասար, բազմաստիճան և բաց ընտրությունների սկզբունքը փոխարինվեց համընդհանուր, հավասար և փակ ընտրություններով։

Նոր օրենքով 1937թ. դեկտեմբերի 12-ին կայացան բարձրագույն իշխանության՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի (Միության և Ազգությունների պալատներից բաղկացած) ընտրությունները։ Հայկական ԽՍՀ-ից ընտրվեց 4 պատգամավոր (ըստ իր բնակչության թվի) Միության պալատի և 25 պատգամավոր (որպես միութենական հանրապետություն)՝ Ազգությունների պալատի համար։

1938թ. հունիսի 12-ին տեղի ունեցան Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները։ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ ընտրվեց Մացակ Պապյանը, իսկ ժողկոմխորհի նախագահ՝ Արամ Փիրուզյանը։ Մինչ այդ, 1937թ., ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար էր ընտրվել Գրիգոր Հարությունյանը (1900–1957թթ.), որը մեծ ավանդ ունի հանրապետության տնտեսության ու գիտամշակութային կյանքի զարգացման գործում։

 

Հայաստանի տարեդարձը

1940թ. լրացավ Հայաստանի խորհրդայնացման 20 տարին։ Այդ ընթացքում ԽՍՀՄ կազմում հայ ժողովուրդն ապրեց խաղաղության և ստեղծագործական աշխատանքի ժամանակաշրջան, նվաճումներ ձեռք բերվեցին տնտեսության ու մշակույթի բնագավառում։ Ավելանում էր բնակչությունը ինչպես հայրենադարձության, այնպես էլ բնական աճի շնորհիվ։ 1939թ. մարդահամարի տվյալներով հանրապետության բնակչության թիվը հասել էր 1 մլն 282 հազարի, որը 1926թ. մարդահամարի տվյալներից ավելի էր 45,5 տոկոսով։ Ընդ որում, ԽՍՀՄ-ում հայերի ամբողջ թիվն էր 2152860։ Հայաստանից հետո հայերի թիվը մեծ էր, հաջորդաբար, Ռուսաստանում, Վրաստանում և Ադրբեջանում (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում՝ 133 հազար կամ մարզի բնակչության 88 տոկոսը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ 13 հազար)։ Բարձրացել էր քաղաքային բնակչության տեսակարար կշիռը՝ որպես ինդուստրացման արդյունք։ Որակական փոփոխություններ էին տեղի ունեցել հասարակության սոցիալական կառուցվածքում։ Հասարակության կազմը ներկայացնում էին բանվոր դասակարգը, կոլտնտեսային գյուղացիությունը և մտավորականությունը։

Անցած 20 տարիները միայն հաջողություններով չեն բնորոշվում։ Քիչ չէին նաև կորուստներն ու զոհողությունները։ Մեծ տերությունները վերջնականապես տապալեցին Հայկական հարցը։ Խորհրդային Հայաստանին վիճակվեց խիստ փոքր տարածք։ Իսկ ստալինյան բռնապետության պայմաններում հայ ժողովուրդը կրեց մեծ զրկանքներ, ունեցավ մարդկային կորուստներ։

 

Միջազգային դրության սրումը

Խորհրդային երկրի տնտեսական ու մշակութային կյանքի զարգացումն ընթանում էր միջազգային բարդ ու լարված իրադրության պայմաններում։ Սրվում էին հակասությունները կապիտալիստական երկրների, ինչպես նաև կապիտալիզմի ու սոցիալիզմի միջև։ 1939թ. սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ֆաշիստական Գերմանիայի դեմ համատեղ պայքարելու, պատերազմը կանխելու նպատակով տեղի ունեցած բանակցություններում համաձայնություն չկայացավ ԽՍՀՄ-ի և արևմտյան տերությունների (Անգլիա, Ֆրանսիա) միջև։

Գերմանիան միաժամանակ գաղտնի բանակցություններ էր վարում և՛ արևմտյան պետությունների, և՛ ԽԱՀՄ-ի հետ։ 1939թ. օգոստոսին հիտլերյան Գերմանիայի և ԽԱՀՄ-ի միջև կնքվեց միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր։ Նույն թվականի սեպտեմբերին երկու պետությունների միջև ստորագրվեց բարեկամության մասին գաղտնի պայմանագիր։ Շուտով Լատվիան, Լիտվան, Էստոնիան կորցրին իրենց անկախությունը, դարձան խորհրդային և մտցվեցին ԽԱՀՄ կազմի մեջ։ Լեհաստանը, որպես պետություն, փաստորեն վերացավ։ Նրա արևմտյան մասը գրավվեց գերմանական զորքերի, իսկ արևելյանը (Արևմտյան Ուկրաինան և Արևմտյան Բելոռուսիան)՝ Կարմիր բանակի կողմից։ ԽՍՀՄ-ը Ռումինիայից հետ վերցրեց Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան։ 1939–1940թթ. ձմռանն ընթացավ խորհրդա-ֆիննական պատերազմը, որը հրահրվել էր Կարմիր բանակի կողմից՝ իբրև Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) պաշտպանությունն ապահովելու միջոց։ Պատերազմին մասնակցեցին նաև հայ ժողովրդի զավակներ։ Եղան զոհեր, իսկ չորս հայեր արժանացան բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման։

Այս իրադարձությունների հետևանքով արևմտյան սահմանը երկրի կենսական կենտրոններից զգալիորեն հեռացվեց դեպի արևմուտք։ Ղեկավարությունը ձգտում էր կանխել կամ ձգձգել ֆաշիստական հնարավոր հարձակումը։ ԽՍՀՄ-ը ժամանակ էր շահում պատերազմին պատրաստվելու համար։

 

Հայրենադարձության հիմնախնդիրը

Քեմալական Թուրքիայի ջանքերով և մեծ տերությունների կողմից Հայկական հարցի տապալումից հետո գործնական նշանակություն ստացավ հայ գաղթականությանը տեղավորելու խնդիրը։ Թուրքիան խստորեն մերժեց իր երկրում (հայկական տարածքներում) «Հայկական ազգային օջախ» կազմակերպելու առաջարկները։ Ազգային օջախի ստեղծումը, ճիշտ է, Հայկական հարցի հետ նույնական չէր, այնուամենայնիվ կունենար դրական խոշոր նշանակություն։ Այն հայ գաղթականությանը թույլ կտար համահավաք մնալ բուն հայրենիքում և ունենալ հետագա պայքարի հեռանկար։

Շատ խոսվեց ցեղասպանության ենթարկված արևմտահայ ժողովրդի կենդանի մնացածներին օգնություն ցույց տալու, այս կամ այն երկրում նրանց հավաքելու անհրաժեշտության մասին։ Սակայն գործնականում ոչինչ չէր արվում օգնություն կազմակերպելու ուղղությամբ։ Տերությունների անտարբեր վերաբերմունքի քննադատությամբ հանդես եկավ մեծ մարդասեր, Ազգերի լիգայի ներկայացուցիչ, նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը իր «Խաբված ժողովուրդ» գրքով։

Թուրքիայի մերժումից հետո մատնանշվում էին ամենատարբեր երկրների անուններ՝ տեղավորելու համար ցեղասպանության վերապրողներին։ Իսկ Լոզանի կոնֆերանսի ժամանակ Ռուսաստանի արտգործժողկոմ Գ. Չիչերինը հայտարարեց իր երկրում 250 հազար հայ գաղթականներ ընդունելու պատրաստակամության մասին, որը, սակայն, չիրականացվեց։

Հայ գաղթականության հարցի հրատապ լուծման միակ իրական ելքը Խորհրդային Հայաստանն էր, որը, սակայն, զուրկ էր համապատասխան նյութական հնարավորություններից։ Այնուամենայնիվ հանրապետության ղեկավարությունը չէր կարող անտարբեր մնալ հայ գաղթականների նկատմամբ։

1922թ. նոյեմբերին Անդրերկրկոմի բարտուղար Ալ. Մյասնիկյանը նամակով դիմեց Ռուսաստանի ղեկավարներ Վ. Լենինին, Ի. Ստալինին և Գ. Չիչերինին, որպեսզի կազմակերպվի 50 հազար հայերի հայրենադարձություն, նրանց տեղավորելով Ռուսաստանի և Անդրկովկասի քաղաքներում։

1924թ. Անդրկենտգործկոմը որոշում կայացրեց 10 հազար հայերի հայրենադարձություն կազմակերպելու մասին։ 1925թ. ՀԿ(բ)Կ Կենտկոմը հայրենադարձության առաջադրանքը հասցրեց 25 հազարի, հույս ունենալով նրանց զգալի մասին բնակեցնել Հյուսիսային Կովկասում։ Հայաստանում ընտրվել էր Սարդարապատի դաշտը, որը նախապես պետք է դառնար ոռոգելի՝ ջրանցք անցկացնելու միջոցով։ Սկսվեցին որոնումները ֆինանսական միջոցներ հայթայթելու ուղղությամբ։ Այդ նպատակով 1925թ. Հայաստան ժամանեց Ֆ.Նանսենի ղեկավարած Ազգերի լիգայի հանձնախումբը, որը պետք է ուսումնասիրեր Սարդարապատի դաշտի ոռոգման հնարավորությունները։ Հանձնախմբի գալը կապված էր նաև Ազգերի լիգայի 1923թ. որոշման հետ, ըստ որի պետք է ուսումնասիրվեր Հայաստանում 50 հազար գաղթականներ տեղավորելու հնարավորությունը։ Սակայն այս ծրագրի իրականացման միջոցներ գտնելու որոնումները ևս ապարդյուն անցան։ Ինչպես Հայկական հարցի, այնպես էլ հայրենադարձության դեպքում արևմտյան տերությունների համար անցանկալի էր քայլ կատարելը, որովհետև հարցն առնչվում էր խորհրդային իշխանության հետ։ Այսինքն՝ առաջնայինը հարցի քաղաքական կողմն էր։ Այս ամենից հետո էր, որ Ֆ. Նանսենը տպագրեց իր վերոհիշյալ մերկացնող գիրքը (1927թ.)։

 

Հայրենադարձության գործընթացը

Ցեղասպանության վերապրողների վիճակն օրհասական էր հատկապես Միջագետքում, Թուրքիայում, Հունաստանում, Սիրիայում, Բուլղարիայում և այլ երկրներում։ Միջագետքում 14 հազար վասպուրականցի գաղթականներ զրկվել էին աշխատանքի ու ապրուստի միջոցներից, որ մի քանի տարի իրականացրել էին անգլիական իշխանությունները։ Նրանք բախում էին Խորհրդային Հայաստանի դռները՝ կազմակերպելու շուտափույթ օգնություն։ Թուրքիայից 1,5 միլիոն հույների Հունաստան արտաքսելը այստեղ միանգամից ծանրացրեց հայ գաղթականների առանց այն էլ անմխիթար դրությունը։ Իսկ Թուրքիայի մայրաքաղաքից հազարավոր հայեր 1922թ. վերջին արտագաղթեցին Սիրիա և այլուր։

Խորհրդային Հայաստան առաջին հայրենադարձվողները եղան վասպուրականցիները (շուրջ 9000 մարդ) 1921–1922թթ.։ 1923թ. հայրենադարձություն տեղի ունեցավ Թուրքիայից, Իրանից և այլ երկրներից, 1924թ.՝ նույն երկրներից, ինչպես նաև Սիրիայից, Ֆրանսիայից։

Հայաստանի կառավարությունը 1926թ. որոշեց դադարեցնել զանգվածային ներգաղթը՝ նկատի ունենալով ներգաղթածների տեղավորման դժվարությունները, ինչպես նաև տեղի ունեցած Շիրակի երկրաշարժը։

Հայրենադարձության գործընթացում որոշ բեկում կատարվեց 1930-ական թվականների սկզբին։ 1931թ. նախատեսվեց կազմակերպել նոր զանգվածային ներգաղթ։ Այդ կապակցությամբ արտասահման մեկնեց կառավարության նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանը, հանդիպում ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար Գալուստ Կյուլպենկյանի հետ՝ ակնկալելով միության օժանդակությունը։

Ի կատարումն 1931թ. հիշված որոշման՝ 1932–1933թթ. Հայաստանն ընդունեց շուրջ 8000 հայրենադարձ՝ Հունաստանից, Սիրիայից և այլ երկրներից։ Հայրենադարձության հաջորդ, ընդ որում վերջին՝ մինչև 1946թ., ձեռնարկն իրականացվեց 1936թ.։ Ֆրանսիայից ժամանեցին 1800 հայրենադարձներ, որոնց հետ Երևան փոխադրվեց երգահան Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) աճյունը և հողին հանձնվեց նրա անունը կրող քաղաքային այգում (պանթեոնում)։

1920–1930-ական թվականներին Խորհրդային Հայաստան վերադարձավ շուրջ 42 հազար մարդ։ Շատ ավելին էր հայրենադարձվել ցանկացողների թիվը։ Սակայն Խորհըրդային Հայաստանի հնարավորությունները խիստ սահմանափակ էին։

Երկրում ծայր առած քաղաքական բռնաճնշումների պայմաններում 1937թ. դադարեցվեց հայրենադարձության գործընթացը։ Վերացվեց ՀԽՍՀ կառավարությանը կից ներգաղթի կոմիտեն, ապա նաև այդ խնդիրներով զբաղվող Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ)։

 

Մշակութային առաջին միջոցառումները

Խորհրդային իշխանության հաստատումով նոր փուլ էր սկսվում դարավոր հայ մշակույթի զարգացման համար։ Այն դարձավ պետության քաղաքականության կարևոր բնագավառներից մեկը։ Խորհրդային իշխանությունը և Կոմունիստական կուսակցությունը մշակույթը դիտում էին որպես նոր հասարակարգի ստեղծման կարևոր պայմաններից մեկը։ Մեծ նշանակություն էր տրվում խորհրդային մարդկանց սոցիալիստական գաղափարներով դաստիարակելու գործին։

Մշակույթի բնագավառում ևս Հայաստանի իշխանությունները հետևում էին Խորհրդային Ռուսաստանի փորձին ու օրինակին, երբեմն անտեսելով տեղական առանձնահատկությունները։ Հետևաբար սկզբնապես որոշ անտարբեր վերաբերմունք է ցուցաբերվել հայ մշակութային ժառանգության հանդեպ, որը շուտով հաղթահարվեց։

Մշակութային գործի կազմակերպման առաջին միջոցառումներից էին դպրոցի և կրթության անջատումը եկեղեցուց։ Եվ ապա մշակութային հաստատությունների (դպրոց, թանգարան, գրադարան, տպարան և այլն) ազգայնացումը։ Հայերենը որպես պետական լեզու ճանաչելու մասին դեկրետի ընդունումը թույլ էր տալիս մշակույթի… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz