ՀՀ և ԼՂՀ


Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը 

Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով՝ խորհրդարանը որոշեց 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

Այսպիսով՝ իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։

1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյանը։

Անկախության ուղին բռնած հանրապետությանը ու նրա նորընտիր ղեկավարությանը ծանր փորձություններ էին սպասվում։ Հայաստանը փաստորեն կտրվել էր տնտեսական նախկին համակարգից։ 1991թ. նոյեմբերին հերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը։ Սկսվեց Հայաստանի էներգետիկ շրջափակումը, բնակչությունը զրկվեց ջեռուցումից, ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ։

1991թ. դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին առաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետությունը, որը ողջունեց նաև ԱՊՀ-ի ստեղծումը՝ հայտնելով նրան միանալու իր պատրաստակամությունը։

1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետությունները), բացի Վրաստանից (որը մի որոշ ժամանակ անց ստորագրեց) և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրեցին համաձայնագիր՝ ԱՊՀ ստեղծման մասին։ Դրանով իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։

Այսպիսով, ազգային ժողովրդավարական շարժումով ոտքի կանգնած հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը։

 

ՀՀ Սահմանադրության ընդունումը

Անկախության հռչակումից կարճ ժամանակ անց ՀՀ-ն ստացավ համընդհանուր միջազգային ճանաչում։ Սկսվեց հայոց անկախ հանրապետության պետական շինարարությունը։

Հանրապետության պետական-քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր ՀՀ Սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։ Նոր սահմանադրությունը պետության կայացման գործընթացում շատ կարևոր երևույթ էր։ Այն դրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը։

ՀՀ Սահմանադրությունը իրավական ձևակերպում տվեց քաղաքական նոր համակարգին, սահմանեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։

ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը։ Դեռևս 1990թ. օգոստոսի 24-ին հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, որը Առաջին հանրապետության դրոշն էր։ Այնուհետև ընդունվեց ՀՀ զինանշանը, որի կենտրոնում վահանը պահող արծիվն ու առյուծն են. պատկերված է Արարատ լեռը՝ Նոյան տապանով։ Որպես օրհներգ ընդունվեց Առաջին հանրապետության պետական հիմնը՝ «Մեր Հայրենիք» հայրենասիրական երգը։

Սկսեցին ձևավորվել պետաիրավական նոր կառույցներ։ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում էր նախագահական հանրապետության համակարգը՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատումով։ Բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով։

ՀՀ տարածքային կառավարման կառուցվածքի բարելավման նպատակին էին ծառայում 1995թ. դեկտեմբերին կատարված վարչատարածքային փոփոխությունները և նոր միավորումների՝ մարզերի ու համայնքների հիմնումը։ Հանրապետության շուրջ չորս տասնյակի հասնող շրջանների միավորման միջոցով ստեղծվեցին 10 մարզեր՝ Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Տավուշի։ Դրանց գումարվեց մարզի կարգավիճակ ստացած քաղաքամայր Երևանը։ Մարզերը բաժանվեցին համայնքների։

Ձեռնարկվեց նոր դատական համակարգի կազմավորումը, որը հիմնականում ավարտվեց 1999 թվականին։

Հանրապետությունում կատարված տեղաշարժերը առաջացրին Սահմանադրության մեջ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն։ Դրանցից էին ՀՀ նախագահին ընձեռված բացառիկ լիազորությունները սահմանափակելը, ՀՀ Ազգային ժողովի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության ուժեղացումը և այլն։ Նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին, և 2005թ. նոյեմբերի 25-ին ընդունվեց ՀՀ Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը։

 

Հայոց ազգային բանակի կազմավորումը

Առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակի ստեղծումը։ 1992–1993թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ պատմական որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին գոյություն ունեցող որոշ գնդեր։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին նաև դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։

Հայկական զինված ուժերի կանոնավոր զորամիավորումները ձևավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի հիմքի վրա։ Աստիճանաբար աճեց բանակի թվաքանակը։ Նկատի առնելով Հայաստանի տարածքում ձևավորված ռազմաարդյունաբերական համալիրի գիտատեխնիկական բարձր մակարդակը՝ աշխատանքներ ծավալվեցին դրա պահպանման ու զարգացման ուղղությամբ։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում բանակի մարտական պատրաստականության կատարելագործմանը։ Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում։ Հետագայում կազմակերպվեց նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց։ Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ է պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանի (1959-1999), Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի դերը։ Բանակը աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով և ամուր պատվար դարձավ անկախության պաշտպանության գործում։ Փաստորեն հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը։

 

Տնտեսության ճգնաժամային վիճակը

ԽՍՀՄ փլուզման և շրջափակման հետևանքով խզվեցին միջհանրապետական տնտեսական ավանդական կապերը, դադարեց հումքի մատակարարումը։ Հայաստանի տնտեսությունը հայտնվեց ճգնաժամային վիճակում։ Մեծ տերության մի մասը կազմող և նրա միջոցներից օգտվող հանրապետությունից Հայաստանը դարձավ սեփական վառելիքաէներգետիկ պաշարներից զուրկ, հանքահումքային սուղ հնարավորություններ ու փոքր տարածք ունեցող անկախ երկիր։ Նա արդեն ինքնուրույն պետք է լուծեր ծառացած սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Սկզբնական շրջանում, շրջափակման պայմաններում, կարևորագույն խնդիրը բնակչության կենսապահովման նվազագույն պայմանների ապահովումն էր։ Խնդրի լուծումն ավելի էր դժվարացնում ու տնտեսական ճգնաժամը խորացնում նախկին տնտեսական կապերի խզումը։ Սրան եթե ավելացնենք հանրապետության շրջափակումը, պատերազմական իրավիճակը, փախստականների օրհասական դրությունն ու էներգետիկ ճգնաժամը, ապա հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի պատկերը կամբողջանա։

Այս ծանր պայմաններից դուրս գալու նպատակով ծրագրվեց տնտեսությունը արմատական վերափոխումների ենթարկել։ Նախատեսվում էր, նոր պահանջներին համապատասխան, անցում կատարել դեպի շուկայական հարաբերություններ։

1990-1991թթ. Հայաստանի Գերագույն խորհուրդը մի շարք որոշումներ ընդունեց, որոնք ուղղված էին տնտեսական հարաբերությունները կարգավորելուն։ Կարևոր նշանակություն ուներ խորհրդարանի 1990թ. սեպտեմբերի 10-ին ընդունած օրենքը պետական սեփականության մասին։ Դրա համաձայն հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական հաստատությունների ունեցվածքը հայտարարվեց Հայաստանի Հանրապետության սեփականություն։ 1991թ. սկսած արդյունաբերական, գյուղատնտեսական ձեռնարկությունների, ամբողջ ոլորտի հախուռն ապապետականացման հետևանքով երկիրը հայտնվեց խոր տնտեսական ճգնաժամի մեջ։ Համատարած բնույթ ընդունեցին գործազրկությունն ու աղքատությունը։ Կտրուկ ավելացավ բնակչության արտագաղթը։

Հանրապետությունում տարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության մշակման ժամանակ թույլ տրվեցին նաև սխալներ։ Շուկայական տնտեսությանն անցնելու հիմնական բաղադրիչը համարվեց գների ազատականացումը, որը հանգեցրեց գների կտրուկ աճի և բնակչության սոցիալական դրության վատթարացման։ 1992թ. դեկտեմբերին, նախորդ տարվա համեմատությամբ, սպառողական ապրանքների գներն աճեցին 13 անգամ։ Գների ազատականացումը համահունչ չէր տնտեսության նախկինում գոյություն ունեցող պետական-մենաշնորհային համակարգին, ինչը հանգեցրեց ոչ թե բարեփոխման, այլ գործող համակարգի փլուզման։

 

Գյուղատնտեսությունը և հողի սեփականաշնորհումը

Հայաստանը նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջինն էր, որ 1991թ., կարճ ժամանակամիջոցում, սեփականաշնորհեց հողը։ Դա պայմանավորված էր հանրապետության սոցիալական ծանր վիճակով, երբ առաջնահերթ նշանակություն էր ստանում բնակչությանը պարենով ապահովելը։ Միջոցառումներ կատարվեցին հողը մշակողին վերադարձնելու և նրա մասնավոր սեփականատիրությունը խրախուսելու համար։ Հանրապետության խորհրդարանը 1991թ. սկզբներին ընդունեց ՀՀ հողային նոր օրենսգիրքը և կոլեկտիվ տնտեսությունների մասին հատուկ օրենքը։ Ընդունված օրենքի համաձայն 1991–1992թթ. լուծարվեցին հանրապետությունում գործող 865 կոլեկտիվ ու պետական տնտեսությունները, որոնք թողարկում էին ճյուղի արտադրանքի ավելի քան 90%-ը։ Դրանց փոխարեն ձևավորվեցին 320 հազարից ավելի անհատական տնտեսություններ, որոնց փոխանցվեց հողերի 66%-ը, անասունների՝ 80%-ը։ Հողի սեփականատեր դարձան բոլոր գյուղացիները, որոնք նման ցանկություն էին հայտնել։ Հողի սեփականաշնորհումը, որը կատարվեց տնտեսական ճգնաժամի պայմաններում, գյուղական բնակչությանն ապահովեց աշխատանքով և մեղմեց սովի վտանգը։ Որոշ չափով բարձրացավ գյուղացիության նյութական շահագրգռվածությունը։ Նորաստեղծ գյուղացիական տնտեսությունները փոփոխությունների ենթարկեցին ցանքատարածությունները, սկսեցին տվյալ պայմաններին համապատասխան բույսեր մշակել և անասուններ պահել։

Տնտեսական վերափոխումների սկզբնական փուլում թվում էր, թե գյուղատնտեսությունը հեշտությամբ կհարմարվի շուկայական հարաբերություններին։ Բայց այդպես չեղավ՝ թույլ տրված մի շարք բացթողումների պատճառով։

Պահանջվեցին հսկայական ջանքեր գյուղատնտեսության հետագա անկումը կանխելու, վիճակը կայունացնելու համար։

Մասնավոր սեփականատիրական հողօգտագործման անցնելը բարդ և տևական գործընթաց է, որը հնարավոր չէր լուծել մեկ հարվածով։ Այն կատարվեց առանց հողի անհատական մշակման պայմանների, գյուղատնտեսական տեխնիկայի և նրա օգտագործման հնարավորությունների խոր վերլուծության։ Պատահական չէ, որ մեծ կորուստներ եղան։

Հանրապետությունում արձանագրվեց գյուղատնտեսական արտադրանքի զգալի նվազում։ Իշխանությունները հնարավորություն ունեին նախապատրաստվելու վերափոխումների գործընթացին։ Այնինչ կոլտնտեսությունների և պետական տնտեսությունների համատարած լուծարումն իրականացվեց հապշտապ, առանց լավ նախապատրաստելու, անկազմակերպ ձևով։

Սեփականաշնորհման ընթացքում թույլ տրվեցին անարդարություններ։ Համաժողովրդական և կոլտնտեսային ունեցվածքը չնչին գներով հաճախ անցնում էր մարդկանց ձեռքը, որոնք մասնակցություն չէին ունեցել դրա ստեղծմանը։ Չարաշահումներ եղան հատկապես կոլտնտեսությունների և պետական տնտեսությունների անասնագլխաքանակը բաշխելիս։ Շատ տեղերում օրենքի լուրջ խախտումներով և պաշտոնական դիրքի չարաշահումներով էր տեղի ունենում սեփականաշնորհումը։

Գյուղատնտեսական տեխնիկայի բացակայության հետևանքով գյուղացիական տնտեսությունների մեծ մասը վերածվեց ձեռքի աշխատանքի վրա հիմնված բնատնտեսության։ Գյուղացիության մեծ մասը զրկվեց գյուղտեխնիկայի օգտագործման հնարավորությունից դրա բազայի փոշիացման պատճառով։

Այսպիսով Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը այն կարծիքին էր, որ հողը գյուղացուն վերադարձնելով՝ կլուծվեն բոլոր հարցերը, և սեղմ ժամկետում ֆերմերային տնտեսություններ կստեղծվեն։ Սակայն այդպես չեղավ։ Գյուղատնտեսությունն ընկավ դժվարին կացության մեջ։ Խիստ կրճատվեց անասունների գլխաքանակը, վատացավ ոռոգման համակարգը, կտրուկ նվազեց պարարտանյութերի օգտագործումը։ Այդ ամենի հետևանքով 1990-ական թվականների երկրորդ կեսին գյուղացիները սկսեցին հրաժարվել անգամ իրենց հատկացված հողերից։ Հայաստանի Հանրապետության սակավահողության պայմաններում միայն 1998թ. չէր մշակվել մոտ 60 հազար հեկտար հողատարածք։

Այդ ամենով հանդերձ կատարվեցին նաև որոշ շինարարական աշխատանքներ։ 1995թ. շահագործման հանձնվեցին Հերհերի և Երևանի ջրանցքները, Արաքսի կամուրջը, 1998թ. ավարտվեց Գորիս-Շուշի մայրուղու շինարարությունը, իսկ 1999թ. վերականգնվեց ու շահագործման հանձնվեցին Արզնի-Շամիրամի, Կոտայքի, Արտաշատի, Հրազդանի և այլ ջրանցքներ, ինչպես նաև մի շարք բնակավայրերի ներտնտեսային ոռոգման ցանցերը։

 

Արդյունաբերությունը

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի շրջափակման և այլ պատճառներով զրկվելով դրսից ներմուծվող էժան հումքից ու էներգիայից՝ հզոր արդյունաբերության մի շարք ճյուղեր դադարեցին գործելուց։ 1992թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմեց նախորդ տարվա 51%-ը։ Անկում ապրեցին հատկապես մետալուրգիան, շինանյութերի արտադրությունն ու մեքենաշինությունը։

1992թ. օգոստոսին ընդունվեց օրենք արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին։ Այդ օրենքի հիման վրա 1993թ. հանրապետությունում սեփականաշնորհվեց 500 ձեռնարկություն, իսկ 1994–1995թթ.՝ մոտ 800-ը։

Այս բնագավառում ևս թույլ տրվեցին սխալներ։ Հապճեպ սեփականաշնորհվեցին ու ցածր գներով առանձին անհատների վաճառվեցին արդյունաբերական բազմաթիվ ձեռնարկություններ, որոնց մեծագույն մասը դադարեց աշխատելուց։ Հազարավոր բանվորներ և մասնագետներ դարձան գործազուրկ։ Ապապետականացման գործընթացում ամեն ինչ թողնվեց մասնավորի ձեռներեցությանը, իսկ պետությունը որոշ դեպքերում մնաց դիտորդի դերում։

Արդյունաբերական ձեռնարկությունները սեփականաշնորհելիս բավարար չափով հոգ չտարվեց դրանց ունեցվածքի պահպանման ուղղությամբ։ Դրա հետևանքով մետաղյա թանկարժեք, այդ թվում նորագույն սարքավորումները, հաճախ ջարդոնի անվան տակ, վաճառվեցին արտասահմանյան երկրներում՝ հատկապես Իրանում և Թուրքիայում։ Դա ծանր հարված հասցրեց արդյունաբերությանը և ամբողջ տնտեսությանը։ Մեծ դժվարություններ առաջացան արդյունաբերական արտադրանքի իրացման գործում։ 1994թ. օրինակ՝ իրացվեց ամբողջ արդյունաբերական արտադրանքի միայն 50%-ը։ Դա, անշուշտ, պայմանավորված էր նրանով, որ հայկական արտադրանքը միջազգային շուկայում դեռևս մրցունակ չէր։

Պետությունը, փաստորեն, անտեսեց սեփականաշնորհման գործընթացի խելացի, ծրագրավորված կառավարումը։ Նոր տնօրինողներից չէր պահանջվում ձեռնարկությունները գործարկելու ծրագրեր, ինչը հանգեցրեց արտադրության կրճատմանը, ավելի ճիշտ դադարեցմանը։ Չարդարացան նաև սեփականաշնորհումից բյուջեի մուտքերն ապահովելու հույսերը։ Պետության իրական դրամական եկամուտները սպասվածից առնվազն 10 անգամ ցածր էին։ Այս բոլորի հետևանքով խիստ սահմանափակվեցին ՀՀ տնտեսության զարգացման հնարավորությունները։

Սեփականաշնորհման արդյունքում ձեռնարկությունների արտադրական հիմնական միջոցների յուրացումը հասցրեց արդյունաբերության քայքայմանը, գործազրկության աճին ու արտագաղթին։

Այնուհանդերձ, դժվարին պայմաններում, այս ոլորտում կատարվեցին դրական աշխատանքներ։ 1996թ. ապրիլին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և ձեռնարկատերերի հիմնադիր համագումարը, որը ստեղծեց արդյունաբերողների միություն։

Արդյունաբերության և ամբողջ ժողովրդական տնտեսության ճգնաժամային վիճակի հիմնական պատճառներից մեկը էներգետիկ ճգնաժամն էր։ Սա արդյունք էր հայկական ատոմակայանի փակման, շրջափակման հետևանքով մազութի ու բնական գազի մատակարարման ընդհատումների։ 1992–1993թթ. կենցաղային կարիքների համար միայն 2-3 ժամ էր էներգիա տրվում։ Այդ տարիները բնակչության հիշողության մեջ մնացել են որպես ցրտի ու մթի տարիներ։

Այսպիսի պայմաններում անխուսափելի էր հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) վերագործարկումը 1996թ. և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շահագործումը։ ԱԷԿ-ի վերագործարկումը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության տնտեսատեխնիկական օգնությամբ, որով բարելավվեց էլեկտրամատակարարումը։

2000 թվականից կրճատվեց էներգակիրների ներմուծումը արտասահմանից։ Առավելագույնի հասավ սեփական ջրաէներգետիկ ռեսուրսների օգտագործումը և թափ հաղորդվեց ոչ ավանդական (արեգակի, քամու և ընդերքի ջերմային) էներգառեսուրսների օգտագործմանը։

Այսպիսով 1990-ական թվականների կեսերից ատոմային էլեկտրակայանի վերագործարկումով սկսվեց տնտեսության վերակենդանացման դանդաղ գործընթացը։ Եթե 1994թ. երկրի համախառն ներքին արտադրությունը մինչ անկախացման առավելագույն ցուցանիշին զիջում էր շուրջ 10 անգամ, ապա 1995թ. առաջին անգամ գրանցվեց աճ։ Հաջորդ տարիներին աճի տեմպերը մեծացան։

Արդյունաբերության անկման հետևանքով ծանր կացության մեջ էր հայտնվել նաև Հայաստանի ֆինանսավարկային համակարգը։ Մինչև 1993թ. հանրապետությունը, միասնական դրամական համակարգի առկայության պայմաններում, կրում էր Ռուսաստանի տնտեսական քաղաքականության ազդեցությունը։ Չնայած այս ուղղությամբ հանրապետության իշխանությունների գործադրած ջանքերին՝ Հայաստանն այդպես էլ ամբողջությամբ չընդգրկվեց ռուսական ռուբլու գոտու մեջ։

1993թ. նոյեմբերին հանրապետության կառավարությունը հարկադրված շրջանառության մեջ դրեց հայկական ազգային դրամը։ Դրանից հետո Հայաստանը հնարավորություն ստացավ ինքնուրույն տնօրինելու տնտեսական ամբողջ ոլորտը։

Սեփական դրամը շրջանառության մեջ դնելը կառուցվածքային լուրջ տեղաշարժեր առաջ բերեց հանրապետության ֆինանսական համակարգում։ Ստեղծվեց Հայաստանի կենտրոնական բանկը, ձևավորվեցին շուրջ 60 առևտրային դրամատներ ու մասնավոր բանկեր։

Հայաստանի տնտեսության մեջ առաջացած դժվարին իրավիճակում բնակչության հսկայական մեծամասնության համար ստեղծվել էր ծանրագույն կացություն, որը հանգեցնում էր այնպիսի բացասական երևույթի ծավալմանը, ինչպիսին արտագաղթն էր։

Տասնյակ տարիների ընթացքում երաշխավորված աշխատատեղին և աշխատավարձին սովոր, աշխատասերի համբավ ունեցող հայ ժողովրդի վիթխարի զանգվածներ հայտնվեցին գործազուրկի կարգավիճակում։

 

Հասարակական-քաղաքական գործընթացը

Անկախություն ձեռք բերելու գործընթացի հետ քայլեր կատարվեցին հասարակական կյանքի դեմոկրատացման և նոր հարաբերությունների հաստատման ուղղությամբ։ 1990թ. նոյեմբերի 5-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները և զինվորական ստորաբաժանումները ապաքաղաքականացնելու վերաբերյալ։ Հաջորդ տարվա փետրվարին խորհրդարանը ընդունեց օրենք, որով հանրապետությունում ստեղծվում էր բազմակուսակցական համակարգ։ Երկարամյա ընդմիջումից հետո հայրենիքում ազատորեն գործելու իրավունք ստացան ազգային ավանդական կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, Ռամկավար-ազատական և Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։

Աստիճանաբար առաջացան նոր կուսակցություններ, հասարակական-քաղաքական կազմակերպություններ ու միություններ։ Դրանցից են Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ), Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) և այլն։ Ավելի ուշ հիմնվեցին Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունները և այլն։

Հետզհետե կուսակցությունների թիվը խիստ աճեց՝ հասնելով մի քանի տասնյակի։

Հանրապետության բազմակուսակցական հասարակական-քաղաքական կյանքում հետխորհրդային առաջին տարիներին Գերագույն խորհրդում ամենամեծ խմբավորումն ուներ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ), ապա՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ), Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ)։

20-րդ դարի վերջին Հայաստանում գրանցված էր 1000-ից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնց մեծ մասն իրական գործունեություն չի ծավալում։

1994թ. դեկտեմբերի 28-ից հետո, կուսակցությունների վերաբերյալ օրենքը խախտելու ամբաստանությամբ, կասեցվել էր ՀՅԴ-ի գործունեությունը, որը չկարողացավ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Հասարակական կյանքից այդ ուժի մեկուսացումը բացասաբար անդրադարձավ դեմոկրատական վերափոխումների ընթացքի վրա և երկրում ստեղծեց քաղաքական լարված իրավիճակ։

Հասարակական-քաղաքական կյանքը հանրապետությունում աշխուժացավ 1995թ. հուլիսի 5-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ընդդիմության հիմնական կուսակցություններն առաջադրեցին իրենց թեկնածությունները, իսկ ՀՀՇ-ն, իր շուրջը համախմբելով մի շարք կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ, ձևավորեց «Հանրապետություն» միավորումը։ Նախընտրական պայքարը ընթանում էր այդ միավորման և ընդդիմության միջև, որը ներկայացնող հիմնական կուսակցությունները միավորվեցին Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) շուրջ։ Ընտրությունների արդյունքում «Հանրապետություն» միավորումը խորհրդարանի 191 պատգամավորական տեղերից նվաճեց 114-ը՝ կազմելով բացարձակ մեծամասնություն։ ԱԺՄ-ն ընդդիմադիր մյուս կազմակերպությունների հետ նվաճեց ընդամենը 15 տեղ, որով խորհրդարանում վճռական դերակատարություն չունեցավ։

Բնակչության հասարակական-քաղաքական ակտիվության բարձրացմանը նպաստող կարևոր իրադարձություններից էին 1996թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Այն անցավ ակտիվ քաղաքական պայքարի պայմաններում։ «Հանրապետություն» միավորումը առաջադրեց հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, իսկ ընդդիմությունը, միավորելով հինգ քաղաքական կազմակերպությունների, առաջադրեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

Երկրորդ անգամ հանրապետության նախագահ ընտրվեց Լ. Տեր-Պետրոսյանը։ 1996թ. ընտրություններից հետո իշխանությունների ու հասարակության միջև սկսվեց որոշ օտարացում։ Այդ քաղաքական ճգնաժամը հասցրեց 1998թ. փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին։ 1998թ. մարտին արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ հիմնական պայքարը ընթանում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Քոչարյանի և քաղաքական ասպարեզ վերադարձած ՀԿԿ Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի միջև։ Հանրապետության նախագահ ընտրվեց Ռ. Քոչարյանը։

Ընտրություններից հետո հանրապետության հիմնական քաղաքական ուժերը դաշնակցությունն ու երկրապահներն էին։ ՀՅԴ-ն, որի պաշտոնական կարգավիճակը վերականգնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, հրաժարվելով ընդդիմադիր պայքարի հարուստ փորձից, դաշնակցեց նախագահի հետ։ Երկրապահները, իրենց շուրջը համախմբելով խորհրդարանի այլ պատգամավորների, մեծամասնություն կազմեցին։ Բավականին ակտիվ քաղաքական պայքարի մթնոլորտում անցան 1999թ. մայիսի 30-ի խորհրդարանական ընտրությունները։ Նախընտրական շրջանում ձևավորվեց «Միասնություն» դաշինքը, որի մեջ մտան Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) և Երկրապահների միությունը։ Ընդդիմադիր կուսակցությունները չկարողացան միավորվել և լուրջ ուժ ստեղծել։ Ընտրություններում հաղթեց «Միասնություն» դաշինքը։ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կ. Դեմիրճյանը, իսկ վարչապետ նշանակվեց Վ. Սարգսյանը։

Հանրապետության վիճակը ծանրացավ 1999թ. հոկտեմբերի 27-ի նախադեպ չունեցող ահաբեկչությամբ, երբ խորհրդարանի շենքում զոհվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ, պատգամավորներ։ Դա ծանր հարված էր ժողովրդավարությանը։ Ահաբեկչությունը հանգեցրեց հանրապետության ներքաղաքական իրավիճակի կտրուկ սրման։ Սակայն, այնուամենայնիվ, հանրապետության ղեկավարությունը կարողացավ աստիճանաբար կայունացնել իրավիճակը։

Հայաստանի Հանրապետության նախագահական չորրորդ ընտրություններն անցկացվեցին 2003թ. փետրվարի 19-ին։ Երկրորդ փուլ դուրս եկան գործող նախագահ Ռ. Քոչարյանը և ընդդիմության միացյալ թեկնածու Ստեփան Դեմիրճյանը։ Նախագահ վերընտրվեց Ռ. Քոչարյանը։ 2003թ. մայիսի 25-ին տեղի ունեցան Ազգային ժողովի հերթական ընտրությունները, որի արդյունքում փաստորեն կուսակցություններից և ոչ մեկին չհաջողվեց բացարձակ մեծամասնություն ստանալ խորհրդարանում և միայնակ ձևավորել կառավարություն։ Ուստի առաջին անգամ Հայաստանի անկախ հանրապետության պատմության մեջ, այդ ընտրությունում առավել շատ ձայներ ստացած երեք կուսակցություններ՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Օրինաց երկիրը (ՕԵԿ) և Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) կազմեցին քաղաքական կոալիցիա և համատեղ ձևավորեցին կառավարությունը։ Վարչապետ նշանակվեց 2000 թվականից այդ պաշտոնում գտնվող Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանը (1951-2007)։

Հասարակության ակտիվության պայմաններում ընթացան Ազգային ժողովի չորրորդ գումարման 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները, որտեղ համամասնական ընտրակարգով մեծամասնություն ստացավ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)։ Նրան հաջորդեցին «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները։ Ընտրությունների արդյունքից ելնելով ՀՀ նախագահի աջակցությամբ ստորագրվեց համաձայնագիր՝ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև՝ քաղաքական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ։ Քաղաքական կոալիցիան իր հերթին Հայ հեղափոխական դաշնակցության հետ ստորագրեց համագործակցության համաձայնագիր։ Այս երեք կուսակցություններն էլ ձևավորեցին Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը։ Վարչապետ նշանակվեց Սերժ Սարգսյանը։

Հայաստանի Հանրապետության նախագահական հինգերորդ ընտրությունները տեղի ունեցան 2008 թվականի փետրվարի 19-ին։ Ընտրություններին մասնակցած 9 թեկնածուների մեջ էին ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ 2008թ. մարտի 21-ին նորընտիր նախագահի նախաձեռնությամբ հանրապետությունում բարեփոխումներ իրականացնելու, հասարակության ներսում համերաշխության մթնոլորտն ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող չորս կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն ՀՀ նախագահի աջակցությամբ ստորագրեցին քաղաքական կոալիցիայի համաձայնագիր՝ ստանձնելով պատասխանատվություն իշխանության գործունեության համար։

Վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը։

Այսպիսով, անկախությունից հետո հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունները հիմնականում արդյունավետ գործունեություն ծավալեցին՝ նպաստելով բնակչության ակտիվության բարձրացմանը։

 

Մշակույթը

Մշակութային կյանքի, գիտության և կրթության առաջընթացի համար ինչպես արդեն ասվել է, նպաստավոր պայմաններ էին ստեղծվել Խորհրդային Միության գոյության պայմաններում։

Հայաստանի անկախացումից հետո ստեղծված տնտեսական ծանր վիճակը, ֆինանսական միջոցների անբավարարությունը, գիտական կապերի խզումը հանգեցրին հանրապետությունում գիտական գործունեության լճացմանը։ Ընդհատվեցին գիտության և արտադրության միջև գոյություն ունեցող կապերը, փլուզվեցին ժամանակին մեծ համբավ ձեռք բերած գիտական դպրոցները։ Խաթարվեց գիտական և գիտամանկավարժական կադրերի վերարտադրության՝ տասնամյակների ընթացքում ձևավորված համակարգը։ Հանրապետությունում տարվող բարեփոխումների ընդհանուր հայեցակետում գիտությունը դիտարկվում էր որպես չափազանց ծախսատար և փաստորեն պետական միջոցներից ֆինանսավորվում էր մնացորդային սկզբունքով։

Հանրապետության գիտական համալիրի քայքայումը հանգեցրեց գիտական կադրերի («ուղեղների») արտահոսքի։

Արտասահման մեկնելուց զատ կատարվում էր նաև ներքին արտահոսք։ Գիտական աշխատողներից շատերը թողնում էին գիտական ոլորտը և տեղափոխվում գործունեության այլ ասպարեզներ, որտեղ հնարավոր էր քիչ թե շատ վաստակ ունենալ։

Փոփոխություններ կատարվեցին նաև կրթության համակարգում։ 1991 թվականից Հայաստանի հանրապետության կրթության համակարգը, ժառանգելով խորհրդային կրթական համակարգը, անցավ դժվարին փոփոխությունների փուլ։ Անկախությանը հաջորդած առաջին տարիները կարելի է բնորոշել որպես համակարգի գոյատևման և խորհրդային տարիների կրթական ձեռքբերումների պահպանման ժամանակաշրջան։ 1995-1998 և ապա 2003 թվականներին երկրի տնտեսական աստիճանական զարգացմանը զուգընթաց սկսվեցին կրթական ոլորտի վերափոխումները։

Դպրոցական միջնակարգ (կամ ընդհանուր) կրթությունը բաժանվեց երեք աստիճանների՝ տարրական (3-4), միջնակարգ կամ հիմնական (5 տարի) և ավագ (2 տարի)։ 2001 թվականին ուսումը դարձավ 11-ամյա, իսկ 2006-ին՝ 12-ամյա (տարրական՝ 4 տարի, հիմնական՝ 5 տարի և ավագ դպրոց՝ 3 տարի)։ 2006 թվականից հանրապետությունում գործում են 1417 դպրոցներ, 475,5 հազար աշակերտներով։

Ուսուցումը դպրոցներում ազատվեց կոմունիստական գաղափարախոսության կաշկանդումներից։ Պետությունը չէր խոչընդոտում տարբեր տիպի դպրոցների, այդ թվում՝ մասնավոր դպրոցների ստեղծմանը։ 2006 թվականին նման դպրոցների թիվը հասավ 40-ի, որտեղ սովորում է 6541 աշակերտ։

Փոփոխություններ կատարվեցին հանրապետության բարձրագույն կրթության ոլորտում։ Բուհերը հիմնականում անցան ուսման նոր՝ եռաստիճան համակարգին՝ բակալավրիատ՝ 4 տարի (որը տալիս է թերի բարձրագույն կրթություն), մագիստրատուրա՝ 2 տարի (բարձր որակավորման մասնագետների պատրաստում) և ասպիրանտուրա (կադրերի պատրաստում բուհերի և գիտահետազոտական հիմնարկների համար)։

Փորձեր ձեռնարկվեցին բուհերի ինքնուրույնությունն ընդլայնելու ուղղությամբ, ընդարձակվեց դրանց համագործակցությունն արտասահմանյան ուսումնական և գիտական հաստատությունների հետ։

1990 թվականից սկսած արդեն անկախացման ուղին բռնած Հայաստանի մասնագիտական կրթության ոլորտում ներդրվեց վճարովի ուսուցման համակարգը։ Այն, չնայած բնակչության ծանր վիճակին և պետության նվազագույն ֆինանսավորմանը, հնարավորություն տվեց պահպանել, իսկ ապա զարգացնել բարձրագույն մասնագիտական կրթության համակարգը։

1991 թվականից մինչև 2005–2006թթ. ուս. տարին պետական բուհերում վճարովի հիմունքներով սովորող ուսանողների քանակը աճել է 73%-ով։

Նոր տնտեսական համակարգի պայմաններում բացվեցին բազմաթիվ մասնավոր համալսարաններ ու քոլեջներ, որոնց մեծ մասի մակարդակը շատ հեռու է բուհերին ներկայացվող պահանջներից։ Եթե 1991թ. ՀՀ-ում կար 10 մասնավոր բուհ 3200 ուսանողներով, ապա 2006-ին՝ 67 բուհ 24500 ուսանողներով։

Հայաստանում գործում են 2004–2006թթ. վերաբացված կամ հիմնադրված 28 արհեստագործական ուսումնարաններ, ինչպես նաև 16 քոլեջներ։

Անկախության հռչակումից հետո վերացվեցին գաղափարական այն կապանքները, որոնք կաշկանդում էին մշակույթի, մասնավորապես՝ ազգային մշակույթի զարգացումը։ Ստեղծվեցին ազատ ստեղծագործելու հնարավորություններ։ Բայց առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը բացասական ազդեցություն ունեցավ հոգևոր կյանքի վրա։ Ճգնաժամ ապրեցին հայ թա

Создать бесплатный сайт с uCoz