ՍՅՈՒՆԻՔ

Մարզի տարածքը (ՀՀ տարածքի 15.1%)

 4506  քառ. կմ

 Բնակչությունը    (ՀՀ բնակչության 4.7%)

 152.8 հազար մարդ

               որից քաղաքային

 103.7 հազար մարդ

                       գյուղական

 49.1   հազար մարդ 

 Բնակչության խտությունը

 34      մարդ/կմ.ք

 Համայնքների թիվը

 109

              որից քաղային

 7

              գյուղական

 102

 Բնակավայրերի թիվը

 135  

 որից սահմնամերձ, լեռնային և բարձր լեռնային

 105

 Սահմանի երկարությունը

 472 կմ

 Իրանի Իսլամական Հանրապետության հետ

 42 կմ

 Ադրբեջանի Հանրապետության հետ 
 (որից 110 կմ Նախիջևանի ԻՀ հետ )

 382 կմ 

 Մարզկենտրոնը  ք. Կապան

 

Սյունիքը հայտնի է եղել երկու անունով՝ Սյունիք և Սիսական: "Աշխարհացույցի" համաձայն այն Մեծ Հայքի 9-րդ նահանգն է, տարածվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում, սահմանակից էր Այրարատ, Վասպուրական, Արցախ, Գուգարք, Ուտիք նահանգներին:
Սյունիք նահանգը զբաղեցնում էր ավելի քան 15000 քառ.կմ տարածք և միջնադարում ուներ 1008 գյուղ, 43 բերդ, 48 վանք, Լեռնաշխարհը արտաքին աշխարհի հետ կապված է եղել լեռնանցքներով և դժվարանցանելի ճանապարհներով: Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղ-Աժդանականն է /3906մ/:
Հայտնի են նաև Բաղաց, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ լեռնագագաթները: Լեռնաշխարհի մարգագետինները, ճոխ արոտավայրերը հարմար են անասնապահության, իսկ գետահովիտները՝ երկրագործության զարգացման համար:
Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը:
Անտառներն հարուստ են եզակի բուսատեսակներով և կենդանիներով: Հայաստանի բնական հարստություններով աչքի ընկնող երկրամասերից է Սյունիքը: Հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանվել են պղինձ և այլ գունավոր մետաղներ:
Երկրամասն ունի ջրառատ գետեր, որոնցից խոշոր են Որոտանն ու Ողջին:
Սյունիքը հնագույն ժամանակներում ընդգրկված է եղել Էրիոնի ցեղային միության, այնուհետև Ուրարտուական պետության կազմում: Այս մասին վկայում են Ուրարտական արձանագրությունները և հնագիտական գտածոները:
Սյունիքը IV դարից սկսած հիշատակվում է որպես հզոր նախարարություն:
Սյունեցիները "Զորանամակի" համաձայն ամենահզորն էին, ունեին 19400 հեծյալ: Սյունիքի տերը Արշակունյաց արքունիքում գրավում էր I աթոռը:
Մարզպանության շրջանում Սյունեցիները Սասունյան արքունիքում ևս ամենաբարձր գահն էին գրավում:
Ստ. Օրբելյան պատմիչը վկայում է, որ հայերից առաջինը քրիստոնյա են դարձել սյունեցիները և Սյունիքում քրիստոնեության տարածումը կապված է Բարդուղիմեոս առաքյալի հետ:
987թ. Սյունյաց գահերեց իշխան Սմբատը իրեն հռչակեց Սյունիքի թագավոր:
Սյունիքի թագավորությունը հայտնի է նաև Բաղաց կամ Կապանի թագավորություն անունով:
Թագավորության մայրաքաղաքը սկզբում Շաղատն էր, իսկ X դարի վերջերից սկսած՝ Կապանը: Սյունիքի թագավորությունը հայոց հողի վրա վերջին պետականությունն էր: Այն պատմական ասպարեզից վերացավ 1170թ., երբ սելջուկները գրավեցին Բաղաբերդը:
Հետագայում երկրամասում իրենց իշխանությունն են հաստատում հայ նախարարական տները՝ Օրբելյաններն ու Պոռոշյանները:
Սյունիքի պատմության ծանր ժամանակներում սկսվում են մոնղոլական տիրապետության ժամանակ և շարունակվում երկար դարեր:
Երկրամասի քաղաքական և տնտեսական կայնքի համար դրական էր Մելիքական տների ձևավորումը: Մելիքները դարձան հայ ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսներ, շարժման մարտիկներ: Նշանակալից է Սյունիքի հայտնի մելիքական տան ներկայացուցիչ Իսրայել Օրու դերը հայոց ազգային ազատագրական շարժման պատմության մեջ:
Հերոսական պայքարի էջեր գրվեցին Դավիթբեկի ժամանակ /1720-ական թվականներ/, որի արդյունքում Սյունիքում ձևավորվեց հայկական իշխանություն:
1813թ. Գյուլիստանի պայմանագրով Սյունիքի մի զգալի մասը, իսկ 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով երկրամասը ամբողջությամբ անցավ Ռուսաստանի տիրապետության տակ:
1905-1906թթ. ինչպես ամբողջ Անդրկովկասում, Սյունիքում ևս, տեղի ունեցան հայ թաթարական բախումներ, որոնց ընթացքում երկրամասում ձևավորված ռազմական ուժերը հաղթող դուրս եկան տեղի ունեցած մարտերում:
1918-1921թթ. Սյունիք-Զանգեզուրում ժողովրդական զանգվածները և ռազմական ուժերը թուրք-մուսուլմանական ուժերի և բոլշևիկյան Ադրբեջանի դեմ անհավասար կռիվ էին մղում զորավար Անդրանիկի, Արսեն Մելիք-Շահմազյանի, Սերգեյ Մելիք Յոլչյանի,Գ. Նժդեհի, Պողոս Տեր Դավթյանի , Սմբատ Թորոսյանի և մյուսների գլխավորությամբ:
Խորհրդային իշխանության հաստատումից հետո 1921թ. օգոստոսին կազմակերպվեց Զանգեզուրի գավառը Գորիս կենտրոնով:
1930թ. կազմակերպվեցին վարչական չորս շրջաններ՝ Գորիսի, Սիսիանի, Ղափանի, Մեղրու:
Զգալի է եղել Սյունիքի և սյունեցիների դերը հայրենական մեծ պատերազմի տարիներին:
1988-1993թթ. Սյունիքը հայտնվեց շրջափակման և պարտադրված պատերազմի մեջ Ադրբեջանի հետ:
1995թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ-ում վարչատարածքային նոր բաժանման արդյունքում ստեղծվեց Սյունիքի մարզը, Կապան մարզկենտրոնով: 

Տաթևի վանական համալիր

 

Հայկական միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան, վանական համալիր:

Գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հարավ-արևմուտք Տաթև գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906թ. կառուցվել է Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067թ. սբ Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295թ. սբ Գրիգոր եկեղեցին, 1787թ. Գրիգոր Տաթևացու դամբարանը:

Այս հիմնական կառույցներից զատ, 20-րդ դարի վերջում վանքի տարածքում և շրջակայքում այլ շինարարական և վերականգնողական աշխատանքներ էր իրականացվել: Ներկայումս վանքը վերականգնված է և Սյունյաց թեմի կենտրոնն է: 1390-1435թթ. Տաթևի վանքում գործել է Տաթևի նշանավոր համալսարանը և մանրանկարչության ու գրչության դպրոցը:

Վանքն ունեցել է խաշոր մատենադարան, որտեղ պահում էին շուրջ 10 հազար ձեռագիր մատյաններ: Վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ:

 

Տաթևի Մեծ անապատ

 

Տաթևի անապատը գտնվում է Որոտան գետի աջ ափին, «Սատանի» կամուրջի մոտ, Տաթևի վանքի հարավ-արևմտյան կողմում, Տաթևի ձորի և Որոտանի միախառնվելու տեղում։ Այն կառուցվել է 1613թ և հանդիսանում էր XVIIդ. նշանավոր կրոնական կենտրոն: Ուներ բարձր տիպի դպրոց, կուսանոց: Եղել է գրչության հայտնի կենտրոն՝ վանքի անվանի գործիչներից է ծաղկող Հակոբ Շոռոթեցին: 1660թ. այստեղ է փոխադրվել 1658թ. երկրաշարժից կործանված Հարանց անապատի միաբանությունը: Տաթևի մեծ անապատը շրջապատված է բարձր ուղղանկյուն պարիսպներով։ Անապատի միակ եկեղեցին գտնվում է հարավ-արևմտյան մասում՝ սրբատաշ բազալտից շինված Ս.Աստվածածին եռանավ բազիլիկը, որին արևմուտքից կից է գավիթ-սրահը (կառուցել է Մելիք Եգանը, 1743թ.), հյուսիսից՝ Տաթևի մեծ անապատի հիմնադիր վանահայր Արիստակեսի (մահացած 1669թ.) գմբեթավոր մատուռ-դամբարանը։ Եկեղեցուց արևելք գտնվում է աղբյուրը, դեպի հարավ՝ սեղանատունը խոհանոցով, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։ Տաթևի Մեծ Անապատը ուշ միջնադարի հայկական հոգևոր ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIIIդ. Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։

 

Վահանավանք

 

10-11-րդ դարերում հայկական ճարտարապետական հուշարձան, վանական համալիր: Սյունիքի իշխանության, ապա թագավորության հոգևոր կենտրոններից: Գտնվում է Կապանից 3 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի աջ ափի գեղատեսիլ անտառապատ լեռնալանջին:

Հիմնադրվել է Սյունիքի Ձագիկ իշխանի որդի Վահանի կողմից, որի անունով էլ կոչվեց:

Հուշարձանախմբի ամենահին կառույցը Վահան իշխանի կողմից 911թ. կառուցված սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Այն մեկ զույգ մույթերով գմեթավոր դահլիճի տիպի, գլխավոր խորանով և զույգ ավանդատներով կառույց է:

Հետագայում Վահան իշխանի եղբորորդի Վահանը եկեղեցու արևմտյան կողմում կառուցել է կամարակապ թաղածածկ գավիթ և սյունասրահ, որը ձգվում է եկեղեցու և գավիթի հարավային երկարությամբ: Այստեղ են թաղված Սյունիքի թագավորներն ու իշխանները:

1086թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտը և նրա քույր Կատան կառուցել են վանքի հարավային մուտքը, իսկ նրա լայնաթռիչք թաղի վրա սբ Աստվածածին դամբարան եկեղեցին ու գավիթը: Վահանավանքում կան այլ շինություններ ու տնտեսական կառույցներ, աղբյուրներ, արձանագրություններ, խաչքարեր ու տապանաքարեր, որոնք թվագրում են 10-ից 11-րդ դարերով:

   

Զորաց քարեր  (Քարահունջ)

 

Քարահունջ, “Զորաց քարեր”, հնավայրը գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք, Երևան-Մեղրի մայրուղու աջ մասում:

Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու այս հնավայրում մեր թվարկությունից 7500 տարի առաջ եղել է Արաստծո սրբավայրը և ստղադիտարանը: Հնագիտական պեղումների ընթացքում այստեղ բացվել է մ.թ.ա. 3-րդ - 1-ին հազարամյակների դամբարաններ: Պահպանվել են բնակելի տների և այլ շինությունների հետքեր: Հնավայրը շատ նմանություններ ունի արևմտաեվրոպական մեգալիթյան կառույցների, մասնավորապես, անգլիական Սթոունհենջի (Քարահունջ) հետ: Քարահունջը զբաղեցնում է հսկայական տարածք և պեղումներին այստեղ դեռ շատ անակնկալներ կարող են մատուցել:

 

Վերիշեն

 

Վերիշենը Սյունիքի հնագույն բնակավայրերից է:

Գյուղի տարածքում կան հնագույն դամբարաններ (մ.թ.ա. 1-ին հազարամյակ), 4-5-րդ դարերի եկեղեցի, 10-20-րդ դարերի քարայր կացարաններ, 1509թ. խաչքար, 17-18-րդ դարերի եկեղեցի:

Վերիշենի նշանավոր հուշարձաններից է 4-5-րդ դարերում կառուցված սբ Հռիփսիմե եկեղեցին: Նկարում՝ սբ Հռիփսիմե եկեղեցի (IV-V դար)

Միանավ, բազիլիկ, խիստ ձգված համաչափություններով, դահլիճի երկայնական պատերին հնգական կամարակապ որմնախորշերով, կիսաշրջանաձև խորանով եկեղեցին այս տիպի հուշարձաններից ամենախոշորն է: Եկեղեցու երկարությունը 23.3 մ է: 1621թ. եկեղեցին հիմնովին վերակառուցվել է: Պահպանվել է այդ մասին պատմող արձանագրությունը: Վերիշենի նորակնունք եկեղեցին կառուցվել է 17-18-րդ դարերում:

 

Բղենո Նորավանք

 

Բղենո նորավանքը 10-ից 11-րդ դարերի Սյունիքի ճարտարապետական նշանավոր հուշարձաններից է:

Գտնվում է Բարձրավան գյուղի մոտ, Որոտան գետի բարձրադիր անտառապատ ափին:

Վանքն ունեցել է գրչատուն և հռչակված է եղել իր վարպետ գրիչներով: Մեծ համբավ էր վայելում հատկապես Հովհաննես գրիչը, որի ընդօրինակած ու նկարազարդ ՙԷջմիածնի Ավետարանը՚ պահվում է Երևանի մատենադարանում: Վանքն ունեցել է մեծ կալվածքներ:

Ճարտարապետական հորինվածքի յուրօրինակությամբ ու բարձրարվեստ քանդակներով Բղենո նորավանքը դասվում է Հայաստանի եզակի հուշարձանների շարքին:

936թ. Ստեփանաս քահանան սպիտակ կրաքարից կառուցել է տալիս եկեղեցին, գավիթը, սրահն ու բորոտանոցը: 1056-66թթ. Սյունիքի Գորիգոր 1-ին թագավորի հրամանով կապտավուն բազալտից կառուցվել է մի նոր եկեղեցի:

Այն մեզ է հասել բազմաթիվ վերակառուցումներով ու ձևափոխումներով:

Եկեղեցին պայտաձև թաղով ծածկված դահլիճ է, հյուսիսային և հարավային պատերի կամարակապ զույգ բացվածքներով, մեծ լուսամուտով և քարախոշոր աբսիդով:

Հետագայում եկեղեցուն կից կառուցվել են երկու սենյակներ: Եկեղեցու շքամուտքը արևմուտքից է, պսակված քանդակազարդ համապատկերով: Կապտագույն քարատախտակների վրա պատկերված են եղել Քրիստոսի կյանքը ներկայացնող բարձրաքանդակներ:

Բղենո Նորավանքը հիմնովին վերանորոգվել է 1957-1962թթ.:

 

Անգեղակոթ

 

Անգեղակոթը Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն հարուստ է հնագիտական հուշարձաններով սկսած քարեդարյան հնագույն քարայր բնակատեղից մինչև մեր օրերը:

Դրանից հատկապես նշանավոր են "Վարդան Զորավար" սրբավայրը, որտեղ ըստ ավանդության 451թ. կանգ են առել ճակատամարտից վերադառցող հոգնաբեկ հայ զինվորները:

Անգեղակոթը հարուստ է 9-19-րդ դարերի գեղաքանդակ խաչքարերով ու տապանքարերով, կոթողներով ու մոտ մեկ տասնյակ եկեղեցիներով:

Դրանից նշանավոր են սբ Ստեփանոս կամ Պատիկ, սբ Հազարափրկիչ, սբ Վարդան, սբ Աստվածածին, ծաղկի Սուրբ, Սառենց Սուրբ եկեղեցիներն ու մատուռները: Ուշ միջնադարում Անգեղակոթը Մելիք Սաֆրազյանների մելիքության կենտրոնն էր: 1699թ. Իսրայել Օրու նախաձեռնությամբ Մելիք Սաֆրազի դղյակում հրավիրվել է Անգեղակոթի հայտնի ժողովը:

 

 Աղիտուի մահարձան

 

7-րդ դարի հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան: Գտնվում է Սիսիան քաղաքից 4 կմ արևելք, Աղիտու գյուղի կենտրոնում: Ըստ ավանդության մահարձանը կանգնեցվել է թշնամիների դեմ կռվում զոհված երկու իշխանազուն եղբայրների հիշատակին: Այն եռահարկ կառույց է: Առաջին հարկաբաժինը սրբատաշ երանգավոր քարերից կառուցված երկու կամարակապ խորշերով ու հարթ ծածկով սրահ է, որի տակ ամփոփված են զոհվածների աճյունները: Հարթակի կենտրոնական մասում բարձրանում են ուղղանկյուն մույթերի և ութանիստ սյան վրա հենված ճոխ զարդաքանդակներով պսակված եռամաս կամարաշարքը: Մահարձանի շրջակայքը հարուստ է հնագիտական հուշարձաններով, որոնք վկայում են, որ այստեղ հեթանոսական շրջանի պաշտամունքային կառույց է եղել: Վաղ քրիստոնեության շրջանում կառույցը ավերվել է, իսկ դրա տեղում կառուցվել է եկեղեցին: 10-11-րդ դդարերում նույն եկեղեցու տեղում Սյունիքի Սմբատ թագավորի կողմից նոր եկեղեցի է կառուցվել, որն ավերվել է հրդեհից: Պահպանվել են գերեզմանատունը  քանդակազարդ տապանաքարերով ու խաչքարերով:

   

Թանահատի վանք

 

5-6-րդ դարերի հայկական ճարտարապետական հուշարձան, Սյունիքի նշանավոր վանական համալիր, գտնվում է Արևիս գյուղից հյուսիս, լեռնային բարձրադիր, տափարակ վայրում: Վանքի հիմնադրումը վերագրվում է 5-6-րդ դարերին: Ղևոնդ Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հեթանոսական շրջանում գոյություն է ունեցել Անահիտ աստվածուհու մեհյանը:

Գլխավոր եկեղեցին կոչվում է սբ Ստեփանոս նախավկա: Այն դրսից ու ներսից սրբաշատ, խոշոր կարմրավուն քարից կառուցված բազիլիկ շինություն է, բեմահարթակը տանիքի կողմից երիզված է եղել բեմահարթակով, որի վրա հենվել է տանիքի մի մասը: Եկեղեցին ունեցել է սրահ և ավանդատուն: Սյունասրահի խոյակները զարդարված են շուշանածաղիկներով: Վանքին կից պահպանվել է գերեզմանատունը խաչքարերով ու տապանքարերով: Դրանցից մեկի վրա հազիվ նշմարվում են հայերեն եղծված գրեր:

1975թ. Թանահատի ավերակներում հայտնաբերվել է ուրարտերեն սեպագիր արձանագրություն փորագրված բազալտե քարակոթողի երկու երեսին, որից մեկում քրիստոնեական շրջանում տաշվել և տեղում խաչ է քանդվել: Թանահատը ներկայումս կիսավեր վիճակում է:

   

 Հալիձորի բերդ

 

Ուշ միջնադարի հայկական ճարտարապետական համալիր: Գտնվում է Կապան քաղաքից 1 կմ հարավ-արևմուտք, Ողջի գետի բարձրադիր աջ ափին: 17-րդ դարի առաջին կեսին բերդի տարածքում գործում էր կուսանոց անապատ, որը պարսպատելուց հետո ծառայում էր որպես Մելիք Փարսադանյանների տոհմական ամրոց: 1720-ական թվականներին իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Սյունիքի ազատագրական պայքարի կենտրոնը:

Հալիձորի բերդի մոտ Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը 1725-27թթ. ջախջախել են թուրքական մեծաթիվ զորքերին:

Բերդի պարիսպներն ունեն տեղանքից բխող անկանոն քառանկյան ձև: Երկու կամարակապ մուտքերը գտնվում են հարավային և հյուսիսային պարիսպների մեջ: Միակ կլոր բուրգը գտնվում է ամրոցի հարավ արևմտյան անկյունում: Բերդում կան երկու եկեղեցի, տնտեսական և բնակելի շենքերի մնացորդներ: Եկեղեցիներից մեկը կառուցված է անմշակ բազալտի խոշոր քարերով: Ունի թաղածածկ դահլիճի հորինված, բեմի երկու կողմերում ավանդատները:

Եկեղեցուն հյուսիսից և հարավից կից կառուցված են երկհարկ գավիթներ:

Տեղանքի թեքությունը մեղմելու նպատակով, հյուսիսային պարսպից մինչև արևելյան պարիսպը ամրացվել է տեռասաձև պարսպատով, որի շնորհիվ եկեղեցու արևելյան բակը ընդարձակվել է:

   

 Բաղաբերդ

 

Միջնադարյան Հասյատանի ամրոցներից է Բաղաբերդը: Գտնվում է Կապանից 15 կմ հյուսիս-արևմուտք, Ողջի գետի ձախ ափին, լեռան բարձրադիր եռանկյունաձև գագաթին:

Ըստ ավանդության Բաղաբերդը կառուցել է Բաղակը Սիսակ նահապետի զարմից:

4-րդ դարում իշխան Անդովկ Սյունին Բաղաբերդի պարիսպների տակ պարտության է մատնել պարսից Շապուհ արքայի զորագնդերին: Բաղաբերդը 4-12-րդ դարերում ունեցել է ռազմաքաղաքական կարևոր նշանակություն, լինելով Սյունիքի իշխանության, ապա թագավորության կենտրոններից մեկը: 12-րդ դարի վերջին ավերվել է սելջուկների կողմից: Բնական պատնեշ ունենալով խոր կիրճերի ուղղագիծ ժայռերը Բաղաբերդը շրջափակված է բոլորաձև աշտարակավոր, հաստ ու բարձր պարսպով: Որոշ տեղերում ժայռերը հղկվել և դարձել են բնական պարսպատեր: Լեռան եռանկյունաձև գագաթին գտնվում է միջնաբերդը: Մուտքը հյուսիս-արևելյան կողմում է: Բաղաբերդի ավերակները բավականին լավ են պահպանված: Աստեղից տեսանելի է Բաղակի քար վանքի ավերակները:

   

 Սիսիանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

 

Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության հուշարձան: Գտնվում է Սիսիան քաղաքի արևելյան բլրալանջին:

Կառուցվել է 6-րդ դարի վերջերին, հեթանոսական տաճարի տեղում: 7-րդ դարում Սյունիքի Կոհազատ իշխանը հոգևոր առաջնորդ Հովսեփ Ա-ի վանական թեոդորոսի օժանդակությամբ շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացրել վանքի տարածքում, վերանորոգել գմբեթը, ուր փորագրել է տվել իր անունը: Վանքից ոչ հեռու գտնվել է Սյունիքի մայրաքաղաք Շաղատը և Սյունիքի բերդը, որի պատճառով եկեղեցին ստացել է Սյունի վանք անունը:

Եղել է Սյունիքի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոններից: Սյունի վանքն իր ճարտարապետական հորինվածքով գմբեթավոր ներքուստ քառաբսիդ կառույց է: Գմբեթատակ փոխանցումը երկշարք տրոմպային է, թմբուկը ներսից ութանիստ, չորս լուսամուտներով: Արտաքին ճակատները մշակված են լայնանիստ, հատվածքում եռանկյունաձև, սլացիկ խորշերով, որոնք կառույցի ծավալատարածական մշակված ուշագրավ տարրերն են: Ի տարբերություն Ավան-Հռիփսիմե տիպի տաճարների, գմբեթահարկ տարածությունն այստեղ ճիշտ քառակուսի է, աբսիդները հավասար են միմյանց և ունեն երեքական լուսամուտ: Եկեղեցու չորս անկյուններում տեղավորված են քառակուսի սենյակներ: Մուտքերը երկուսն են հարավից և արևմուտքից: Խաչաթևերը պսակված են լայնանիստ ճակտոնապատերով, որոնցից վեր բարձրացող գմբեթի տասներկու սլացիկ նիստերը ձևավորված են զույգ որմնասյուների վրա հենվող նրբագեղ կամարաշարով: Կառույցի բոլոր դեկորատիվ տարրեը համահունչ են 7-րդ դարի հայկական ճարտարապետության ընդհանրացված զարդաձևերին: Հատկապես ուշագրավ է թմբուկի բազմանիստ հյուսածո զարդանախշերով քիվը, որի չորս հիմնական նիստերի վրա պատկերված են ավետարանի դիմաքանդակները: Եկեղեցին հիմնովին վերականգվել է 1959-61թթ.:

   

 Մեղրիի բերդ

 

Հայկական ճարտարապետական հուշարձան: Գտնվում է Մեղրի քաղաքի շրջակա լեռնաշղթայի գագաթների վրա, հյուսիսից պայտաձև, ընդգրկելով քաղաքը:

Մեղրու բերդը առաջին անգամ հիշատակվում է 1083թ.: Այն հիմնովին վերակառուցվել է 18-րդ դարում:

Մեղրու բերդն իր ճարտարապետական մտահղացմամբ եզակի է հայկական ամրոցաշինության մեջ:

Բերդը պարսպապատեր չունի: Դրանց փոխարինել են լեռնաշղթայի թեք կողերը: Լեռնաշղթայի գագաթներին կոպտատաշ ու անմշակ գրանիտե քարերից կառուցված են վեց ամրակուռ աշտարակներ: Դրանցից չորսը կլոր են, երկուսն ուղղանկյունաձև: Կլոր աշտարակների հատակագծերը կանոնավոր շրջագծեր են 5.5 մ արտաքին տրամագծով: Բոլոր աշտարակների պատերը դրսից դեպի վեր նեղանում են, կառույցին տալով կայունություն և ամրություն: Շարվածքում, աշտարակի ողջ պարագծով, որպես հակաերկրաշարժային գոտիներ, օգտագործվում են կաղնեփայտե հեծաններ: Աշտարակները եղել են երկհարկանի: Նրանց հրակնատները ճառագայթաձև ու շախմատաձև, բացված են ամբողջ շրջագծով: Ուշ միջնադարում, երբ գործածության մեջ մտավ հրազենը, Մեղրու բերդի աշտարակներից հնարավոր էր կրակի տակ վերցնել քաղաքի մատույցներն ու կարևորագույն կետերը, իսկ քաղաքի հարավային մատույցները պաշտպանված էին Մեղրի գետով ու դրան հարող հին աշտարակաձև տներով, որոնք յուրատեսակ պարսպի դեր էին խաղում:

 

 Մեղրու Սբ. Սարգիս եկեղեցի

 

Մեղրու նշանավոր հուշարձաններից են վանքն ու եկեղեցիները: Վանքը գտնվում է քաղաքի հյուսիս-արևմտյան եզրին: Այն կառուցվել է 17-րդ դարում: Գլխավոր կառույցը սբ Հովհաննես եկեղեցին է: Աղյուսաշեն գմբեթը հենված է քառակուսի մույթերի վրա և աղոթասրահի մեջտեղից դուրս է գալիս երկթեք տանիքի միջից, օրգանապես չկապվելով ուղղանկյուն ծավալի հետ: Եկեղեցու ներսի պատերը զարդանախշված են եղել:

Մեղրու մեծ թաղի կենտրոնական մասում գտնվում է սբ Աստվածածին եկեղեցին (17-րդ դար): Սա քառամույթ գմբեթավոր բազիլիկ եկեղեցի է, նեղ կողային նավերով: Խորանի երկու կողմերում կան ուղղանկյուն ավանդատներ: Եկեղեցու գմբեթը, ինչպես և սբ Հովհաննես եկեղեցունըª աղյուսաշեն է, ութանիստ թմբոււկով:

Եկեղեցու բեմի պատը, մույթերն ու ավանդատները զարդված են 19-րդ դարի որմնանկարներով: Մեղրու փոքր թաղի սբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում: Եկեղեցին երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է: Տանիքի վրա բարձրացող ռոտոնդան կառուցված է աղյուսից, իսկ եկեղեցին բազալտից: Հարավային կողմի պատի մեջ, մուտքի աջ ու ձախ կողմերում, տեղադրված են խաչքարեր: Մեղրու սբ Աստվածածին ու սբ Սարգիս եկեղեցիները հիմնովին վերանորոգված են:

   

 Որոտնաբերդ

 

Բերդ ՄԵծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկ գավառում, Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա: Գտնվում է Սիսիան քաղաքից 20 կմ արևելք:

Որոտանաբերդը դասվել է Սյունյաց նշանավոր բերդերի շարքը: Հայտնի էր դեռևս 4-5-րդ դարերում: 12-14-րդ դարերում մի քանի անգամ գրավվել է սելջուկ-թուրքերի և մոնղոլ-թաթարների կողմից:

Ավերվել է 1487թ. երկրաշարժից: Ունի հյուսիս -արևմուտք - հարավ - արևելք ձգվածությամբ թամբի ձև:

Երեք կողմից երիզված է Որոտան գետի անդնդախոր կիրճով, պարսպապատված է եղել միայն հարավ-արևմուտքից:

Պահպանվել է երկշարք պարսպապատերի մնացորդները: Հարավ-արևելքում ընդհանուր տարածքից մոտ 50 մ բարձր միջնաբերդն է: Միջնաբերդի հյուսիս-արևմուտքում կառուցված է կրաշաղախով և բազալտե խոշոր կիսամշակ քարերով երկտակ պարիսպը, որի հարավ-արևմուտքում եղել է բերդի հետ կապող կամարակապ դարպասը: Միջնաբերդի արևելյան մասում կան կիսաշրջանաձև պատով դիտաշտարակ, մատուռի մնացորդներ: Այստեղ է գտնվել Որոտան գետը տանող գետնուղու գլխամասը:

Ինչպես միջնաբերդի, այնպես էլ բորդի ողջ տարածքը ծածկված է ճեղքված բազալտից, առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի կացարանների պատերով:

Ուշագրավ են բերդի հարավ-արևմտյան մասում գտնվող զույգ քառակող կոթողների ստորին մասի մնացորդները (ավելի քան 25 մ բարձրությամբ):

 

 Հին Խնձորեսկ

 

Պատմական, հնագիտական և ազգագրական մեծ արժեք ունեցող հուշարձանախումբ: Գտնվում է Գորիս քաղաքից 10 կմ արևելք, ներկայիս Խնձորեսկ գյուղի մոտ:

Իր գեղատեսիլ բնությամբ ու նշանավոր հուշարձաններով հարուստ այս վայրը կարող է դառնալ զբոսաշրջության հանգրվան:

Պահպանվել են 5-20-րդ դարերի քարայր բնակավայրեր, 17-18-րդ դարերի սբ Թադևոս, սբ Հռիփսիմե, ՙԱնապատ՚ եկեղեցիները, աղբյուրներ, պարսպի մնացորդներ և այլ շինություններ:

"Զանգեզուր" արգելավայր

 

"Զանգեզուր" արգելավայրը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 15-ին (ՀՀ կառավարության N1187-Ն որոշում) և հանդիսանում է նոր պահպանվող տարածքներից մեկն է, որի նպատակն է ապահովել Սյունիքի մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի մերձալպյան մարգագետնային և մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն: Այն գտնվում է "Շիկահող" պետական արգելոց" պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ:

Արգելավայրի տարածքը կազմում է 17369 հա, զբաղեցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի և Գեղի գետավազաններն ու Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերը և սահմանակցում է Քաջարան քաղաքի լեռնագործական շրջանին և Մեղրու լեռնաշղթային` արևելքում ու Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության "Օրդուբադ" ազգային պարկին` հարավ-արևմուտքում:

 

"Սոսու պուրակ"  արգելավայր

 

"Սոսու պուրակ" արգելավայրը իր մեջ ներառում է արևելյան սոսու Կովկասում ամենախոշոր բնական պուրակը: Այն ստեղծվել է 1958 թ-ին ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի (թիվ Պ-341) որոշմամբ և այժմ զբաղեցնում է 64.2 հա տարածք: Մինչև 2004 թ. այն գտնվում էր Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ, իսկ հետո բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել է "Շիկահող" արգելոցին: Արգելավայրը գտնվում է "Շիկահող" արգելոցին կից Ծավ գետի հովտում` Ներքին Հանդ գյուղի մոտ ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա: Մարդու գործունեության ազդեցությունը մեղմացնելու համար արգելավայրը շրջապատված է մոտ 100 մ լայնություն ունեցող բուֆերային գոտով, որտեղ ընկած են Ներքին Հանդ գյուղի և Կապանի անտառտնտեսության հողերը:

Շնորհիվ ցածր ռելիեֆի, արգելավայրի կլիման մեղմ է ու բավականին տաք: Ձնածածկը ձևավորվում է ոչ ամեն տարի, արագ հալվում է և հասնում ոչ ավել, քան 10 սմ: Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 530 մմ:

Սուսու պուրակը ունի ձգված տեսք` Ծավ գետի երկայնքով 50-200 մ լայնությամբ և 10 կմ երկարությամբ: Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել ծառեր, որոնք հասնում են 30-35 մ բարձրությանը և պահպանվել են մինչ այժմ: Բացի սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն:

Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները` 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ: Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը, կատվաօձը և անդրկովկասյան սահնօձը:

 

 "Շիկահող"  պետական արգելոց

 

"Շիկահող" պետական արգելոցը ստեղծվել է 1958 թ-ին Կապանի անտառտնտեսության հողերի վրա ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի թիվ Պ-341, 13.09.1958 թ. որոշմամբ` Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա գտնվող լայնատերև անտառների յուրահատուկ ֆլորան և ֆաունան պահպանելու, ուսումնասիրելու և վերականգնելու նպատակով: 1963 թ-ին այն վերափոխվել է Բարթասի արգելավայրի և վերականգնվել է որպես արգելոց միայն 1975 թ-ին: Պահպանության հիմնական օբյեկտներն են հանդիսանում լայնատերև (կաղնու, բոխու) անտառները, յուրահատուկ բուսական համակեցությունները (կենու, արևելյան սոսու և արևելյան հաճարենու պուրակները), դրանց բուսական և կենդանական աշխարհը /վայրենակերպ, հովազ, մուֆլոն, բեզոարյան այծ/:

Արգելոցը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում և զբաղեցնում է 12073 հա տարածք: Արգելոցը բաղկացած է Շիկահողի և Մթնաձորի տեղամասերից: Մինչև 2006 թ-ը դրա տարածքը ավելի փոքր էր` 10330 հա:

Շիկահողը զբաղեցնում է Ծավ և Շիկահող գետերի ավազանները Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա և իր մեջ ներառում է Շախբուզ (2372 մ), Գյումարանց (2366 մ), Մազրա (2198 մ) և Բարթաս (2186 մ) լեռնագագաթները: Արգելոցին սահմանակցում են Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ և Ներքին Հանդ գյուղերը:

Արգելոցի սահմաններն անցնում են հարավում Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ մնացած կողմերից` վերը նշված գյուղերի համայնքային հողերի սահմաններով:

 

 "Սև լիճ"  արգելավայր

 

Սև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար լեռնաստորոտի խառնարանային մասում` 2658 մ բարձր. վրա: Անհոսք քաղցրահամ լիճ է: Մակերեսը մոտ 240 հեկտար է, երկարությունը` 1,6 կմ, լայնությունը` 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը` ավելի քան 9 մլն մ³: Լիճը կազմավորվել է ձնհալից և բնական աղբյուրներից, որոնք լցվել են լեռան խառնարանը: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի բույսեր: Արգելավայրի նպատակն է պահպանել բարձր լեռնային հրաբխային ծագման եզակի ջրավազանը և նրա հարակից բնատարածքները, 102 տիպի անոթավոր բույսերն ու ալպյան գոտու բուսական և կենդանական համակեցություններ:

"Սև լիճ" արգելավայրը հիմնադրվել է ՀՀ կառավարության 12.10.2001թ. Ն-975 որոշմամբ` ՀՀ կառավարության 17.10.1987թ. N717 որոշմամբ ստեղծված արգելոցի բազայի վրա:

 

 "Սատանայի կամուրջ"

 

Տաք ջուր – Որոտանի վրա գտնվում է Հայաստանի բնության հրաշալիքներից մեկը "Սատանայի կամուրջ"-ը: Այն ջրի խելահեղ հոսանքի վրա կախված անձեռագործ բնական տանիք է` մոտ 150 մետր լայնությանբ և 200 մետր երկարությամբ: Կամուրջը կազմված է կրաքարից և տրավիրտինից, ունի հարթ մակերևույթ. նրա առանձին փոսերում պղպջակներ արձակելով բխում են տաք հանքային աղբյուրներ: Կիրճի երկու զառիթափի լանջերը ևս կազմված են տրավերտինից, որոնք դեղնակարմրավուն քարափների երկու կողմից 250-300 մետր բարձրությոմբ պարիսպներով իջնում են կամրջի եզրին: Այդ քարափները այնքան իրար մոտ են, որ կազմում են ընդամենը 180-200 մետր լայնությամբ մի նեղ միջանցք: Կամրջի բարձրությունը գետի մակերևույթից կազմում է մոտ 100 մետր: Նրա տակ կուտակված տրավերտինե սյուները, վիթխարի ստալակտիտներ, կախված են գետի վրա և ունեն դեղին գույն, իսկ ներքևում հետզհետե կանաչում են նմանվելով փրփրագեղ ջրերին: Այդ ստալակտիտները առաջանում են շրջակա քարափների և հենց կամրջի ընդերքում հոսող հանքային ջրերի մեջ լուծվող կալցիումի և այլ աղերի անջատումից:

Սատանայի կամրջի վրա և շրջակայքում կան հանքային աղբյուրներ, որոնց ջրի քանակը կազմում է օրական 500-600 հազար լիտր: Նրանց ջերմաստիճանը 25 աստիճան է:

Սատանայի կամրջի հանքային աղբյուրների մասին Պրոֆ. Ա.Ա. Ֆլորենսկին գրել է. "Սատանայի կամուրջ"-ի աղբյուրները բնության հրաշագեղ հուշարձաններ են, որոնք հիացմունք են պատճառում իրենց յուրահատկությամբ և գեղեցկությամբ: Դարեր շարունակ այդ հանքային ջրից նստվածք է առաջացել և անդնդախոր ձորի երկու ափերը ամուր միացել են իրար, որի միջով հոսում է որոտընդոստ Որորտան գետը":

Տեղի բնակիչները վաղ ժամանակներում չկարողանալով բացատրել երկրաբանական այդ պրոցեսները, այն համարել են սատանայի գործ, իսկ կամուրջը "Սատանայի կամուրջ":

Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz