ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր

 

Մանդատը


ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն` ՄԱԿ-ի համընդհանուր զարգացման ցանցը, կազմակերպություն է կոչված աջակցելու փոփոխություններին` կամրջելով երկրները համաշխարհային գիտելիքներին, փորձին եւ աղբյուրներին` մարդկանց կյանքը բարելավելու նպատակով:ՄԱԶԾ-ն գործում է 177 երկրներում` տվյալ երկրների գլոբալ և ազգային զարգացման մարտահրավերներին տեղական լուծումներ տալուն նպատակաուղղված: Տեղական ներուժը զարգացնելիս, երկրներն ապավինում են ՄԱԶԾ-ի աշխատակիցների և բազմաթիվ գործընկերների աջակցությանը: ՄԱԶԾ-ն երկարամյա գործունեության և հաստատուն ձեռքբերումների փորձ ունի Հայաստանում և աջակցում է ՀՀ կառավարությանը և քաղաքացիներին` մինչև 2015 թ. հասնելու ազգային զարգացման առաջնայնություններին և Հազարամյակի զարգացման նպատակներին:

ՄԱԶԾ-ն Հայաստանում

ՄԱԶԾ-ն հաստատվել է Հայաստանում 1993 թ. և իրեն դրսևորել է որպես ՀՀ կառավարության և այլ շահագրգիռ կողմերի ռազմավարական և կարևոր գործընկեր` աջակցելով նրանց` առաջանցիկ մարդկային զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցությանն ուղղված ջանքերին:

ՄԱԶԾ-ն Հայաստանում իր գործունեության սկզբից ի վեր մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրեր է իրականացրել, որը ներառում է ինչպես ՄԱԶԾ-ի, այնպես Էլ կառավարության և դոնորների միջոցները: 2004-2010 թթ. Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրումը կազմել է 1,7 միլիոն ԱՄՆ դոլար:

ՄԱԶԾ 2010-2015 թթ. ծրագիրը լիովին համահունչ է ազգային առաջնայնություններին և զարգացման կարիքներին և կարևորում է ազգային կարողությունների հետագա զարգացումը` ուշադրության կենտրոնում պահելով էկոլոգիապես կայուն տեղական և մարզային զարգացումը և խթանելով ժողովրդավարությունն ու արդյունավետ կառավարումը: Ծրագիրն ունի գործունեության երեք գերակա ոլորտ, որոնք համահունչ են Կայուն զարգացման ծրագրին (2008-2021 թթ.) և ՄԱԶԾ ռազմավարական պլանին.

  1. Սոցիալ-տնտեսական կառավարում

  2. Ժողովրդավարական կառավարում

  3. Շրջակա միջավայրի կառավարում

Գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը` աճող գործազրկության, նվազող դրամական փոխանցումների և վերադարձող տնտեսական միգրանտների հոսքի պայմաններում` ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի գործունեության կիզակետում է պահում աղքատության հաղթահարման նախաձեռնությունների խթանումն ու սոցիալական ծառայություների հասանելիության ապահովումը: Պայքարը աղքատության և գործազրկության դեմ, ապակենտրոնացման օժանդակումը և խոցելի խմբերի համար հիմնական սոցիալական ծառայությունների հավասար հասանելիության ապահովումը ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական ուղղության գործունեության հիմնական մասն են կազմում:

Մասնավորապես, համայնքային զարգացման ծրագրի միջոցով ՄԱԶԾ-ն նպաստում է համայնքային մասնակցային պլանավորմանը և ենթակառուցվածքային և եկամուտ ստեղծող ծրագրերի իրականացմանը:Նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումը, և աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին մարզային մակարդակում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի գործունեության մեկ այլ առաջնային բնագավառ է:

Ժողովրդավարական կառավարման ոլորտում ՄԱԶԾ-ի աջակցությունը կենտրոնացած է` ա) հանրային կառույցների կատարողականի բարելավում` արդյունավետության և հաշվետվողականության բարձրացման միջոցով բ) քաղաքացիական մասնակցության խթանում` ձայնի և հաշվետվողականության մեխանիզմների ներդրման և վստահության մթնոլորտի ձևավորման միջոցով գ) պետական և ոչ պետական կառույցների կարողությունների հզորացում, ներառյալ ԶԼՄ-ները` մարդու իրավունքների խթանման և պաշտպանության, սոցիալական համախմբվածության, հանդուրժողականության և վստահության հաստատման համար:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աջակցություն է ցուցաμերվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մեծացնելով ինստիտուցիոնալ կարողություններն իրականացնելու իր մանդատը` համաձայն Հայաստանի միջազգային պարտավորությունների: Ի հավելումն, նպատակային աջակցություն է ցուցաբերվում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` նպաստելով մարդու իրավունքների կրթության և հանդուրժողականության ձևավորման ներդրմանը դպրոցական ծրագրում:

ՀՀ կառավարության համար մեկ այլ կարևորագույն ոլորտ է միջսահմանային համագործակցությունը, և մարդկանց ու ապրանքների սահմանով շարժի խթանումը` միևնույն ժամանակ ապահովելով սահմանի անվտանգ լինելը: ՄԱԶԾ-ն, Եվրամիության հետ գործընկերությամբ, հզորացնում է համապատասխան հաստատությունների կարողությունները` նպաստելով տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը:

Շրջակա միջավայրի կառավարման ուղղության ուշադրության կենտրոնում են կլիմայի փոփոխության,ադապտացիայի, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության խնդիրները` նպատակ ունենալով ցածր ածխածնային ռազմավարությունների մշակման միջոցով ապահովել կլիմայի փոփոխությանն արձագանքելու կարողություններ: ՄԱԶԾ-ն իր ներդրումն ունի ազգային հաստատությունների կարողությունների հզորացման գործընթացում` ապահովելով շրջակա միջավայրի անվտանգությունը և սոցիալական ու քաղաքական կայունությունը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն աջակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և այլ շահագրգիռ կողմերի կարողությունների հզորացմանը և Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ազգային ռազմավարության մշակմանը:

   

ՀԱՍՑԵ`

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
ՄԱԿ-ի գրասենյակ
Պետրոս Ադամյան 14
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 56 60 73
Ֆաքս. (374 10) 54 38 11
Էլ. փոստ` registry.am@undp.org
URL:         http://www.undp.am

Создать бесплатный сайт с uCoz