«ՆՈՐ ԳՅՈՒՄՐԻ»
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հայաստանի Հանրապետության սոցիալապես ամենից ծանր վիճակում գտնվող մարզը Շիրակն է: Իսկ մարզկենտրոն Գյումրին դեռ զգում է իր վրա 1988 թ. ահարկու երկրաշարժի ազդեցությունը: Գյումրին լայնածավալ բարեփոխումների կարիք է զգում՝ սկսած աշխատատեղերի ստեղծումից մինչև քաղաքացու իրավունքների պաշտպանություն:
Համահայկական բարեգործական շարժման շտաբ-բնակարանը տեղակայվել է Գյումրիում, և շարժման առաջին նախաձեռնությունները կյանքի են կոչվելու հենց Գյումրիում, այնուհետև դրական արդյունքներ ցույց տված նախագծերը կիրագործվեն մնացյալ բնակավայրերում՝ օրինակ դառնալով ՀՀ մյուս քաղաքների ու մարզերի համար:

     

Ինչ ենք մենք այսօր նախատեսում:

Պետք է ընդունել, որ Գյումրիի համար ամենից առաջնային խնդիրը աշխատատեղերի բացակայության և աշխատանքային ոչ նորմալ պայմանների հարցն է: Ուստի առաջին քայլով փորձում ենք դուրս բերել, թե Գյումրիում ինչպիսի կադրեր կան: Մեզ մոտ հաշվառվում են հետաքրքրված բոլոր գործազուրկները, ժամանակավոր աշխատանք ունեցող անձինք: Ըստ ձեռք բերված տեղեկատվության կազմվում է ցուցակ, որով դասակարգվում է, թե ինչ ոլորտի աշխատատեղեր են հնարավոր բացել՝ որպես չափանիշ ընտրելով առավելագույնս մեծ թվով անձանց ներգրավվածության հնարավորությունը:

    

Համաձայն Աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման մեր կողմից առաջադրված ուղղորդիչների կառաջարկվեն.

    
1. Ստեղծել նոր արտադրական հիմնարակներ, ծառայություններ մատուցող հաստատություններ, որոնք ֆիզիկական անձ սեփականատերեր չեն ունենա, իսկ ստացված եկամուտը կուղղորդվի նոր աշխատատեղերի ստեղծմանը, քաղաքի բարեկարգմանը, սոցիալական ապահովության և այլ բնույթի ծրագրերի իրականացմանը:

    

2. Առկա ձեռներեցների հետ համագործակցությամբ բիզնեսի ընդլայնում: Շարժումը իր հնարավորությունները կիրառում է տվյալ կոնկրետ բիզնեսի զարգացման համար (թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում), իսկ անհրաժեշտության դեպքում կարող է ստանձնել բիզնեսի կառավարումը: Դրա փոխարեն տվյալ բիզնեսի եկամտի որոշակի տոկոս (ըստ կատարվելիք աշխատանքի բնույթի ու փոխադարձ պայմանավորվածության) հատկացվում է շարժման ծրագերի, նախաձեռնությունների իրագործմանը: 

    

3. Շարժումն առաջարկում է բաժնետիրական հիմքով նոր ձեռնարկություններ ստեղծել, որի կառավարումը կլինի շարժման տրամադրության տակ, իսկ ներդրումներ կատարողները կստանան իրենց եկամուտը՝ ըստ բաժնեթղթերի: Սա այնքանով արդյունավետ կլինի, որքանով անգամ համեստ միջոցներ ունեցող անձը հնարավորություն է ստանում հուսալի ներդրումներ անել: Մյուս կողմից նաև պետությունը, համայնքը, ինչպես և սփյուռքահայերը կարող են բաժնեթղթեր ձեռք բերել:

      

Շարժման ձևավորվող ցանցը հնարավորություն կտա հեշտությամբ լուծել արտադրանքի սպառման՝ շուկայի խնդիրը, քանի որ հնարավոր կլինի  ստացված արտադրանքն սպառել այլ համայնքներում կամ արտահանել այլ երկրներ:

Սկզբնական շրջանում առավելապես կարտադրվեն կենցաղային նշանակություն ունեցող ապրանքներ (սննդամթերք, հագուստեղեն, կենցաղային իրեր, կահույք և այլն): Այդ արտադրությունների առաջնային սպառումը կլինի տեղում և հանրապետության ողջ տարածքում, ապա արդեն կարտահանվեն:

    

* * *

Նախքան արտադրությունների գործարկումը Գյումրիում առկա կադրերի հենքով կձևավորվեն մասնագիտական խմբեր (շինարարներ, սպասարկման ոլորտի մասնագետներ և այլն), որոնք անհրաժեշտության դեպքում կվերապատրաստվեն, կծանոթանան նորագույն տեխնոլոգիաներին ու տեխնիկայի միջոցներին: Շարժումը կապող օղակ կհանդիսանա պահանջարկի ու առաջարկի միջև. տարաբնույթ խնդիրների, հարցերի առկայության դեպքում քաղաքացիները կկարողանան դիմել մեզ՝ ուղղորդում կամ աջակցություն ստանալու համար: Հետագայում կձևավորվի թեժ գիծ, տեղեկատու:

      

 Մինչ արտադրությունների ստեղծումը նախատեսվում է նաև.

- հիմնել լրատվական կայք, իսկ հնարավորության դեպքում նաև պարբերական (օրաթերթ, շաբաթաթերթ կամ ամսագիր),

- ստեղծել շարժման գործունեությունը լուսաբանող հաղորդաշար (ինտերնետային կամ հեռուստահեռարձակմամբ),

- ձևավորել կադրային ստուդիա ֆիլմերի, տեսահոլովակների ստեղծման համար,

- տարածել նյութեր մարդու իրավունքների վերաբերյալ, կազմակերպել դասընթացներ, հաղորդաշարեր,

- ձևավորել օպերատիվ խմբեր, որոնք հետևողականորեն կպայքարեն մարդու իրավունքների տարաբնույթ խախտումների դեմ՝ սկսած պետական հաստատություններից մինչև մասնավոր ընկերություններ ու անհատներ, 

- անցկացնել քաղաքի բարեկարգման գործողություններ, պայքարել քաղաքը մաքուր պահելու համար, 

- ստեղծել մշակութային, սպորտային, գիտական խմբակներ՝ ըստ տարբեր թաղամասերում առկա պահանջարկի,

- ստեղծել ողջ Գյումրիի տարածքում ֆիքսված գնով սպասարկող տաքսի ծառայություն, որում անհատ տաքսու վարորդներին ևս ձեռնտու կլինի ներգրավվել: Սա նաև հնարավորություն կտա թեժ ժամերին թեթևացնել քաղաքի տրանսպորտի ծանրաբեռնվածությունը,

- ստեղծել մատչելի գներով  գործող իմիջ-կենտրոններ, ժամանցային հաստատություններ և այլն:

     

Նախաձեռնությունները տարաբնույթ կարող են լինել, քաղաքացիներն իրենց հերթին կարող են տարբերակներ առաջարկել, ըստ իրավիճակի ու պայմանների նորանոր նախագծեր կյանքի կկոչվեն:

    

* * *

«Նոր Գյումրի» քաղաքացիական նախաձեռնությունը կյանքի կոչելու համար բավականին միջոցներ կպահանջեն, ուստի ի սկզբանե ձևավորվում են բարեգործական միջոցներ ներգրավվող խմբեր, որոնք կաշխատեն կապ հաստատել հայաստանյան հարուստ ազգաբնակչության, խոշոր կազմակերպությունների, հիմնադրամների, արտասահմանյան ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, պետական հաստատությունների, ինչպես նաև Սփյուռքում ապրող մեծահարուստ հայրենակիցների ու կազմակերպությունների հետ: 

Создать бесплатный сайт с uCoz