Հայ ազգային-ազատագրական շարժման

 

Արևմտյան ազգային սահմանադրությունը

Հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարը կանխելու նպատակով 19-րդ դ. 2-րդ քառորդից Օսմանյան կայսրությունը դիմեց բարենորոգումների: 1839 և 1856 թվականներին հրապարակվեցին բարենորոգումների ծրագրերը: Դրանցով հռչակվում էին Թուրքիայի բոլոր ժողովուրդների իրավահավասարություն, կյանքի և գույքի անձեռնմխելիություն, հարկերի արդարացի և կանոնավոր գանձում: Սակայն դրանցից և ոչ մեկը չիրականացվեց, թեև բարենորոգումների կիրառմանը կողմնակից էին նաև եվրոպական տերությունները: Ավատատիրական Թուրքիան պատրաստ չէր փոփոխությունների: Ղրիմի պատերազմից հետո (1856թ.) արևմտահայերը ևս ձեռնամուխ եղան իրենց ազգային կյանքի վերակառուցման գործին: Կ.Պոլսի հայ հանրության մեջ սրվեցին հակասությունները հասարակ ժողովրդի (արհեստավորներ, մանր ու միջին առևտրականներ) և ամիրաների՝ հարուստների ու սրանց սատարող բարձրաստիճան եկեղեցականության միջև: Ամիրաները ավելի քան մեկ դար տնօրինում էին հայ հանրության եկամուտները, նրա ազգային ու կրթական հաստատությունները: Նրանք ճնշված վիճակում էին պահում ոչ միայն Կ.Պոլսի իրենց աշխատավոր հայրենակիցներին, այլև իրենց տնտեսական շոշափուկները տարածել էին Արևմտահայաստանի գավառների վրա: Ամիրաները թուրքական փաշաներից ստացել էին հարկերը հավաքելու արտոնություն և յուրացնում էին ստացված եկամուտների մի մասը:

Թուրքիայում վերնախավի դեմ ուղղված ժողովրդական շարժումը գլխավորում էին եվրոպական առաջավոր գաղափարներով կրթված մտավորականները: Նրանք մշակեցին ազգային վարչության կանոնադրություն, որը 1857թ. ներկայացվեց հաստատման: Այս կանոնադրությամբ պոլսահայերի աշխարհիկ վարչությանը տրվում էին բավական իրավունքներ, վերացվում էին ամիրաների և բարձրակարգ եկեղեցականության արտոնությունները: Վերջիններիս համառ դիմադրության պայմաններում օսմանյան կառավարությունը մերժեց կանոնադրությունը: 1859թ. կազմվեցին հանձնաժողովներ՝ ազգային նոր կանոնադրություն մշակելու համար: Ժողովրդի պայքարի արդյունքում այդ փաստաթուղթը, ազգային սահմանադրություն անվանումով, 1860թ. մայիսի 24-ին ընդունվեց արևմտահայերի ազգային Ընդհանուր ժողովի կողմից: Եվս մեկ անգամ խմբագրվելով՝ այն վավերացվեց օսմանյան կառավարության կողմից 1863 թվին:

Ազգային սահմանադրությունը որևէ քաղաքական նշանակություն չունեցավ թուրքական լուծը թեթևացնելու, արևմտահայերի հարստահարությունները վերացնելու տեսակետից: Բայց դրանով հանդերձ, սահմանադրությունը հաստատում էր ժողովրդի ընտրական իրավունքը, որոշ պայմաններ ստեղծում նրանց մշակույթի, դպրոցի և ազգային-կրոնական կապերի զարգացման համար:

Արևմտահայերի սահմանադրական պայքարի հաջողությանը մեծապես նպաստեց առաջադեմ մտավորականությունը, որի ուժերով ստեղծվեց սահմանադրության տեքստը:

Սահմանադրության հեղինակներից էր ականավոր հասարակական գործիչ Նահապետ Ռուսինյանը (1819-1876): Կրելով եվրոպական առաջավոր շարժումների ազդեցությունը՝ նա իր համախոհների հետ ներգրավվել է սահմանադրական շարժման մեջ: Ն. Ռուսինյանը գործուն մասնակցություն է ունեցել սահմանադրության վերաքննության, ազգային ժողովի կանոնակարգի և այլ կարևոր խնդիրների առաջադրման ու մշակման գործում: Նա է հեղինակել հանրահայտ «Կիլիկիա» երգը:

Սահմանադրության հիմնական սկզբունքները մշակվել են ճարտարապետ Նիկողայոս Պալյանի (1826-1858) ձեռքով: Նա աջակցել է Կ.Պոլսի հայության մշակութային-լուսավորական շարժումներին:

Սահմանադրական շարժման երևելի դեմքերից էր Գրիգոր Օտյանը (1834-1887): Օտյանը օսմանյան առաջին սահմանադրության խմբագրողներից մեկն էր: Նա զբաղվել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների խնդրով և մշակել է դրան նվիրված ծրագիր:

Սահմանադրականների նույն սերնդից էր Սերվիչենը (Սերովբե Վիչենյան, 1815-1897): Նա 1860-1870-ական թթ. գլխավորել է սահմանադրական մի շարք մարմինների աշխատանքները:

 

Հայ հասարակական միտքը. Պահպանողականներ

1860-1870-ական թթ. հայ ժողովրդի քաղաքական ու տնտեսական զարգացման հիմնահարցը առաջնահերթ նշանակություն ստացավ: Հայ գործիչների մի մասը կարծում էր, որ օսմանյան և ռուսական ճնշումներին դիմակայելու համար անհրաժեշտ է պահպանել ազգի ավանդույթները, լեզուն և կրոնը: Ժողովրդի տնտեսական դրության բարելավման հիմնական միջոցները նրանք համարում էին երկրագործության, արհեստների և առևտրի զարգացումը:

Այսպիսի պահպանողական հայացքներ ուներ Գաբրիել վարդապետ Այվազովսկին (1812-1880), որը «Մասյաց աղավնի» ամսագրի խմբագիրն էր: Նա հատկապես պաշտպանում էր կրոնի և եկեղեցու ազգապահպան նշանակության գաղափարը:

Գրեթե նույն քարոզչությամբ հանդես էր գալիս Մարկոս Աղաբեկյանը (1830-1908) իր խմբագրած «Կռունկ հայոց աշխարհին» ամսագրում: Նա ընդդիմադիր տեսակետներ է հայտնել ցարիզմի գաղութային քաղաքականության դեմ, արտահայտել հայ բնակչության բողոքը օսմանյան բռնակալության նկատմամբ: Այս նույն դիրքորոշումն ուներ Պետրոս Շանշյանը (1819-1889), որը հատկապես հանդես եկավ տնտեսական անկում ապրող հայ արհեստավորության դրությունը բարելավելու առաջարկներով: Հայ առաքելական եկեղեցին Շանշյանը համարում էր ազգի գոյության հիմնասյուներից մեկը:

Կ.Պոլսում գործող պահպանողականներից էր Հովհաննես Չամուռճյան-Տերոյենցը (1801-1888), «Երևակ» պարբերականի խմբագիրը: Նա հայտնի է արևմտահայերի սահմանադրության դեմ իր մղած պայքարով, որի հիմքում ընկած էր այն տեսակետը, թե սահմանադրությունը նվազեցնելու է եկեղեցու դերն ազգային կյանքում: Հ. Չամուռճյանը բանավիճել է առաջադիմական գործիչների հետ ժողովրդի քաղաքական վիճակի, կրոնի, եկեղեցու և ազգային լուսավորության շուրջ:

 

Ազատամտական հոսանք

Պահպանողականներին հակադրվում էին ազատամիտ հայացքներ ունեցող գործիչները:

Ազատամիտ ուղղության հետևորդ էր Ստեփանոս Նազարյանցը (1821-1879): Հայ հանրության զարգացման կարևոր միջոցը նա համարում էր բարենորոգումները: Իր խմբագրած «Հյուսիսափայլ» ամսագրով Նազարյանցը հակադրվում էր հետամնացությանն ու խավարամտությանը, պաշտպանում ազգային լուսավորության ու կրթության տարածման եվրոպական ուղին: Հայկական կյանքում նա կողմնակից էր եկեղեցու և հոգևորականության ազդեցության սահմանափակմանը:

«Հյուսիսափայլում» Ստ. Նազարյանցի հետ համագործակցում էր Միքայել Նալբանդյանը (1829-1866), որը քարոզում էր շատ ավելի արմատական հեղափոխական գաղափարներ: Մ. Նալբանդյանը հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական ազատագրությունը կապում էր ռուսական և համաեվրոպական հեղափոխական շարժումների հետ: Մ. Նալբանդյանը մասնակցում էր արևմտահայերի հասարակական պայքարին, սատարում սահմանադրական գործիչներին, հատկապես Հ. Սվաճյանին ու նրա համախոհներին: Նրա առաջադիմական հրապարակախոսությունն ու գրական ստեղծագործությունները խոր հետք թողեցին հայ հասարակական մտքի և գրականության զարգացման հետագա ընթացքի վրա:

Արևմտահայ իրականության մեջ առաջադիմական գաղափարներ էին քարոզում Մկրտիչ Խրիմյանը (1820-1907), «Մեղու» պարբերականի խմբագիր Հարություն Սվաճյանը (1831-1874): Հ. Սվաճյանը համազգային միասնության ջերմ պաշտպանն էր և Մ. Նալբանդյանի հետ ունեցած իր կապերով նպաստում էր արևմտահայ և արևելահայ հատվածների հոգևոր-մշակութային մերձեցմանը:

Հ. Սվաճյանի գաղափարակիցն էր Զմյուռնիայի հայ գաղթավայրում գործող Գրիգոր Չիլինկիրյանը (1839-1923): Նա իր խմբագրած «Ծաղիկ» հանդեսում ընդդիմացել է աշխարհիկ ու հոգևորական վերնախավի կամայականություններին: Պաշտպանել է սահմանադրությունը՝ վկայակոչելով եվրոպական մտածողներին:

Առաջադիմական գործիչների շարքն արևմտահայ կյանքում լրացնում է Մատթեոս Մամուրյանը (1830-1901)՝ «Արևելյան մամուլ» հանդեսի խմբագիրը:

Արևելահայ հատվածում ազատամտության ներկայացուցիչ էր նաև Գրիգոր Արծրունին (1845-1892): Նա ազգային ազատագրական պայքարի համոզված կողմնակից էր: Հասարակության առաջընթացը նա կապում էր խաղաղ ընթացքի, բարենորոգումների հետ՝ մերժելով հեղափոխություններն ու սոցիալական ցնցումները: Նրա խմբագրած «Մշակ» նշանավոր թերթը պատկառելի ներդրում ունի արևելահայերի և արևմտահայերի մտավոր-մշակութայիև շփումների ու գործնական հարաբերությունների ասպարեզում: Առավել արմատական կողմնորոշում ուներ խոշորագույն գրող, հրապարակախոս Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան): Օսմանյան լծից արևմտահայության ազատագրության հնարավորությունը Րաֆֆին ակնկալում էր զինված համաժողովրդական պայքարից: Այս գաղափարի հիմնավորմանն են նվիրված նրա վեպերը: Ինչպես Գր. Արծրունին, Րաֆֆին ևս հույսեր չի կապել արևմտահայության սահմանադրության և Օսմանյան Թուրքիայի բարենորոգչական ընթացքի հետ:

Այսպիսով, հայ հասարակական մտքի ներկայացուցիչները 19-րդ դ. 60-70-ական թթ. հատուկ ուշադրություն են դարձրել հայության քաղաքական, տնտեսական ու մշակութային զարգացման խնդիրներին: Ազգի գոյատևման ու զարգացման ուղիները նրանք պատկերացնում էին կամ խաղաղ վերափոխումների՝ բարենորոգումների, կամ էլ ազատագրական զինված պայքարի միջոցով:

 

Զեյթունի 1862թ. ապստամբությունը

19-րդ դարի երկրորդ կեսի ազատագրական պայքարի ցայտուն օրինակներից է Զեյթունի ինքնապաշտպանությունը: Զեյթուն քաղաքը (և համանուն գավառը) գտնվում է Թուրքիայի տարածքում, լեռնային Կիլիկիայում: Տեղանքը դժվարանցանելի է, շրջապատված լեռներով: Վաղ ժամանակներից այստեղ հայ ազգաբնակչություն էր կենտրոնացել: Հայությունը, ապավինած իր արիությանն ու անմատչելի լեռներին, կարողացել էր դարեր շարունակ հետ մղել նվաճողներին և պահպանել էր իր կիսանկախ դրությունը: Զեյթուն գավառը և քաղաքը փաստորեն կառավարում էին հայկական ավանդական իշխանական տները, որոնք թեթև հարկ էին վճարում սուլթանական իշխանությանը: Զեյթունում և գավառում 19-րդ դարի 2-րդ կեսին բնակվում էին 35-40 հազար հայեր և շուրջ 8,5 հազար մահմեդականներ: Իր կիսանկախ վիճակով և ազգասիրական վարակիչ օրինակով Զեյթունը դարձել էր օսմանյան իշխանությունների աչքի փուշը: Վերջիններս բազմիցս փորձել էին հնազանդեցնել նրան, սակայն միշտ էլ պարտություն էին կրել: Անհաջողության մատնվեցին նաև օսմանյան կառավարության փորձերը՝ Զեյթունը դարձնել կառավարչի նստավայր և բնակիչներին պարտադրել կանոնավորապես հարկեր վճարել: 1860թ. հուլիսին կառավարությունը որոշեց փոխել իրավիճակը և վերջնականապես հնազանդեցնել զեյթունցիներին:

1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Թուրքական բանակի թիվը հասնում էր մոտ 40 հազար մարդու: Սրանց դեմ դուրս եկավ զեյթունցիների 7 հազարանոց զորախումբը, որը զինված էր ընդամենը պապենական հնաոճ հրացաններով, մահակներով ու քարերով: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Թուրքական բանակի դեմ մղվող մարտերում իրենց ռազմական տաղանդն ու քաջությունը ցուցադրեցին զեյթունցի իշխաններ Մ. Յաղուպյանը, Ն. Սուրենյանը և ուրիշներ: Իրենց սխրանքներով աչքի ընկան վարդապետ Մահտեսի Գրիգորը, Մարկոս Թաշճյանը և առհասարակ մարտնչող ողջ հայ բնակչությունը:

Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր նոր, 150-հազարանոց բանակով հարձակվել Զեյթունի վրա, հիմնահատակ անել այն և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Վերջինս ձգտում էր ուժեղացնել իր ազդեցությունը Օսմանյան Թուրքիայում, ուստի խոստացավ օգնել նրանց՝ ճնշում գործադրելով թուրքական կառավարության վրա: Փոխարենը Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց, լեռնականներն իրենց հերթին զիջումներ արեցին կառավարությանը: Նրանք այդուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից:

Այսպես ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: Հայությունը բնաշխարհում և. գաղթավայրերում նյութական միջոցներ էր հանգանակում և ուղարկում Կիլիկիա՝ աջակցելով նրա քաջակորով բնակչությանը: Զեյթունի իրադարձությունների ազդեցությամբ Վանում, Էրզրումում, Մուշում և Կ.Պոլսում տեղի ունեցան հուզումներ և հանրահավաքներ: Զեյթունցիների պայքարը նպաստեց հայ հասարակական մտքի վերելքին, գրականությունն ու հրապարակախոսությունը համակեց ազատագրական տրամադրություններով: Բանաստեղծ և հասարակական գործիչ Մ. Պեշիկթաշլյանը «Անձնվեր» ընկերության մեջ միավորված իր համախոհների հետ նյութական ու բարոյական աջակցություն էին ցույց տալիս զեյթունցիներին: Մ. Պեշիկթաշլյանը գրեց իր բանաստեղծությունների զեյթունյան շարքը, որտեղ գեղարվեստական մեծ ուժով է պատկերված զեյթունցիների պայքարը: Հ. Սվաճյանի «Մեղուն», Զմյուռնիայի «Ծաղիկը» և այլ պարբերականներ նույնպես արձագանքեցին հերոսամարտին:

 

Ռուս-թուրքական պատերազմը

1870-ականներին թուրքական տիրապետության տակ գտնվող ժողովուրդները ոտքի են կանգնում անկախություն ձեռք բերելու համար: Այդ ժամանակ թուրքական կայսրության կազմում էր գտնվում Բալկանյան թերակղզու մեծ մասը՝ Բուլղարիան, Մակեդոնիան, Բոսնիան, Հերցեգովինան: Սերբիան և Ռումինիան կիսանկախ իշխանություններ էին և ձգտում էին լրիվ անկախության: 1875 թ. ապստամբում են Բոսնիան և Հերցեգովինան, 1876-ին՝ Բուլղարիան: Այդ ապստամբությունները Ռուսաստանում առաջացրին լայն շարժում՝ «սլավոն եղբայրներին օգնելու» կարգախոսով: Ռուսաստանն օգտագործեց բալկանյան ժողովուրդների պայքարը իր քաղաքական նպատակներն իրականացնելու համար: Կ.Պոլսում մեծ տերությունների դեսպանները 1876թ. դեկտեմբերին Թուրքիային առաջարկեցին մշակել և իրագործել բալկանյան ժողովուրդների դրության բարելավման մի ծրագիր: Սուլթան Աբդուլ Համիդը, ապահովելով Անգլիայի աջակցությունը, մերժեց դեսպանների առաջարկությունը՝ այն համարելով միջամտություն իր ներքին գործերին: Դա հանգեցրեց ռուս-թուրքական պատերազմի սանձազերծմանը: 1877թ. ապրիլին ռուսական ցար Ալեքսանդր II-ը Ռումինիայի հետ պայմանագիր կնքեց Քիշնևում և, ապահովելով նրա դաշինքը, նույն օրը՝ ապրիլի 12-ին, ստորագրեց պատերազմ սկսելու մանիֆեստը:

Պատերազմը տևեց տասն ամիս: Ռազմական գործողություններն ընթանում էին Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: Պատերազմի սկզբի փոփոխական հաջողություններից հետո, Շիպկայի և Պլևնայի համար մղված մարտերում ռուսները վճռական հաղթանակ տարան և 1878թ. հունվարի 4-ին մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդիվն ու Ադրիանապոլիսը և մոտեցան Կ.Պոլսին:

Կովկասյան ռազմաճակատում հիմնական ռազմական գործողությունները վարում էր 52 հազարանոց կովկասյան կորպուսը Միխայիլ Լորիս-Մելիքովի հրամանատարությամբ:

1877թ. ապրիլի 12-ին Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հարձակման անցան երեք ուղղություններով՝ Ալեքսանդրապոլ-Կարս, Իգդիր-Բայազետ և Ախալցխա-Արդահան: Երևանյան ջոկատը հայազգի գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ապրիլին գրավում է Բայազեւոն ու Ալւսշկերտը:

1877թ. հունիսին թուրքերը մեծ ուժեր են կենտրոնացնում և պաշարում Բայազետի բերդը: Թուրքական 10.000-անոց զորքերը կատաղի գրոհներ են սկսում բերդի վրա, որը պաշտպանում էր կայազորի պետ մայոր Շտոկվիչը փոքրաթիվ ռուսական զորաջոկատի և հայ կամավորների ուժերով: Միակ փրկությունը դրսի օգնությունն էր: Պաշարվածներն իրենց վիճակի մասին ցանկանում են լուր հասցնել Տեր-Ղուկասովին, սակայն բոլոր լրատարները բռնվում են թուրքերի կողմից: Հայ կամավոր Սամսոն Տեր-Պողոսյանը, ծպտված, բրդի շորերով, անցնում Է թուրքերի մոտով և լուր է հասցնում Տեր-Ղուկասովին: Վերջինս մեծ թվով վիրավորներով և հայ գաղթական բնակչության հետ իրականացնում էր իր նշանավոր նահանջը: «Եղբայրներ,- դիմում է նա իր զինվորներին,- մերոնք սովամահ են լինում, տանջվում և մեռնում են Բայազետում: Գնանք նրանց հետ մեռնելու»: Արշակ Տեր-Ղուկասովը հասնում է Բայազետ և փրկում 23 օրվա պաշարվածներին: Պատմական այդ փաստն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Րաֆֆու «Խենթը» վեպում:

Կովկասյան ռազմաճակատի կարևոր հաղթանակներից էր Կարսի գրավումը: Պատերազմի սկզբին ռուսներն այնտեղ անհաջողության մատնվեցին: Երկրորդ անգամ այդ գործը հանձնարարվեց Հովհաննես Լազարևին, որը վճռականորեն կազմակերպեց գրոհը, հայտարարելով. «Եթե գրոհը չավարտեմ ցերեկը, կշարունակեմ գիշերը»: Իսկապես, գիշերային գրոհով գրավվեց Կարսը:

Մեծ էր պատերազմին մասնակցող հայ զորավարների թիվը՝ 7 գեներալ և ավելի քան 500 բարձրաստիճան սպա: Այդ պատերազմը ոգևորել էր և' արևմտահայերին, և' արևելահայերին: Անդրկովկասի տարբեր վայրերում ձևավորվել էին ութ զորամիավորումներ՝ բաղկացած մեծ մասամբ հայերից: Արևելահայերը Ախուրյանի վրա կամուրջ կառուցեցին ռուսական զորքերի անցումն Արևմտյան Հայաստան ապահովելու համար: Երևանի նահանգի հայությունը ռուսական զորքերին տրամադրեց հազարավոր սայլեր, ձիեր և ուղտեր: Երևանում և Ղարաքիլիսայում հայերն իրենց տները տրամադրում էին ռուսական զորքերին իբրև հոսպիտալներ, ստանձնում վիրավոր ռուս զինվորների բժշկական օգնության գործը: Արևմտահայերը ստույգ տեղեկություններ էին հաղորդում ռուսական զորամասերին թուրքական ռազմական ուժերի վերաբերյալ, կատարում էին ուղեկցորդի դեր, ստեղծում էին կամավորական ջոկատներ:

Պատերազմի երկրորդ փուլում ռուսական զորքերի հաղթանակն ակնհայտ էր: 1878թ. հունվարի սկզբներին ռուսներն առանց մարտերի գրավեցին Ադրիանապոլիսը և մտան Կ.Պոլսից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Սան-Ստեֆանո ավանը, որտեղ էլ հունվարի 19-ին կնքվեց զինադադար:

 

Սան-Ստեֆանոյի պայմանագիրը

Ռուս և թուրք դիվանագետներն սկսեցին պատրաստվել հաշտության պայմանագիր կնքելուն: Կ.Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը հանդիպեց բանակցությունների ռուսական կողմի ղեկավար Ն. Իգնատևի հետ և խնդրեց հաշտության պայմանագրում տեղ հատկացնել հայ ժողովրդի արդարացի ձգտումներին: 1878թ. փետրվարի 19-ին Սան-Ստեֆանոյում ստորագրվեց ռուս-թուրքական խաղաղության պայմանագիր: Այն անվանվեց նախնական, քանի որ ենթադրվում էր Եվրոպային վերաբերող հարցերը քննարկել համաեվրոպական վեհաժողովում: Սան-Ստեֆանոյի պայմանագիրը բաղկացած էր 29 հոդվածից, որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին: Նրանում ասվում էր. «Հաշվի առնելով, որ ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից կարող է առիթ տալ բախումների և բարդությունների, Բարձր Դուռը պարտավորվում է հայաբնակ մարզերում անհապաղ կենսագործել բարենորոգումներ և. ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»: Պայմանագրի հոդվածներում կային հայերին վերաբերող հարցեր: Դրանց համաձայն բարենորոգումները պետք է կատարվեին 6 ամսվա ընթացքում, մինչև ռուսական զորքերի դուրսբերումը և որոնց մասին թուրքերը պետք է հաշվետու լինեին ռուսական կողմին: Քանի որ Թուրքիան անկարող էր վճարել հսկա ռազմատուգանք, Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը:

16-րդ հոդվածը ոգևորեց հայությանը: Այնտեղ առաջին անգամ օգտագործվում էր Հայաստան անվանումը, և Թուրքիան խոստովանում էր, որ իր տարածքում կան հայաբնակ մարզեր: Սան-Ստեֆանոյի պայմանագիրն ուժեղացրեց Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա և բարձրացրեց նրա միջազգային հեղինակությունը: Այդ պայմանագիրը կոչվում էր «նախնական», ուստի Անգլիան ու Ավստրո-Հունգարիան եվրոպական պետությունների վեհաժողով հրավիրելու առաջարկությամբ դիմեցին Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկին: Մեծ տերությունները համաձայնության եկան Բեռլինում հրավիրել միջազգային վեհաժողով:

 

Հայկական հարցի առաջացումը

Բեռլինի վեհաժողովին արևմտահայության պահանջները ներկայացնելու համար ընտրվեց հայկական պատվիրակություն նախկին պատրիարք Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Նա իր քարտուղար և թարգմանիչ Մինաս Չերազի հետ մեկնեց Եվրոպա՝ մեծ տերությունների կառավարող շրջաններին ներկայացնելու հայ ժողովրդի ակնկալիքները: Խրիմյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների, ապա Անգլիայի պետական գործիչների հետ:

Պատվիրակության մյուս անդամը Խորեն Նարբեյն էր, որը պատրիարքի հանձնարարությամբ մեկնեց Պետերբուրգ: Նա ռուսական ցարին ներկայացնելու էր հայության խնդրանքը՝ վեհաժողովի ժամանակ դրական լուծում տալ հայ ժողովրդի ձգտումներին: Վեհաժողովի օրերին նրանք պետք է հանդիպեին Բեռլինում:

Վեհաժողովն սկսվեց 1878թ. հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին: Դրան մասնակցում էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Իբրև պարտված պետություն ներկա էր նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը Կիպրոսը Անգլիային զիջելով՝ ապահովեց նրա աջակցությունը: Պատերազմում հաղթած Ռուսաստանը Բեռլինում մնաց միայնակ, այստեղ ամեն մի պետություն հետապնդում էր իր շահը: Հայ պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին: 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի: Հոդվածից հանվեց Հայաստան անվանումը, մնաց միայն «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Այս հոդվածով ոչ մի ժամկետ չէր նշվում բարենորոգումների կատարման համար, և դրանց մասին Բ. Դուռը պետք է հաշիվ տար ոչ թե Ռուսաստանին, այլ 6 մեծ պետություններին: Սրանց միջև գոյություն ունեցող հակամարտությունները թույլ չէին տալու միասնական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ: Մեծ բանավեճեր սկսվեցին Արևմտյան Հայաստանից Ռուսաստանին անցնող տարածքների հարցում: Անգլիայի պնդմամբ Թուրքիային վերադարձվեցին Էրզրումը, Ալաշկերտի հովիտը, Բայազետը և հարակից տարածքները: Ռուսաստանին մնացին միայն Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը: Վերջին երեքից ստեղծվեց Կարսի մարզը, որը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը մնաց Ռուսաստանի կազմում:

Հայ պատվիրակությունը Բեռլինից վերադարձավ հուսախաբ: Մկրտիչ Խրիմյանն զգաց, որ աղերսաթղթերը և խնդրագրերը չեն կարող օգնել հայությանը, որ ժողովուրդը կարող է փրկվել միայն պայքարով: Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայնացվեց: Մեծ տերություններն իրենց քաղաքականությունը դարձրին Թուրքիայից որևէ պահանջ ունենալու պարագայում բարձրացնել հայկական հարցը՝ 61-րդ հոդվածի իրագործումը, արևմտահայության համար բարենորոգումներ կատարելու խնդիրը: Սուլթան Աբդուլ Համիդն զգաց այդ վտանգը և ծրագրեց հայկական հարցը վճռել յուրովի՝ զանգվածային կոտորածների միջոցով: Այդ չարիքը կանխազգացին հայ իրատես գործիչները՝ Գրիգոր Օտյանը, նաև Գարեգին Սրվանձտյանը, որոնք քարոզում էին, որ հայության ազատության խնդիրը հայ ժողովրդի ձեռքին է. «Հայաստանի մեջն է բուն հայկական խնդիրը, իսկ մենք Պեռլինի մեջ կորոնենք զայն»:

 

Զինված պայքարի գաղափարախոսության ձևավորումը

Բեռլինի վեհաժողովի արդյունքներից հուսախաբ հայության մեջ աստիճանաբար հասունանում էր այն գաղափարը, որ ապրելու և գոյատևելու իրավունքը ստանում են ոչ թե խնդրելով, այլ նվաճում են պայքարով: Այդ գաղափարախոսներից առաջինը Մկրտիչ Խրիմյանն էր, որը դեռևս 1876 և 1877 թվերին գրված աշխատություններում ժողովրդին պատրաստում էր պայքարի: Նա գտնում էր, որ «ցանկալի ազատությունը» նվաճելու համար անհրաժեշտ է «արյուն թափել»: Բեռլինի վեհաժողովից հետո նա ավելի համոզվեց դրանում: Թողնելով Օսմանյան կայսրության մայրաքաղաքը՝ նա մեկնեց Արևմտյան Հայաստանի նշանավոր Վան քաղաքը, ուր ավելի ուժգին սկսեց քարոզել զինված պայքարի գաղափարը:

Ազատագրական պայքարի գաղափարներ էր արծարծում նաև Թիֆլիսում լույս տեսնող «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունին: Նա գտնում էր, որ արևմտահայ գյուղացին մի ձեռքով պետք է մուրճ ու արոր բռնի, իսկ մյուսով՝ հրացան: Միայն այդպես է հնարավոր պաշտպանել ազգի գոյությունը: Զինված պայքարի գաղափարախոսներ էին նաև հայ գրողներ Րաֆֆին, Ռաֆայել Պատկանյանը, Ծերենցը, Մուրացանը: Իր հրապարակախոսական հոդվածներով և գեղարվեստական ստեղծագործություններով («Ջալալեդդին», «Խենթը», «Կայծեր» վեպերով) Րաֆֆին բարձրացնում էր զենքի միջոցով ազատագրվելու գաղափարը: Ռաֆայել Պատկանյանը խորհում էր իր ժողովրդի թույլ ձեռքի մեջ պողպատե սուր դնելու մասին: Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպի հերոսը ապացուցում էր, որ «մի ծաղկով էլ գարուն կգա», այսինքն՝ նույնիսկ մեկ անձը կարող է ժողովրդի մեջ ազատության հուր բորբոքել: Ծերենցի «Երկունք Թ դարու» վեպի հերոս Խութեցի Հովնանը գլխավորում է տեղի հայության պայքարը արաբ նվաճողների դեմ: Այդ հերոսների օրինակով հայ գրողները ժողովրդի մեջ աստիճանաբար ներարկում էին զինված պայքարի ելնելու գաղափարը: Այդ մտայնությունը նպաստեց ազատագրական նպատակներ հետապնդող խմբակների ստեղծմանը:

 

Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները

Եվրոպական առաջադիմական գաղափարների ներթափանցումը հայության մեջ խթանել էր արևելահայ մտավորականությանը ուղիներ որոնել արևմտահայության ազատագրության համար: Այդ նպատակով 1869թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի) ստեղծվեց «Բարենպատակ ընկերությունը» ուսուցիչ Արսեն Կրիտյանի ղեկավարությամբ, իսկ 1874թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» խմբակը: Այս խմբակի անդամներից մեկը երկու անգամ եղել էր Արևմտյան Հայաստանում: 1876թ. այս երկու խմբակներն էլ հայտնաբերվեցին ցարական կառավարության կողմից և ցրվեցին, իսկ Արսեն Կրիտյանը բանտարկվեց, զրկվեց ուսուցչություն անելու իրավունքից:

1882թ. մի խումբ հայ ուսանողներ Մոսկվայում հիմնադրեցին «Հայրենասերների միություն» կազմակերպությունը, որը գտնվում էր ռուս հեղափոխական նարոդնիկների ազդեցության տակ: Կազմակերպությունն ուներ իր տպագիր օրգանը՝ «Ազատության ավետաբեր» լրագիրը, որը հայ իրականության առաջին քաղաքական թերթն էր: Այդ կազմակերպությունն ունեցավ մի քանի տարվա կյանք:

Ազատագրական գաղափարները նոր ուժով բորբոքվեցին Վանում, երբ Բեռլինի վեհաժողովից հիասթափված Խրիմյանը 1879թ. վերադարձավ Վան: Այստեղ էր նաև վարժապետանոց բացած Մկրտիչ Փորթուգալյանը և Վանի ռուսական փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականը: Նրանց հովանավորությամբ 1879թ. վերջին Վանում ստեղծվեց «Սև խաչ» գաղտնի ընկերությունը, որն ուներ իր լեգալ և անլեգալ օրգանները: «Սև խաչի» գործունեությունը աստիճանաբար մարեց, երբ կառավարությունը Վանից հեռացրեց Մկրտիչ Փորթուգալյանին և Մկրտիչ Խրիմյանին, իսկ փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականին փոխադրեցին այլ վայր: Որոշակի առկայծումներով «Սև խաչը» իր գոյությունը պահպանեց մինչև 1880-ական թվականների կեսը:

Գաղտնի կազմակերպություններից էր նաև 1881թ. ստեղծված Էրզրումի կամ Կարինի «Պաշտպան հայրենյացը»: Նրա ղեկավար մարմինը կոչվում էր Գերագույն խորհուրդ: Այն բաղկացած էր յոթ հոգուց, մեկը՝ խորհրդակցական, վեցը՝ հիմնական ձայնի իրավունքով: Կազմակերպությունն ստեղծվել էր խիստ գաղտնիության պայմաններում: «Պաշտպան հայրենյացը» ինքնապաշտպանական նպատակներով ստեղծված կազմակերպություն էր, որի հիմնական շարժիչ ուժը քաղաքի և գյուղի արհեստավորները և երկրագործներն էին: Նրա հիմնադիր անդամներից Խաչատուր Կերեկցյանը մեկնեց Վան և Մ. Խրիմյանի միջոցով կապ հաստատեց «Սև խաչի» անդամների հետ: Կարինի հոգևոր առաջնորդ Մաղաքիա Օրմանյանը օգնում էր կազմակերպությանը ֆինանսական միջոցներով և խորհուրդներով: Կազմակերպությունը կապեր հաստատեց նաև Կ.Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի և «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծրունու հետ: 1882թ. կազմակերպությունը պատահաբար հայտնաբերվեց կառավարության կողմից: Սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Նրանց դատավարությունն սկսվեց 1883թ. ամռանը: Դա առաջին քաղաքական դատն էր հայերի նկատմամբ: Թուրքական պատժաչափերը ոչ ոք չկրեց: Պատրիարքի միջամտությամբ նրանց մեծ մասը 1884թ. հուլիսին ազատվեց: «Պաշտպան հայրենյացը» փառաբանվեց ժողովրդի կողմից. Նրա մասին երգեր հյուսվեցին: Մեր ժամանակներն է հասել «Ձայն մը հնչեց Էրզրումի Բարձր հայոց լեռներեն» երգը:

80-ական թվականներին ստեղծվեցին բազմաթիվ այլ կազմակերպություններ, որոնք ժողովրդի մեջ արթնացնում էին ազգային համախմբման, ինքնագիտակցության և պայքարի գաղափարներ:

 

Արմենական կուսակցություն

Գաղտնի կազմակերպությունների ստեղծումը պարարտ հող նախապատրաստեց ազգային կուսակցությունների առաջացման համար: Առաջին հայ քաղաքական կուսակցությունը ծնունդ առավ Վանում, որտեղ դեռևս չէին մարել «Սև խաչի» գործունեության կայծերը: Իբրև քաղաքական անբարեհույս անձ Վանից արտաքսվելուց հետո Մկրտիչ Փորթուգալյանը հաստատվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում և սկսեց հրատարակել «Արմենիա» թերթը: «Սև խաչի» նախկին անդամները, որ հուսալքվել էին Մկրտիչ Փորթուգալյանի արտաքսումով, աստիճանաբար նորից համախմբվեցին, և 1885թ. խիստ գաղտնիության պայմաններում Վանում ծնվեց առաջին քաղաքական կուսակցությունը: Նրա անդամները ուսուցչի հրատարակած թերթի անունով կուսակցությունը կոչեցին Արմենական: Կուսակցության փաստական ստեղծողը և ղեկավարը Մկրտիչ Թերլեմեզյանն էր, որը հետագայում հոր անունով կոչվեց Ավետիսյան: 1890-ականներին ստեղծած իրենց առաջին ծրագրում իբրև կուսակցության առաջնային նպատակ մատնանշում էին թուրքական բռնապետությունը հեղափոխության միջոցով տապալելու անհրաժեշտությունը: Նրանք գտնում էին, որ պետք է ժողովրդին նախապատրաստել հեղափոխության համար, զինախմբեր ստեղծել: Ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար անհրաժեշտ էր զենք հայթայթել: «Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը:

Արմենականների գործունեությունը Վանում մեծ թափ ստացավ 1890-ական թվականների երկրորդ կեսին, թուրքական կառավարության ձեռնարկած զանգվածային կոտորածների ժամանակ: 1896թ. Վանի ինքնապաշտպանական մարտերը ղեկավարում էր Մկրտիչ Ավետիսյանը: Նա իր շուրջը համախմբեց ոչ միայն արմենականներին, այլև դաշնակցականներին ու հնչակյաններին և ուժգին հակահարված տվեց թուրքական ուժերին: Մի խումբ երիտասարդների հետ Պարսկաստան անցնելու ճանապարհին նա զոհվեց: Ծանր կորուստներ ունեցած կուսակցությունն իր գոյությունը պաշտպանեց մինչև 20-րդ դարի երկրորդ տասնամյակը: Նա մեծ մասնակցություն ունեցավ 1915թ. Վանի ինքնապաշտպանական մարտերին, իսկ 1921թ., միավորվելով այլ քաղաքական ուժերի հետ, ստեղծվեց Ռամկավար-ազատական կուսակցությունը:

 

Հնչակյան կուսակցություն

1887թ. Ժնևում սովորող մի խումբ ուսանողներ հայտարարությամբ դիմում են «Արմինիայի» խմբագիր Մ. Փորթուգալյանին: Նրանք առաջարկում էին համախմբել ազգային-ազատագրական ուժերը և ստեղծել միասնական հեղափոխական կուսակցություն: Փորթուգալյանը տպագրում է այդ հայտարարությունը, սակայն մերժում առաջարկը: Դրանից հետո Ժնևի խումբը հեռանում է «Արմենիայից» և հենց 1887թ. հրատարակում «Հնչակ» թերթը, որն այդպես էր կոչվում Գերցենի և Օգարյովի «КОЛОКОЛ» թերթի նմանությամբ: Նրա ղեկավար անդամներն էին Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանազատը և ուրիշներ:

Նրանք գտնվում էին ռուս նարոդնիկների ազդեցության տակ, որոնց պայքարի եղանակները, հատկապես ահաբեկչությունը, գրավում էին հնչակյաններին: Նրանք կապված էին նաև Ժնևում գործող Գ. Պլեխանովի «Աշխատանքի ազատագրություն» մարքսիստական խմբի հետ: 1888թ. «Հնչակ» թերթում հրատարակվում է կուսակցության ծրագիրը, որի մեջ նախատեսվում էին գործունեության հեռավոր և մոտակա նպատակները: Մոտակա նպատակը թուրքական բռնապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր, իսկ նրա իրագործման միջոցներն էին ագիտացիան, պրոպագանդան և տեռորը: Արևմտյան Հայաստանն ազատագրելուց հետո նախատեսվում էր պարսկահայերի, ռուսահայերի ազատագրումը: Հայության հատվածների միավորումից պետք է ստեղծվեր դեմոկրատական հանրապետություն: Հեռավոր նպատակը սոցիալիզմի կառուցումն էր ողջ մարդկության համար, որը վերջ կդներ մարդու շահագործմանը մարդու կողմից: «Հնչակում» հրատարակված այդ ծրագիրը հայտարարեց կուսակցության ստեղծման մասին: 1889թ. նրանց ներկայացուցիչը մասնակցեց II ինտերնացիոնալի հիմնադիր ժողովին: Նույն թվին էլ Խանազատն ու Կաֆյանը մեկնեցին Կ. Պոլիս, հանդիպումներ ունեցան նշանավոր հասարակական-քաղաքական գործիչների հետ: Նրանցից Արփիար Արփիարյանին ոգևորեց ծրագրի Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցը, և նա իր ողջ խմբով մտավ հնչակյան կուսակցության մեջ:

1890թ. Տրապիզոնում ստեղծվեց հնչակյան առաջին մասնաճյուղը, որը կապեր հաստատեց Կ.Պոլսի հնչակյանների հետ: Միացյալ ջանքերով 1890թ. հուլիսի 15-ին կազմակերպվեց Գում-Գափուի ցույցը, որը գնդակոծվեց կառավարության կողմից: Կուսակցության ու… Продолжение »

Создать бесплатный сайт с uCoz